Վա՞տ եք շնչում, ինչպե՞ս հասկանալ՝ ունե՞ք քթային դժվարաշնչություն․ պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք քթային դժվարաշնչություն, որքանո՞վ են վտանգավոր ադենոիդները, պոլիպները, քթի միջինապատի դեֆորմացիաները։ Այս մասին զրուցել ենք «Աստղիկ» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ Համլետ Վալոյանի հետ։

Ի՞նչ է դժվարաշնչությունը։

– Դժվարաշնչությունը սուբյեկտիվ զգացողություն է, երբ մարդը զգում է, որ օդը չի բավականացնում, շնչելը դժվարացած է։ Սա առանձին հիվանդություն չէ, տարբեր հիվանդությունների ախտանիշ կարող է լինել։

Դժվարաշնչության պատճառներից կարող են լինել ստորին շնչուղիների պաթոլոգիաները՝ օրինակ, բրոնխիալ ասթման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, սրտային անբավարարությունը և այլն։

Կարդացեք նաև

Շատ են բողոքում քթային դժվարաշնչությունից որո՞նք են պատճառները։

– Բավականին տարածված պաթոլոգիա է։ Ամենատարածված պատճառներից են քթի միջնապատի դեֆորմացիաները, խեցիների հիպերտրոֆիաները, ադենոիդները, պոլիպները։

Ո՞ր դեպքում է առաջանում քթի միջնապատի դեֆորմացիա։

– Տարածված է տրավմատիկ պատճառը, սակայն հաճախ բուժառուները զարմանում են՝ ասելով, թե որտեղի՞ց դեֆորմացիա, երբ որևէ տրավմա չեն ունեցել, սակայն կան այլ պատճառներ, օրինակ, կարող է պայմանավորված լինել դիմային գանգի ոսկրային և աճառային հատվածների աճի տարբեր ընթացքով։ Տարբեր արագությամբ են աճում այդ հատվածները և ժամանակի ընթացքում աճի հետ կարող են առաջացնել միջնապատի դեֆորմացիաներ։

Քթի խոռոչում տարբեր պաթոլոգիաները ևս կարող են առաջացնել միջնապատի դեֆորմացիաներ, օրինակ, պոլիպները ճնշում են միջնապատը կամ խեցիների հիպերտրոֆիան, և այլն։

Արտաքինից կարո՞ղ ենք հասկանալ, որ կա միջնապատի դեֆորմացիա։

– Այդքան էլ արտաքինով պայմանավորված չէ դժվարաշնչությունը։ Արտաքինից բավականին գեղեցիկ քիթը կարող է դեֆորմացված միջնապատ ունենալ, և՝ հակառակը, այսինքն, արտաքինից լինի դեֆորմացիա, բայց միջնապատի այն հատվածները, որոնք ապահովում են շնչառությունը, ուղիղ լինեն և չխանգարեն։

Այդ դեպքում որո՞նք են ախտանշանները։

– Քթային դժվարաշնչության ժամանակ հաճախ հանդիպող ախտանշաններից են գլխացավերը, հոգնածությունը, գիշերային խռմփոցները, քնի խանգարումները։

– Խռմփոցը միշտ հուշո՞ւմ է խնդրի մասին։

– Ոչ միշտ։ Խռմփոցի բազմաթիվ այլ պատճառներ կան, սակայն միջնապատի դեֆորմացիան նույնպես որոշակի ազդում է և առաջացնում է խռմփոց։

Քթային արյունահոսությունը հուշող տարբերա՞կ է։

– Միշտ չէ, որ դեֆորմացիաներն ուղեկցվում են արյունահոսությամբ, սակայն, այո՛, դեֆորմացիաների ժամանակ կարող է լինել։

Քթի միջնապատի դեֆորմացիան կարո՞ղ է ի ծնե լինել։

– Ծննդաբերական տրավմաների ժամանակ կարող է լինել, բայց ավելի շատ պայմանավորված է աճի ընթացքով։

Ինչո՞ւ է ավելի շատ քթի միջնապատի դեֆորմացիան հանդիպում տղամարդկանց մոտ։

-Երևի ավելի շատ տրավմատիկ պատճառներով է պայմանավորված։

Ադենոիդներն ավելի շատ երեխաների մո՞տ են հանդիպում։

– Այո, ադենոիդները երեխաների դժվարաշնչության հիմնական պատճառներն են։ Հիմնական ախտանիշը գիշերային խռմփոցն է, բերանը բաց շնչելու սովորությունը, հաճախ՝ ականջի բորբոքումները։ Ադենոիդը՝ քթըմպանային նշիկը, որը ժողովուրդը քթի միս է կոչում, գտնվում է քթըմպանում և այստեղ բացվում են նաև եվստախյան փողի բացվածքները։ Եվստախյան փողը կապ է ստեղծում քթըմպանի և միջին ականջի միջև, ապահովում է միջին ականջի օդափոխությունը։ Այսինքն, օդը քթից անցնում է եվստախյան փողով դեպի միջին ականջ։ Երբ ադենոիդը չափերով մեծանում է՝ փակում է բացվածքը, և առաջանում է ականջի բորբոքում, հեղուկ է կուտակվում ականջում, երեխաների մոտ առաջանում է ծանրալսություն։

Մեծահասակների դեպքում նույն մեխանիզմը կարող է գործել, բայց տարիքի հետ ադենոիդները հետ են զարգանում և սեռահասունացումից հետո չափերով փոքրանում են։ Մեծահասակների դեպքում պետք է դիֆերենցել քթըմպանի չարորակ գոյացությունն ու ադենոիդների մեծացումը։

– Մինչև երեխայի ո՞ր տարիքը ծնողները պետք է ուշադիր լինեն։

– 3-4 տարեկանից երեխաների մոտ կարող է դիտվել խնդիրը։ Երբ չափերով մեծ են ադենոիդները՝ հենց այս տարիքում պետք է լուծել խնդիրը, որովհետև քթային վատ շնչառությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է գանգի ոսկրերի ձևախախտման, կարող է առաջանա կծվածքի խնդիր։

– Բուժման ի՞նչ տարբերակներ կան։

– Բուժման տակտիկան կախված է ադենոիդի չափերից։ 1-2-րդ աստիճանի դեպքում դեղորայքային բուժում է իրականացվում, 3-4-րդ աստիճանների դեպքում կատարվում է վիրահատություն, ադենոիդները հեռացվում են։

– Պոլիպները ո՞ր դեպքում են խնդիր առաջացնում։

– Պոլիպներն անընդհատ կրկնվելու հատկություն ունեն։ Բարորակ գոյացություններ են, որոնք առաջանում են քթի խոռոչի լորձաթաղանթի, հարքթային խոռոչների քրոնիկ բորբոքման հետևանքով։ Պատճառը վերջնական հայտնաբերված չէ, կան տարբեր նախատրամադրող գործոններ, այդ թվում՝ ժառանգական նախատրամադրվածությունը։ Այս պաթոլոգիան երկարաժամկետ հսկողություն է ենթադրում, քանի որ անգամ վիրահատությունից հետո պոլիպները կրկնվելու հատկություն ունեն։

Ինչպե՞ս հասկանալ, որ առկա է պոլիպ։

– Հիմնական ախտանիշները քթային վատ շնչառությունը, հոտառության կորուստն է կամ նվազումը, քթախոսությունը։ Երկար քրոնիկ վիճակի ժամանակ պոլիպները կարող են նաև ագրեսիվ աճ ունենալ՝ առաջացնելով քթի, հարքթային խոռոչների ոսկրային պատերի դեֆեկտներ, և այս դեպքում կարող է խնդիրն ավելի բարդանալ, առաջացնել մինչև անգամ կյանքին վտանգ սպառնացող գանգատներ։

– Քթային դժվարաշնչության դեպքում աշխատում են բերանով շնչել բերանային շնչառության վտանգները որո՞նք են։

– Բերանային շնչառությունը երբեք չի փոխարինում քթային շնչառությանը, որովհետև քթի խոռոչի լորձաթաղանթում ունենք ընկալիչներ, որոնք օդի հետ շփվելուց գրգիռներ են ուղարկում դեպի գլխուղեղ, շնչառական կենտրոն, որտեղից կարգավորվում է մեր շնչառության խորությունը, որակը, կրծքավանդակում ճնշումների տարբերություն է ստեղծում, որի հիման վրա արյան շրջանառությունն է կարգավորվում, անոթների տոնուսը, օրգան-համակարգերի արյան մատակարարումը, թթվածնով հագեցվածությունը։ Իսկ բերանային շնչառության ժամանակ այս մեխանիզմները խաթարվում են, արատավոր օղակ է ձևավորվում, առաջանում է թթվածնաքաղց։

Քթային դժվարաշնչությունն առողջական ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։

– Երկարատև թթվածնաքաղցը բավականին լուրջ պաթոլոգիաներ կարող է առաջացնել՝ առաջին հերթին ազդելով կյանքի որակի վրա։ Նախ և առաջ հարքթային խոռոչների լուրջ պաթոլոգիաներ կարող են առաջանալ, քանի որ դրանք օդափոխվում են քթով եկած թթվածնով և, արդյունքում, առաջանում են սինուսիտներ, հայմորիտներ։ Իսկ երկարատև թթվածնաքաղցը կարող է սիրտ-անոթային հիվանդությունների, զարկերակային հիպերտենզիայի պատճառ դառնալ։

– Ինչպե՞ս հասկանան, որ ունեն քթային դժվարաշնչություն. երբեմն ասում են՝ աջ կամ ձախ կողմում պառկելիս եթե վատ եք շնչում, ուրեմն խնդիր կա։

– Բուժառուները հաճախ են նշում, որ կողքերից մեկով պառկելիս հենց այդ կողմի շնչառությունն է վատանում։ Դա հիմնականում խեցիների չափերի մեծացումով է պայմանավորված, քանի որ կողքի պառկելիս արյան մատակարարումն ավելի է լավանում, խեցին այտուցվում է, և շնչառությունը վատանում է։ Միջնապատի դեֆորմացիաները հիմնականում միշտ ուղեկցվում են քթի խեցիների չափերի մեծացումով, քանի որ, երբ ինչ-որ կողմ է թեքվում միջնապատը, հակառակ կողմում ազատ տարածք է ձևավորվում, և խեցին դրա ֆոնին սկսում է մեծանալ։

– Երեխաներին ո՞ր տարիքից կարելի է վիրահատել։

– Ադենոիդների առկայության ժամանակ խիստ ցուցումների դեպքում 3,5-4 տարեկանում հնարավոր է վիրահատել։

Իսկ միջնապատի խեցիների խնդիրները եթե լուրջ գանգատներ են առաջացնում, պետք է քննարկել, բայց ցանկալի է, որ ոսկրային, աճառային հատվածների աճը ձևավորվի, վերջանա, նոր վիրահատություն կատարվի։

Երեխաների ագրեսիվ վարքը կարո՞ղ է հուշել, որ խնդիր կա։

– Այո, քթային վատ շնչառությունը վարքի, ուսման վրա նույնպես կարող է անդրադառնալ։

– Կան մեծահասակներ, որ միջնապատի դեֆորմացիայի դեպքում չեն դիմում վիրահատության, սա ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։

– Միջնապատի դեֆորմացիան միշտ չէ, որ վիրահատության ցուցում է։ Չկան մարդիկ, ովքեր ունեն իդեալական միջնապատ՝ այս կամ այն չափով բոլորիս մոտ կա որոշակի դեֆորմացիա, սակայն կախված է նրանից, թե ո՞ր հատվածում, է, ինչքանո՞վ է ազդում շնչառության վրա, վատացնում կյանքի որակը։ Ամեն մեկի մոտ անհատական է, որովհետև կան բուժառուներ, ովքեր ունեն խիստ արտահատված դեֆորմացիա, բայց չունեն գանգատ և պաթոլոգիա։ Այս դեպքում վիրահատությունն այնքան էլ ցուցված չէ։

Նշեմ, որ ամենատարածված վիրահատությունը միջնապատի ուղղումն է։ Այս վիրահատության ժամանակ քթի արտաքին տեսքը չի փոխվում, քանի որ վիրահատությունը կատարվում է քթի խոռոչից։ Տարածված են նաև խեցիների վրա կատարվող վիրահատությունները, որոնք գրեթե միշտ կատարում ենք միջնապատի հետ, քանի որ մեկուսացված միջնապատի դեֆորմացիաները հազվադեպ են հանդիպում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930