«Որտեղ բացվում է մեկ սուպերմարկետ՝ տարածքում մոտ 500 մետր շրջանագծով փոքր խանութները փակվում են. մեկ փողոցում 13 խանութի վրա գրված էր՝ «Տրվում է վարձով»». Կարեն Ավագյան
Մեկ տարուց ավելի է՝ փոքր և միջին բիզնեսը բախվում է տարբեր խնդիրների, շատ դեպքերում էլ փակվում են՝ կապված շրջանառության հարկը բարձրացնելու մասին Կառավարության որոշման հետ։ Որոշումն ուժի մեջ էր մտել նախորդ տարվա հունվարի 1-ին, որին էլ հաջորդեցին փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքի ակցիաները, որոնք, սակայն, որևէ արդյունք չտվեցին՝ շատ տնտեսվարողներ ուղղակի փակեցին իրենց բիզնեսը։
ՓՄՁ Ասոցիացիայի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Կարեն Ավագյանը կրկին ահազանգում է՝ փոքր ու միջին տնտեսվարողները շարունակում են փակել իրենց բիզնեսը, հավելելով՝ շրջանառության հարկից բացի, կա մեկ խնդիր ևս։
«Հիմա փոքր ու միջին բիզնեսին շատ է խանգարում մեծ սուպերմարկետների անկառավարելի աճը, իհարկե, լավ է, որ սուպերմարկետներ են բացվում, բայց որտեղ բացվում է մեկ սուպերմարկետ, ապա այդ տարածքում մոտ 500 մետր շրջանագծով փոքր խանութները փակվում են, եթե նույնիսկ այդ պահին չեն փակվում, ապա որոշ ժամանակ անց փակվում են։
Հենց հիմա Գյումրու կենտրոնական փողոցներում, մասնավորապես՝ 58-րդ թաղամասում, օրերս հաշվել եմ՝ 13 խանութի վրա գրված էր՝ «Տրվում է վարձով» ցուցանակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Ավագյանը։
Նրա խոսքով՝ այս խնդրի հետ կապված լուծումներն իրենք չէ, որ պետք է հորինեն, քանի որ նման լուծումներ ամբողջ աշխարհում վաղուց կան, դրանցից մեկն այն է, որ մեծ սուպերմարկետները պետք է քաղաքից դուրս գտնվեն, ունենան մեծ ավտոկայանատեղի, և ամեն ընտանիք շաբաթը մեկ պետք է գնա իր մեծ գնումները կատարի։ Իսկ մնացած գնումները պետք է կատարվեն փոքր խանութներից՝ արդեն քաղաքի ներսում։
«Այս լուծումներին ամբողջ աշխարհը վաղուց է գնացել, իսկ մենք չենք ուզում դա օգտագործել։
Իհարկե, բոլորս էլ ուրախանում ենք, որ աշխատատեղեր են բացվում, բայց որքան հասկանում եմ՝ մեր Կառավարության կողմից հակառակ մտածողությամբ են գործում։ Այսինքն՝ իրենք իրենց գործողությունները, հարկային քաղաքականությունը հիմնավորում են նրանով, որ գոյատևում են արդյունավետ աշխատող խանութները։ Դե պարզ է, ով էլ մեծ կապիտալ ներդնի, իր գործունեությունը շատ արդյունավետ կարող է կազմակերպել, օրինակ, կարող է 10 սուպերմարկետի համար մեկ հաշվապահ լիներ, ծախսերն ավտոմատ արդեն ցածր կլինի։ Սակայն փոքր խանութներն առանձին հաշվապահ պետք է ունենան»,- հավելեց Կարեն Ավագյանը։
Շարունակելով խոսել խնդիրների մասին՝ Կարեն Ավագյանը ևս մեկը մատնանշեց՝ բարդացրել են նաև ապրանքների QR կոդերի կիրառումը, մշտապես ավելացնում են այն ապրանքների ցանկը, որոնց համար պարտադիր պահանջում են QR կոդերով առանձին հաշվապահություն։ Ստացվում է, որ փոքր խանութները կա՛մ պետք է հրաժարվեն այդ կոդերով ապրանքները վաճառել, ինչն ավտոմատ իրենց հաճախորդներին կտանի դեպի խոշոր խանութներ, կա՛մ պետք է կրկին ծախսեր անեն, QR կոդերի սպասարկման համար հաշվապահության վճար տան օնլայն հաշվապահական ընկերություններին, և այլն։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է մարդիկ անպայման դժվար աշխատեն, ինչո՞ւ պետք է փոքր բիզնեսի համար հարկման հեշտ տարբերակը չլինի։ Մենք վաղուց գիտենք, որ ՓՄՁ-ն համաձայն է բարձր հարկեր նույնիսկ վճարել՝ լրացուցիչ բարդություններ չունենալու համար։ Այդ ամենն իմանալով հանդերձ՝ և՛ հարկերն են բարձրացրել, և՛ ավելի են ամեն ինչ խստացրել։
Այսօր կարող եք տեսնել շատ խանութներ, որտեղ ոչ միայն սեզոնային զեղչեր են, այլև ամբողջ ապրանքն են լիկվիդացիոն գներով վաճառում, քանի որ փակվում են»,- ընդգծեց Կարեն Ավագյանը։



