Քիմիայի ուսուցիչները Գնահատման և թեստավորման կենտրոնի արածը համարում են «դիվերսիա»
2021 թվականի սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին կամավոր ատեստավորման գործընթացով նախատեսված գիտելիքների ստուգումներ են անցկացվել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդվող բոլոր առարկաների ուսուցիչները:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել էր, որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչ, ինչը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը` 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար:
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կամավոր ատեստավորման արդյունքում, ըստ առարկաների, հավելավճար ստացող ուսուցիչների շրջանում տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում մաթեմատիկայի ուսուցիչներն են (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 87 տոկոսը), երկրորդ տեղում՝ ֆիզիկայի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 56 տոկոսը), իսկ երրորդ տեղում հայերենի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 41 տոկոսը) ուսուցիչներն են: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից` համապատասխանաբար՝ 11 և 20 տոկոս: Ըստ մարզերի՝ ամենաբարձր արդյունքն ապահովել են, համապատասխանաբար՝ Սյունիքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 56 տոկոսը), Շիրակի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 54 տոկոսը) և Կոտայքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 52 տոկոսը) ուսուցիչները:
Քիմիայի ոլորտի ներկայացուցիչները, ուսուցիչները, սակայն, համամիտ չեն արդյունքների հետ․ նրանք Գնահատման և թեստավորման կենտրոնի արածը «դիվերսիա» են համարում իրենց նկատմամբ:
Ավելին, խնդրի առնչությամբ ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի մեթոդական խորհրդի ընդլայնված նիստ է տեղի ունեցել և արձանագրությունն ուղարկվել է ԳԹԿ:
Քիմիայի ուսուցիչները պահանջում են անվավեր ճանաչել ատեստավորման արդյունքները՝ պնդելով, որ իրենց մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով կազմված 70 առաջադրանքից 27-ն անճշտություններով է կազմվել։
Կարևորում են չափորոշչի և ձևաչափի մասին նախապես մասնակիցներին տեղյակ պահելու հանգամանքը, և մինչև ատեստավորումն իրականացնել ուսուցիչների մասնագիտական վերապատրաստում:
Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ) 168․am-ի հետ զրույցում հայտնեցին, որ իրենք կազմակերպել են գործընթացն ու ներկայացրել են արդյունքները:
«ԳԹԿ-ն ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ կազմակերպել է գործընթացը, իսկ ատեստավորման արդյունքների հրապարակումից և բողոքարկումից հետո քիմիայի թեստերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը նոյեմբերի 3-ին ուղարկվել է ԿԳՄՍ նախարարություն»,- պատասխանեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը շեշտել էր՝ թեստերը եղել են անհամարժեք:
«Եթե նայեք, ամենաբարձր միավորները հավաքել են «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» առարկաներից: Դրանք այն առարկաներն են, որոնք դիմորդները շատ են պարապում: Իսկ «Աշխարհագրություն» և «Քիմիա» շատ քիչ են պարապում: «Քիմիա» պարապում են Երևանի պետական բժշկական համալսարան դիմելու համար: Այսինքն, այն առարկաները, որտեղ կրկնուսույցները շատ են, այդ առարկաները դասավանդող ուսուցիչներն ավելի շատ են եղել ու ավելի լավ են հանձնել: Օրինակ, քանի՞ հոգի է աշխարհագրություն պարապում համալսարան ընդունվելու համար: Շատ քիչ: Հետևաբար, այդ ուսուցիչները մնացել են՝ որպես ուսուցիչ, իսկ «Մաթեմատիկա» դասավանդողները, բացի ուսուցչից, նաև ռեպետիտոր են, այսինքն, ռեպետիցիան իրենց օգնել է, որ թեստը լավ հանձնեն»,- նշել էր Սերոբ Խաչատրյանը: