Երևի պիտի «շնորհակալություն» հայտնենք, որ Դավիթը միայն ծանր ուղեղի ցնցումով է փրկվել. Էլբակյան
Ոչ աշխատանքային օրն աշխատանքային է եղել Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմնի համար․ հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
Փաստաբանական խմբի անդամները կարծում են՝ այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է՝ կանխել ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը:
Նախօրեին էլ տեղեկացանք, որ Գլխավոր դատախազը փաստացի չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից։
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի շրջանակում Դավիթ Մինասյանի գործի այս և այլ մանրամասներին, այս համատեքստում՝ նաև արդարադատության համակարգի «արդար» լինելու մասին հարցադրումներին է անդրադարձել փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Դավիթ Մինասյանի հարցը դարձել է ինձ համար, համենայնդեպս, շատ ցավոտ թեմա։ 2-րդ օրն ենք միջնորդություն ներկայացրել Գլխավոր դատախազին և խնդրել, որպեսզի օգտվի իր բացառիկ իրավունքից, բնականաբար, բոլոր հիմնավորումները ներկայացվել էին։ Մի քանի օր հետո պարզ դարձավ, որ Գլխավոր դատախազը մեր միջնորդությունն ուղղորդել է, ուղարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի քննարկմանը։ Այդտեղից արդեն իսկ, որպես իրավաբան, ենթադրեցինք, որ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,- դատախազի որոշմանն անդրադառնալով՝ նշեց Վարդուհի Էլբակյանը։
Փաստաբանը հավելեց՝ փոքր-ինչ հույս է ունեցել, որ բոլոր հիմնավոր փաստարկներից հետո՝ կգործի նաև մարդասիրական վերաբերմունքը։
«Այդ օրերին տեսնում էինք նաև մեր հանրության դիրքորոշումը, այդքան ստորագրահավաքները, խնդրանքները, բայց ինչևէ, ունեցանք այն, ինչ ունեցանք. մերժեցին»,- նկատեց նա։
Դավիթ Մինասյանի պաշտպանական խմբի անդամը մեծ հույսեր է կապում հունիսի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության հետ։ Թեև մեր նկարահանումից հետո պարզ դարձավ, որ հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, ինչը, ըստ մասնագիտական դիտարկումների, վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է՝ կանխել ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը:
Անդրադառնալով Դավիթ Մինասյանի ընտանիքի ու պաշտպանական խմբի անդամների բազմաթիվ նամակներին՝ ուղղված միջազգային կառույցներին, փաստաբանը ցավով նշեց․ «Առ այս պահը որևէ պատասխան որևէ կառույցից չենք ստացել»։
Խոսելով դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքի մասին՝ Վարդուհի Էլբակյանը ցավով արձանագրեց․ «Ճիշտն ասած, գործադիր մարմնի ղեկավարից առանձնապես որևէ այլ արձագանք կամ մոտեցում չէի էլ սպասում․ սա առաջին դեպքը չէ։ Որևէ անգամ պարոն Փաշինյանը չի կարծում, որ իր անվտանգությունն ապահովող անձանց կողմից կատարվում է արարք, որը չի տեղավորվում անգամ տրամաբանությամբ մեջ»։
Վարդուհի Էլբակյանը Նիկոլ Փաշինյանի արդարացում-պարզաբանումը դիտարկեց իբրև ցուցում։
«Երևի պիտի «շնորհակալություն» հայտնենք, որ Դավիթը միայն ծանր ուղեղի ցնցումով է փրկվել»,- հավելեց նա։

«Պետական պահպանության աշխատողը դրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ուժ գործադրի»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ծառայողի դեմ կարող է քրեական գործ հարուցվել:
Ծաղկազարդի կիրակին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրների մայրը դատավորին բաց նամակ էր գրել, խնդրել էր երկվորյակ որդիներից Դավիթին հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ, շեշտել՝ նա 4 տարեկանից շուրջօրյա հատուկ խնամքի կարիք ունի, առողջական խնդիրներն ուղղակի անհամատեղելի են բանտի հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել քննիչի՝ 18-ամյա աշակերտին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ 18-ամյա Դավիթին, ով սովորում է 12-րդ դասարանում, տեղափոխել էին «Արմավիր» ՔԿՀ, սակայն դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ տղան գիտակցությունը կորցրել էր, տեղափոխել էին հիվանդանոց։
Ապրիլի 3-ից Դավիթ Մինասյանը հոսպիտալացվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում ախտորոշմամբ․ համացանցում հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է վարչապետի թիկնապահը եկեղեցու ծիսակատարության ընթացքում բռունցքով հարվածում տղային։
Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Մանրամասները՝ տեսանյութում



