«Տեսանյութը ցույց է տալիս իրականությանը մոտ պատկեր, սակայն այն Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ավերածությունների շատ չնչին մասն է». Հովիկ Ավանեսով

Մոտ մեկ ամիս առաջ հարավկորեացի ճանապարհորդական բլոգեր ՅանգՄին Սկիեսը, ով եղել է աշխարհի 129 երկրում, այցելել էր նաև Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Արցախ։ Նա իր յութուբյան ալիքում տեսանյութ էր հրապարակել այցի, Արցախի ու այնտեղ տիրող իրավիճակի մասին՝ կիսվելով անձնական տպավորություններով։

Նա իր տեսանյութում խոսում է, թե ինչպես են հայերը դարեր շարունակ ապրել Արցախում, իսկ 2023 թվականին մեկ օրով ամբողջ Արցախը դատարկվել է, հայերը ստիպված լքել են իրենց տները։ Նա տեսանյութի մեջ նաև ընդգծում է, որ հայկական ներկայությունն Արցախում  համակարգված ոչնչացվում է, կառույցները քանդվում կամ վերակառուցվում են, տեղանունները՝ փոխվում, այն ամենը, ինչ հիշեցնում է նախկին բնակիչներին, հետևողականորեն անհետանում է։

Հարավկորեացի բլոգերի տեսանյութը շատերին էր ցնցել, շատերն ականատես եղան, թե ինչ է անում Ադրբեջանն Արցախում՝ ոչնչացնում ու ձևափոխում է  բոլոր հայկական հուշարձանները, քանդում գերեզմանոցները, եկեղեցիները։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը դրական է գնահատում, որ օտարերկրացին սեփական աչքով տեսածը ներկայացնում է աշխարհին, բայց ցավում է, որ քաղաքակիրթ աշխարհի կողմից այդ ամենը պատշաճ արձագանք չի ստանում։

Կարդացեք նաև

«Այս տեսանյութում առկա վանդալիզմների դեպքերին միջազգային որևէ կառույց չի արձագանքել, թեպետ միջազգային որևէ կառույցից արձագանքի չէինք էլ սպասում։ Բայց դրականն այն է, որ այդ տեսանյութը մեծ արձագանք գտավ տարբեր սոցիալական հարթակներում։

Այստեղ մեկ բան է ակնհայտ, որ այդ տեսանյութերն ըստ անհրաժեշտության կօգտագործվեն, դրանք կարող են նպաստել իրազեկման մակարդակի բարձրացմանը միջազգային հանրության մոտ։ Այդ տեսանյութը ցույց է տալիս իրականությանը մոտ պատկեր, սակայն այն, ինչը մենք տեսանք տեսանյութում, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ավերածությունների շատ չնչին մասն է»,- 168.am հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։

Ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանն ավելի մեծ ավերածություններ է արել Շուշիում, Ստեփանակերտում և հասկանալի է, որ Արցախ այցելած բլոգերին և առհասարակ օտարերկրացիներին ադրբեջանական ուժային կառույցների ներկայացուցիչները հսկում են՝ թույլ չտալով շատ տեսանկարահանումներ անել Արցախում։

«Այս ամենը փաստեր են և մեզ համար հետագայում կարող են օգտակար լինել՝ իրավական գործընթացներ սկսելու պարագայում, այս և նմանատիպ տեսանյութերը կօգտագործվեն։ Առաջինը մենք արձանագրում ենք վանդալիզմի դեպքերն արբանյակային լուսանկարներով, երկրորդն ադրբեջանական լրատվամիջոցներն են, որտեղից առանձնանում են Արցախում ոչնչացված հուշարձանների դեպքերը։ Եղել են դեպքեր, երբ ադրբեջանական լրատվամիջոցներն ուղիղ եթերով հեռարձակել են, թե ինչպես են ոչնչացնում Արցախի հուշարձանները», շենքերը, ինչպես, օրինակ, ԱԺ, ԱԳՆ շենքերը, «ազատամարտիկների միության» շենքը և այլն»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։

Նրա բնորոշմամբ՝ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի դեպքերը զսպելու երկու մեխանիզմ կա, մի պարագայում արդյունավետությունը կարող է 50-60 տոկոս լինել, իսկ մյուս պարագայում՝ կունենա 100 տոկոսանց արդյունք։

Առաջին մեխանիզմն, ըստ նրա՝ այն է, որ այս դեպքերով Ադրբեջանի դեմ սկսվի իրավական գործընթաց, նաև այն անձանց դեմ, ովքեր իրականացնում են վանդալիզմ, սա հնարավոր է, քանի որ այդ անձինք մշտապես իրենց «հերոսությունը» ցույց տալու համար իրենց էլ են նկարահանում։

«Երկրորդ զսպող գործոնն այն կլինի, եթե վերադառնանք Արցախի ստատուս-քվոյին, խոսքը վերաբերում է Արցախի ամբողջական դեօկուպացիային և այնտեղ ադրբեջանական ցանկացած ներկայության։ Այս դեպքում Ադրբեջանը կդադարեցնի իր վանդալիզմը, այս պահին, իհարկե, այս ամենը հնարավոր չէ, սակայն այդ ուղղությամբ պետք է աշխատանքները չդադարեցվեն»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Նշենք, որ ավելի վաղ Հովիկ Ավանեսովը մեզ հետ զրույցում ասել էր, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի սեպտեմբեր՝ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված 800-ից ավելի վանդալիզմի դեպքեր են արդեն գրանցել, թե քանի դեպք էլ կա, որ ադրբեջանական կողմը թաքցնում է, կամ հայտնի չէ՝ չի կարող ասել։ Միայն հայտնի է, որ Ադրբեջանը մեծ թափով վանդալիզմի է ենթարկում գյուղերի ու շրջկենտրոնների հայկական հուշարձանները, ամբողջական գյուղեր ու եկեղեցիներ է ոչնչացնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930