Ռուսաստանը ոչ թե հրադադար է ցանկանում, այլ խաղաղություն. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Զատկի տոների առթիվ Ուկրաինայի հետ նախատեսվող հրադադարին՝ նշելով, որ այն «բացառապես հումանիտար բնույթ» է կրում։ Ոյս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Պեսկովին նաև հարց են ուղղել՝ արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանը չշարունակի հարվածները նաև Զատկի առթիվ հայտարարված հրադադարից հետո։
«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, և ինչպես նախագահ Պուտինն է ասել, մենք ոչ թե հրադադար ենք ցանկանում, այլ խաղաղություն՝ երկարատև, կայուն։ Եվ այդ խաղաղությունը կարող է գալ այսօր, եթե նախագահ Զելենսկին համապատասխան որոշում ընդունի, պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշում ընդունի։ Այդ մասին բազմիցս խոսվել է», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը չի մանրամասնել՝ ինչ որոշման մասին է խոսքը: Նա նախկինում հայտարարել էր, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հրամայի դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզի այն տարածքներից, որոնք դեռևս չեն անցել Ռուսաստանի վերահսկողության տակ։
Զելենսկին կտրականապես բացառում է տարածքային զիջումները. դա ամենաբարդ հարցն է ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններում, որոնք կասեցվել են Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։



