Թրամփն Իսրայելին խնդրել է նվազեցնել Լիբանանին հարվածները. Նեթանյահուն արտոնել է Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Լիբանանում՝ Պակիստանում Իրանի հետ խաղաղության բանակցություններին ընդառաջ։ Այս մասին նա ասել է NBC News-ի հետ հեռախոսային հարցազրույցում։
«Ես խոսել եմ Բիբիի (խմբ.՝ Նեթանյահուի) հետ, և նա պատրաստվում է զուսպ վարվել։ Ես պարզապես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի զուսպ լինենք», – ասել է նա։
Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, և Իսրայելը կշարունակի հարվածել Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման զինյալներին, մինչև Իսրայելի հյուսիսում անվտանգությունը վերականգնվի։
Միևնույն ժամանակ Նեթահյահուն հայտարարել է, որ թույլատրել է Լիբանանի հետ «հնարավորինս շուտ» ուղիղ բանակցություններ սկսել՝ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու և կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակով։
Ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետևանքով առնվազն 303 մարդ է զոհվել։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 9 ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1888-ի, իսկ վիրավորներինը՝ 6092-ի։



