Վախով երկիր կառավարելը շատ վտանգավոր բան է․ Վահան Զանոյան
168 TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է։
Զրույցում Վահան Զանոյանն անդրադարձել է իշխանությունների փոխանցած ուղերձներին՝ խաղաղության օրակարգերին, «իրական» Հայաստանի գաղափարախոսությանը, TRIPP-ի ու թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգերի հետ սինխրոնացման հեռանկարին, ինչպես նաև՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հնարավորությանը, եկեղեցու դեմ մեկնարկած պրոցեսներին և ներքին ու արտաքին այլ մարտահրավերներին։

– «Իրական Հայաստան»-ի խորհրդանիշ դեղին քարտեզը Փաշինյանը չհայտարարված նախընտրական արշավի ժամանակ հրամցնում է քաղաքացիներին. Սա, ըստ Ձեզ, պրագմատիզմի խորհրդանի՞շ է՝ ինչպես մեզ համոզում են իշխանությունները, թե՞ իշխանությունների անօգնականությունը, որ փոխանցում են քաղաքացիներին՝ մեզ մեր պատմական իղձերից, ազգային արժեքներից զրկելու տեսլականով։
– Այն, ինչը որ հեշտությամբ ծռվում է, չի կտրվում․ մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը ծռելու մասին է, որ իբր չկտրվենք։ Ավելի մեծ զիջումներ են կատարում, քան պետք է՝ նոր պատերազմից խուսափելու համար։
Ըստ իս՝ «իրական» Հայաստանի գաղափարախոսությունը միայն պրագմատիկ, հաջորդ պատերազմից խուսափելու քաղաքականություն չէ, այլ ամբողջ հայ ժողովրդի հավաքական գիտակցությունը և հիշողությունն արմատական ձևով փոխելու մասին է։
Եթե նայենք այս գաղափարախոսությանը մանրամասնորեն, շատ ճշմարտություններ կան, օրինակ՝ պետությունն իրապես բացարձակ արժեք է, բայց ճշմարտությամբ է սկսվում, ու այդ ճշմարտություններից հետո գալիս են այնպիսի եզրակացություններ, որոնք անհեթեթ են․ ասվում է՝ պետությունը հայրենիք է, այո, բայց միայն պետությունն է հայրենիք, այսինքն՝ այդ 29740,3 կմք-ից դուրս ինչ որ կա՝ պատմական կամ ներկա որևէ արժեք, հիշողություն, գիտակցություն, ազգային դատեր, կապ չունի այդ հայրենիքի հետ և այդ պետության հետ։
– Ինչո՞ւ են տարանջատում ազգը, հայրենիքը, պետությունը։
– Մեր ամենամեծ ճգնաժամն այսօր ազգային շահերը և օրակարգը տարանջատել է պետական շահերից և օրակարգից։ Ես 35 տարի տարբեր երկրների անվտանգության խորհրդատու եմ եղել և չեմ հանդիպել մեկ հաջողած երկիր, ուր ազգային շահերն այդ աստիճան կբաժանվեն պետական շահերից։
Այսպես բան չկա աշխարհի մեջ՝ որևէ տեղում, որևէ երկրում․ նույնիսկ Թուրքիան չունի սա։
Պատերազմը կանխելը խելացի գործ է, բայց այդ պատերազմը կանխելու համար, եթե պետք է որոշ քայլեր, մենք այդ որոշ քայլերից 15 000 անգամ ավելին ենք անում․ դա է խնդիրը, ու երկարաժամկետ ձևով ավելի նոր վտանգներ ենք ստեղծում։

– Այսինքն՝ զիջումներն ավելի շատ են, քան պե՞տք է լինեն։
– Շատ ավելի շատ են, քան պետք է լինեն։ Օրինակ, ի՞նչ կապ ունի ասել, որ մենք պատմական արդարության հետևից չենք ընկնում։ Տարբեր բան է ասել՝ մենք պատմական արդարության հետևից ընկնում ենք, մեր հողերը պահանջում ենք, բայց ինչո՞ւ ասել, որ պետք չէ, մենք չենք հետապնդում, Ցեղասպանության մասին էլ չխոսենք։
– Ասում են՝ մեր առաջնահերթությունը չէ, իսկ նախօրեին Արցախի թեմայի համատեքստում, երբ ճեպազրույց ունեցավ Փաշինյանը, նշեց, որ վնասակար խոսույթ է՝ հիշելն Արցախի «էթնիկ զտման» մասին։
– Հիմա ես այն տպավորություն ունեմ․ որ ամեն քաղաքականություն կամ ռազմավարություն, որ այսօր Երևանում ընդունվում է, զուտ վախի արդյունք է՝ ոչ թե պետությունը երկարաժամկետ ամրապնդելու հետաքրքրությամբ ստեղծված։
Վախով երկիր կառավարելը շատ վտանգավոր բան է։

Մանրամասները՝ տեսանյութում



