Բաժիններ՝

Նոր ծրագիր են սկսել, խաղի կանոններն էլ նորմալ չեն հայտարարել, մարդկանցից բողոքելու իրավունք չունեն.Կրթության փորձագետը՝ ատեստավորման գործընթացի մասին

ՀՀ կառավարության հոկտեմբերի 21-ի նիստում քննարկվող երկու հարցերից մեկն առնչվում էր ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել էր, որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչ, ինչը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը` 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար:

Դումանյանի փոխանցմամբ՝ կամավոր ատեստավորման գործընթացով նախատեսված գիտելիքների ստուգումները 2021 թվականի սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել են 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդվող բոլոր առարկաների ուսուցիչները:

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կամավոր ատեստավորման արդյունքում, ըստ առարկաների, հավելավճար ստացող ուսուցիչների շրջանում տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում մաթեմատիկայի ուսուցիչներն են (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 87 տոկոսը), երկրորդ տեղում՝ ֆիզիկայի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 56 տոկոսը), իսկ երրորդ տեղում հայերենի (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 41 տոկոսը) ուսուցիչներն են: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից` համապատասխանաբար՝ 11 և 20 տոկոս: Ըստ մարզերի՝ ամենաբարձր արդյունքն ապահովել են, համապատասխանաբար՝ Սյունիքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 56 տոկոսը), Շիրակի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 54 տոկոսը) և Կոտայքի (հավելավճար կստանա ատեստավորման մասնակիցների 52 տոկոսը) ուսուցիչները:

«Այս պահին մենք ունենք կամավոր ատեստավորմամբ հավելավճարի իրավունք ստացած ուսուցիչներ, որոնք ունեն նաև որակավորման տարակարգ: Այս ուսուցիչներն արդեն հոկտեմբերից կարող են ստանալ 70-80 տոկոս և անգամ ավելի բարձր հավելավճար»,- փաստել է Վահրամ Դումանյանը:

Նա նաև հավելել էր, թե կամավոր ատեստավորման հիմնական նպատակն ուսուցչի աշխատավարձի և մասնագիտական որակավորման աճի խթանումն է: Հաշվի առնելով արդյունքները, ինչպես նաև արված դիտողություններն ու նկատված բացթողումները՝ կամավոր ատեստավորման համակարգը կկատարելագործվի:

Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյանն էլ Կառավարության նիստում ատեստավորումը չանցած ուսուցիչների համար «բացասական հետևանքներ» առաջացնելու հետաքրքիր առաջարկ ներկայացրեց, ապա ընդգծեց, որ հարցը վերաբերում էր ատեստավորումը չանցած ուսուցիչների համար վերապատրաստման կուրսեր կազմակերպելուն:

ԿԳՄՍ նախարարն էլ նշեց, թե այս փուլում չի կարելի բացասական վերաբերմունք դրսևորել ատեստավորումը չանցածների նկատմամբ, մի բան էլ ավելի՝ պետք է ողջունել նրանց մասնակցությունը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ մարդկանց պատժելը ծիծաղելի է, քանի որ ծրագիրը նոր է:

«Նոր ծրագիր են սկսել, խաղի կանոններն էլ նորմալ չեն հայտարարել, մարդկանցից բողոքելու իրավունք չունեն: Այդ 900 հոգին, որ եկել են ու նույնիսկ ցածր են ստացել, մենք պետք է իրենց շնորհակալ լինենք, որովհետև, կոպիտ ասած՝ նրանք համաձայնել են, որ իրենց վրա էքսպերիմենտ անես: Չնայած, եթե ուսուցիչը ցածր է ստանում, իրեն ուղարկում են պարտադիր ատեստացիայի, բայց դա էլ է սխալ: Կամավոր պետք է լինի: Մարդը եկավ, հանձնեց, մենք պետք է իրեն շնորհակալ լինենք, որ ցանկանում է մասնակցել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետը շեշտեց՝ թեստերը եղել են անհամարժեք:

«Եթե նայեք, ամենաբարձր միավորները հավաքել են «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» առարկաներից: Դրանք այն առարկաներն են, որոնք դիմորդները շատ են պարապում: Իսկ «Աշխարհագրություն» և «Քիմիա» շատ քիչ են պարապում: «Քիմիա» պարապում են Երևանի պետական բժշկական համալսարան դիմելու համար: Այսինքն, այն առարկաները, որտեղ կրկնուսույցները շատ են, այդ առարկաները դասավանդող ուսուցիչներն ավելի շատ են եղել ու ավելի լավ են հանձնել: Օրինակ, քանի՞ հոգի է աշխարհագրություն պարապում համալսարան ընդունվելու համար: Շատ քիչ: Հետևաբար, այդ ուսուցիչները մնացել են՝ որպես ուսուցիչ, իսկ «Մաթեմատիկա» դասավանդողները, բացի ուսուցչից, նաև ռեպետիտոր են, այսինքն, ռեպետիցիան իրենց օգնել է, որ թեստը լավ հանձնեն»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ շատ քիչ ուսուցիչներ են մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին, կրթության փորձագետը սա բացատրեց անորոշության հանգամանքով:

«Մարդիկ չգիտեին, թե ինչ մակարդակի հարց են տալիս: Բացի այդ, շատ դպրոցներում ուսուցիչները պարապում են մինչև 9-րդ դասարանի աշակերտների հետ, հիմա ուսուցիչը վախենում է, ասում է՝ բա որ 12-րդ դասարանից հարց տան»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս