Պարտքերի վրա նստած տնտեսություն
Հայաստանի տնտեսությունը նստած է պարտքերի վրա։ Եթե չլինեին այն հսկայածավալ պարտքերը, որոնք այսօր ներգրավում են բյուջետային ու տնտեսական խնդիրները լուծելու համար, մեր տնտեսությունն ընդհանրապես աճ չէր ունենա։
Ավելի շատ պարտք են ներգրավել, քան լրացուցիչ ՀՆԱ ստեղծել։ Սա նշանակում է, որ տնտեսության մեջ իրական զարգացումներ պարզապես չկան։
Հայաստանի տնտեսության ակտիվության աճն այս տարի կազմել է ընդամենը 4,4 տոկոս։
4,4 տոկոսը նույնիսկ տնտեսական աճը չէ։ Բայց եթե համարենք, որ այդքան տնտեսական աճ ունենք, ապա դա էլ անհամեմատ ավելի քիչ է, քան այն արտաքին ու ներքին պարտքերը, որոնք իշխանություններն այս տարվա ընթացքում ներգրավել են։
Խոսքը ոչ միայն տոկոսային, այլև անվանական աճի մասին է։
Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին 9 ամիսներին մեր պետական պարտքը ավելացել է 1 մլրդ 69 մլն դոլարով։ Պարտքը տարեսկզբից ավելացել է 13 տոկոսով։ Այն դեպքում, երբ տնտեսական ակտիվության աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս։ Պարտքի աճի տեմպը գրեթե 3 անգամ ավելի բարձր է։
Նույնիսկ անվանական արտահայտությամբ պարտքը ավելի արագ է աճել, քան ՀՆԱ-ն։
Անցած տարվա վերջին Հայաստանի ՀՆԱ-ն կազմեց 6 տրիլիոն 181 մլրդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ 12,8 մլրդ դոլար։ Եթե համարենք, որ այս տարվա ընթացքում այն 4,4 տոկոսով ավելացել է, ապա կստացվի 6 տրիլիոն 455 մլրդ դրամ կամ 13,4 մլրդ դոլար։ Աճը կազմում է շուրջ 600 մլն դոլար։ Այն դեպքում, երբ այդ ընթացքում պետական պարտքը ավելացել է 1 մլրդ 69 մլն դոլարով։
Այսինքն՝ եթե ոչինչ չարվեր և միայն ներգրավված գումարները ներդրվեին ՀՆԱ-ում, ապա ՀՆԱ աճն ավելի մեծ կլիներ, քան կա։ Սա է մեր տնտեսության պատկերը։
Իրական տնտեսական զարգացումներ չկան։ Եթե պարտքի այսպիսի մեծածավալ ներգրավումն էլ չլիներ, ապա տնտեսական աճը զրոյից բարձր չէր ձգի։
Տնտեսության իրական հատվածում, նույնիսկ այդպիսի ներարկումներից հետո, գրեթե աճ չունենք։ Ինչպես հայտնի է, գյուղատնտեսությունն անկումային է, իսկ արդյունաբերության աճը մոտ է զրոյին. 9 ամսում՝ ընդամենը 0,7 տոկոս։ Մշակող արդյունաբերության ճյուղում ունենք 0,6 տոկոս անկում, հանքագործական արդյունաբերության մեջ՝ 0,1 տոկոս աճ։
Արդյունաբերության աճի մյուս մասն ապահովվել է, այսպես կոչված՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման հատվածում։ Աճը կազմել է 9 ամսում 7,3 տոկոս։ Դա էլ հիմնականում՝ սպառման ծավալների ավելացման հաշվին։
Տնտեսության մեջ եղած 4,4 տոկոս տնտեսական ակտիվության աճը կրկին նստած է առևտրի, ծառայությունների և շինարարության վրա։ Այն էլ եղել է հիմնականում անցած տարվա խորը անկման և ցածր բազայի ֆոնին։
Անցած տարվա 9 ամիսներին առևտրի անկումը կազմել էր 11,4 տոկոս, այս տարի աճը կազմել է 6,4 տոկոս։ Գրեթե կրկնակի ցածր, քան անցած տարվա անկումն էր։
Ծառայությունների ոլորտում անցած տարի ունեինք 11,7 տոկոս անկում, այս տարվա վերականգնումը կազմել է 5,4 տոկոս։ Կրկնակի ավելի շատ, քան անցած տարվա անկումն էր։
Նույնը՝ նաև շինարարության դեպքում։ Շինարարության ծավալները տարվա կտրվածքով ավելացել են 6,4 տոկոսով, բայց անցած տարվա 15,7 տոկոս անկման ֆոնին։
Ակնհայտ է, որ նույնիսկ այն ոլորտներում, որտեղ այս տարի աճ ունենք, դրանք դեռ բավական հեռու են ամբողջությամբ վերականգնվելուց։
Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Խնդիրը մեր տնտեսության ու տնտեսական աճի կառուցվածքի և որակի մեջ է։
Տնտեսական աճը նստած է այնպիսի ճյուղերի վրա, որոնց ստեղծած ՀՆԱ-ն որակ չունի։
Բացառությամբ շինարարության, մյուս ճյուղերում ՀՆԱ աճը զուտ սպառման վրա հիմնված աճ է։ Դրանց իրական տնտեսական արդյունքն այն չէ, ինչ պետք է։
Ի վերջո, իշխանությունները կարծես հասկացել են այս պարզ ճշմարտությունը։ Կամ ձև են անում, որ հասկացել են։ Ամեն դեպքում, վերջերս, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի։
Լավ է, այլ բան, կստացվի՞, թե՞ ոչ։ Երեք-չորս տարի էլ թմբկահարում էին ներառական տնտեսական աճի գաղափարը։ Այդպես էլ հասարակությունը չտեսավ այդ աճի արդյունքները։
Նախկինում էլ կառավարությունը բազմիցս հայտարարել է տնտեսության կառուցվածքը փոխելու մասին, շատ հաճախ՝ ցանկալին ներկայացնելով իրականության տեղ։ Բայց արդյունքում հիմա մեր տնտեսության ու տնտեսական աճի կառուցվածքը շատ ավելի վատն է, քան նախկինում էր։
Նույն արդյունաբերության մեջ մշակող հատվածի կշիռը կրճատվել է՝ ի հաշիվ ընդերքի շահագործման ծավալների ավելացման։ Մինչդեռ՝ ճիշտ հակառակը պիտի լիներ։
Տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մեր տնտեսության ոչ միայն որակն ու կառուցվածքն է վատ, այլ դիմադրողականությունն է շատ ցածր։
Տնտեսության առանցքային ու կարևոր ճյուղերը չդիմացան ճգնաժամի հարվածին ու մինչև հիմա էլ չեն կարողանում վերականգնվել։ Իսկ որոնք ինչ-որ տեղ դիմացան ու այսօր էլ քաշում են տնտեսական, թեկուզ ցածր աճի բեռը, որակյալ չեն։
Մեզ որակյալ տնտեսական աճ է պետք, ինչին կարելի է հասնել իսկապես ներդրումների ու տեխնիկական վերազինման միջոցով։ Բայց պետք է կարողանալ բերել այդ ներդրումները։ Մինչև հիմա դա չի հաջողվել անել իշխանությանը, չնայած իշխանափոխությունից գրեթե 4 տարի է անցել։ Ու քանի որ չի հաջողվել, ստիպված գնացել վարկեր են վերցրել։
Միայն իշխանափոխությունից հետո երկրի վարկային բեռն ավելացել է առնվազն ևս 2 մլրդ դոլարով։ Ավելի շատ, քան այդ ընթացքում ստեղծված ՀՆԱ-ն է։
Այսպիսին է մեր տնտեսության կառուցվածքն ու աճի որակը։ Տնտեսությունը ճռռում է վարկերի տակ, ու դրանք են, որ դեռ թույլ են տալիս որոշ աճ ապահովել։ Դժվար է ասել, թե առանց այդ վարկերի, հիմա ուր կլիներ մեր տնտեսությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ