Սպանություն Գորիսում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, ըստ որի «Կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անութափոսի վերք՝ հրազենային բնույթի» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966թ.ծնված բնակիչը, մահացած վիճակում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: