Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. տուժած չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան:
Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ այս պահին միայն մեկ չափահաս հիվանդ է մնում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Բուժհաստատությունից տեղեկացրեցին, որ Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված հինգ անչափահաս քաղաքացիներից երկուսը հիվանդանոց ընդունվել էին արդեն մահացած։ Մյուս երեք անչափահասների վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը տեղափոխվել է Երևան ավելի վաղ, իսկ երկուսն՝ ավելի ուշ։
Նույն ժամանակահատվածում Գյումրու բժշկական կենտրոն ընդունվել են նաև երեք չափահաս քաղաքացիներ։ Նրանցից մեկը մահացած է եղել, մյուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, նրա տեղափոխումն այս պահին կազմակերպվում է սանավիացիայի միջոցով: Երրորդ չափահաս տուժածի վիճակն էլ գնահատվում է ծանր, նա բուժում է ստանում Գյումրու բժշկական կենտրոնում։
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50-ի սահմանում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով մահացել է վեց մարդ։



