Մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը՝ որպես կանխատեսում, ներառված չէ. Վահան Քերոբյան

«Երբ կարդում եմ կառավարության ներկայացրած բյուջեն, 7 տոկոս տնտեսական աճը  նույնիսկ պարզ վիճակագրությամբ չի երևում: Այսինքն՝ հավանականությունների բաշխումը, որ նայենք, 7 տոկոսի չի գալիս որևէ կերպ. դեպի ներքև հավանականությունն ավելի մեծ է, քանի դեպի վերև»,- ԱԺ Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմելով՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են դրել 7 տոկոս, եթե ամենամեծ հավանականությունը չորրորդ եռամսյակի համար 5-7 տոկոսն է. արդյոք ակնկալում են, որ Ամուլսարը կշահագործվի՞, փող կգա՞, թե՞ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի:

«Եթե երկրորդն է՝ խնդրեմ նշեք՝ Դուք հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք, թե՞ ոչ,- հավելեց Ա. Խաչատրյանը, ապա խոսեց ներդրումների մասին,- Ասում եք, որ պետք է անցնեք ներդրումների վրա հենված տնտեսության: Շատ լավ բան եք ասում. 2021 թվականին մասնավոր ընկերությունների ներդրումները հիմնական միջոցների մեջ կազմել են ՀՆԱ-ի 0.7 տոկոսը, 2022 թվականին, կարծեմ, 10.5 տոկոս եք փորձում բարձրացնել: Ի՞նչ եք պատրաստվում անել, որ 17 անգամ մասնավոր ձեռնարկությունները ներդրումներն ավելացնեն հիմնական միջոցների մեջ»:

Ի պատասխան՝ նախարարը պարզաբանեց. «2022 թ. բյուջեի և մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը՝ որպես կանխատեսում, ներառված չէ և, հետևաբար՝ դրա վերաբերյալ խոսակցություններն այս պահին  ժամանակավրեպ են: Մենք չենք ակնկալում, որ այն ձևով, որով պաշտպանված կլինեն ՀՀ քաղաքացիների և տնտեսության շահերը, մենք կարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել:

Երկրորդ հարցը վերաբերում է ներդրումներին. իմ կարծիքով՝ սխալ թվեր եք ասում, երբ ասում եք, որ մասնավոր ընկերությունների կողմից արված ներդրումները կազմում են ՀՆԱ-ի 0.7 տոկոսը»:

Արթուր Խաչատրյանը ճշգրտեց՝ «հիմնական միջոցներում արված»:

Շարունակելով՝ Վահան Քերոբյանը մանրամասնեց, որ մասնավոր ներդրումներն աճել են անցյալ տարվա նկատմամբ և կազմում են ՀՆԱ մոտ 15 տոկոսը, և, որ կառավարության ծրագրով նախատեսում են առաջիկա հինգ տարվա մեջ ավելացնել ներդրումների չափաբաժինը. «ՀՆԱ-ի համեմատ՝ մինչև ՀՆԱ-ի 25 տոկոսը, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների չափաբաժինը՝ ՀՆԱ-ի մինչև 6 տոկոսը: Ասել, որ մեր երկիրը կարողանում է սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, սխալ կլինի, և մենք մեր ներդրումների աջակցման կենտրոնում էլ, և ընդհանուր՝ Էկոնոմիկայի նախարարությունում էլ ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների: Ամենօրյա աշխատանքի մաս է կազմում՝ նախ օգնել, որ այդ ներդրումները հասնեն իրենց նպատակին, և միաժամանակ ուղղել այն օրենսդրական կամ կարգավորող խնդիրները, որոնց պատճառով այդ խոչընդոտներն առաջացել են: Կան միջոցառումներ, որոնց համար գումար չի պահանջվում. գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներն են, որոնց համար մեր նախարարության մի փոխնախարարի, կարելի է ասել, ամբողջ գործն ուղղված է հենց գործարար միջավայրի բարելավմանը»:

Ըստ նախարարի՝ կարևոր գործոնը, որը պետք է բերի տնտեսական աճի, պլանավորված աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են:

«Այսպիսի թիվ ՀՀ պատմության մեջ չի եղել, և, իհարկե, եթե մենք դա բարեհաջող կերպով իրականացնենք, մեր տնտեսական աճն ավելի քան իրատեսական կլինի»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանն արձագանքելով՝  հիշեցրեց. «Բնականաբար, ես ինկրեմենտնի մասին էի խոսում, որովհետև ներդրումներ եղել են, բայց անցյալ տարի աճը եղել է 0.6 տոկոս, այս տարի նախատեսում եք շատ ավելի մեծ:  Եթե համեմատում եք 2021-ը 2020-ի հետ, հասկանալի է՝ նույնիսկ ամենազառամյալ հիվանդը շատ ավելի առողջ է, քան հանգուցյալը, իսկ 2020 թվականին մեր տնտեսությունը հանգուցյալի մակարդակում էր: Կարծեմ՝ այդքան էլ ճիշտ չէ համեմատել 2020-ի հետ. կարող եք 2019թ. հետ ուղղակի համեմատել:

Կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարում ունենք.  հիմա՝ եթե այս տարի, դիցուք, 100 միլիարդ է եղել, եթե այս տարի թերակատարել ենք, այդ վստահությունը, որ մյուս տարի 500 միլիարդը 100 տոկոսով կկատարենք՝ որտեղի՞ց այդ վստահությունը:

Եթե ուղղակի խոսում ենք՝ պարտք վերցնենք, կառուցենք ճանապարհ, դա էկոնոմիկա չէ՝ տնտեսագիտական մաթեմատիկա է, որովհետև էկոնոմիկան մենք հասկանում ենք՝ այդ ճանապարհը դեռ պետք է կառուցվի, տա իր ազդեցությունը: Ճանապարհից բացի՝ նշված են նաև ջրամբարներ, որոնցից մի քանիսի կառուցումը կանգնել էր, բայց ուզում եմ հասկանալ՝ եթե դա ունի իր ժամկետային էֆեկտը, եթե ուղղակի վերցնում, մտցնում ենք տնտեսության մեջ փողը, հասկանում ենք, չէ՞, որ դա տնտեսական աճ չէ, տնտեսագիտական մաթեմատիկա է»:

 

Տեսանյութեր

Լրահոս