ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ… ԱՄԲՈՂՋ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՌ ԴԱՌՆԱԼ. ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Միացյալ Նահանգները բարոյական պարտություն կրեց Իրանի դեմ պատերազմում. Թրամփը դեռ մինչև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունն էր նահանջի ճանապարհ բացել իր համար։ Այսպիսի կարծիք է հայտնել 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի 40-օրյա պատերազմի արդյունքների և Պակիստանում մեկնարկած ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի հեռանկարների մասին։
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը դիմակայում էր միջուկային երկու պետության՝ Միացյալ Նահանգներին ու Իսրայելին, փաստացի հաղթում է այս պատերազմում։ Հայկ Նահապետյանն Իրանի ռազմական հաջողության մեջ կարևոր տեղ է հատկացնում Ռուսաստանի և Չինաստանի աջակցությանը։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ պատերազմի նման արդյունքներով էապես աճելու է Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ Թուրքիայի կշիռը կտրուկ ընկնում է։

Խոսելով այն հարցի շուրջ, թե ինչ դասեր կարելի է քաղել Իրանի դեմ պատերազմից և Իրանի արդյունավետ պաշտպանությունից, ռազմական փորձագետը շոշափել է նաև Իրանի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանական Հանրապետության անթաքույց տարածքային նկրտումների թեման՝ նշելով, որ Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով խրախուսում և առաջ են տանում, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի», «հարավային Ադրբեջանի» և «մեծ Ադրբեջանի» ցնորամիտ գաղափարները։ Ռազմական փորձագետն ընդգծում է՝ այս ամենը պետք է իմանալ ոչ թե խուճապ առաջացնելու, այլ վտանգի չափը հասկանալու համար։ Փորձագետը նաև շեշտում է՝ «մեր պատերազմը չի ավարտվել. մենք միայն մեծ ճակատամարտում ենք պարտվել»։
Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Իրանի դեմ ռազմական արկածախնդրության գնալու դեպքում «պատառ կարող է դառնալ ամբողջ Ադրբեջանը»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



