Ինչո՞ւ են Միրզոյանն ու Բայրամովը հաճախակիացրել հեռախոսազրույցները
Նախօրեին հայտնի դարձավ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները:
«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր»,- արձանագրված է հաղորդագրությունում։
Ուշագրավ է նաև հանգամանքը, որ սա այս ամսվա երկրորդ Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցն է։ Ավելի վաղ՝ մարտի 5-ին ևս Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ «Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում։ Ի դեպ, այս հեռախոսազանգը տեղի էր ունեցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած պատերազմից մի քանի օր անց։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև վերջին հեռախոսազրույցները տեղի են ունենում մի փուլում, երբ տարածաշրջանային անվտանգային միջավայրը կտրուկ փոխվել է ու դեռ փոխվում է։ Իրանի շուրջ սրվող իրավիճակը և ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունները Իրանի դեմ Հարավային Կովկասը վերածում են ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության գոտու, ինչն անխուսափելիորեն ազդում է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների տրամաբանության վրա։
Այս իրավիճակում երկու նախարարների շփումներն առաջին հայացքից կարող են ընկալվել՝ որպես, այսպես կոչված, խաղաղության գործընթացի քննարկման շարունակություն, սակայն իրականում դրանք կարծես ավելի խորքային բովանդակություն ունեն։ Առաջինը՝ կողմերը փորձում են պահպանել արդեն ձեռք բերված բանակցային դինամիկան։ Շփումների շարունակականությունը կարևոր է կարծես կողմերի համար՝ ցույց տալու, որ նույնիսկ լայն տարածաշրջանային ճգնաժամը չի դադարեցնում երկկողմ գործընթացը, քանի որ ակնհայտորեն անմիջական հարևանությամբ ստեղծված իրավիճակը շատ գործընթացներ Հարավային Կովկասում կարող է սառեցնել, վիժեցնել կամ հետաձգել։
Երկրորդ կարևոր ուղղությունը տարածաշրջանային ռիսկերի շուրջ քննարկումներն են։ Իրանի շուրջ զարգացումները զգայուն են թե Հայաստանի, և թե հատկապես Ադրբեջանի համար, որն արդեն իսկ բախվել է միջադեպերի Նախիջևանում։ Երրորդ՝ քննարկումները վերաբերում են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։ Միրզոյան-Բայրամով շփումները նաև հետագա բանակցային և համագործակցության ձևաչափերի «կոորդինացման» փորձ են։ Ամենակարևորն այն է, որ ներկայիս փուլում Հարավային Կովկասում Հայաստան-Ադրբեջան գործընթացը, լինելով ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի մաս, շարունակում է գտնվել միջազգային զարգացումների ազդեցության տակ։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մտահոգություններ չունենալ Իրանի դեմ սկսված պատերազմի ֆոնին, քանի որ այն ուղիղ անդրադառնում է այն գործընթացի վրա, որն ամիսներ առաջ սկսվել է Սպիտակ տանը։

Նախ, նրա կարծիքով, ԱՄՆ միջնորդությամբ սկսած գործընթացի և պայմանավորվածությունների իրագործման որոշ պրակտիկ հարցերի ժամկետներ կերկարաձգվեն, քանի որ Սպիտակ տունը զբաղված է այլ ուղղություններով։
«Բացի այդ, Իրանի շուրջ լարվածությունը կարող է ինչպես արագացնել գործընթացը՝ ստիպելով կողմերին շտապել համաձայնության, այնպես էլ, հակառակը՝ սառեցնել այն, եթե մեծ ուժերի հակադրությունը խորանա։ Այս երկակիությունն է ներկայումս առանցքային գործոնը, որը կողմերին շփումների ու գլոբալ զգուշավորության է մղում։
Այս նախարարական հեռախոսազրույցները պարզապես շփումներ չեն։ Դրանք փորձ են՝ պահպանելու բանակցային առաջընթացը, կառավարելու նոր անվտանգային ռիսկերը և վերադասավորելու դիրքերը փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում։ Հարավային Կովկասը մտել է մի փուլ, որտեղ խաղաղության գործընթացն այլևս չի որոշվում միայն Երևանի և Բաքվի միջև, այլ նաև՝ Թեհրանի, Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև զարգացումների տրամաբանությամբ։
Ինչպես քննարկել ենք բազմիցս, այս ամենում ոչ պակաս էական դերակատարություն կարող է ունենալ Թեհրանի դիրքերի փոփոխությունը։ Ներկայումս Իրանը պահպանում է իր դիրքերը, դա տարածվում է նաև Հարավային Կովկասի միտումների վրա, նույնը վերաբերում է նաև ԱՄՆ-ին»,- ասաց նա։



