«Չկա ընդդիմադիր որևէ լրատվամիջոց, որը դատարաններում չունենա բազմաթիվ հայցեր, և չեք պատկերացնի, թե ինչ չափի պահանջներ են ներկայացնում». Սաթիկ Սեյրանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ անդրադառնալով լրատվամիջոցների դեմ իշխանությունների ձեռնարկած արշավին, նկատեց՝ բոլոր այն գործողությունները, որոնք այժմ կատարվում են՝ լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, որն արտահայտվում է նրանց հավատարմագրումը սահմանափակելով, գրավոր հարցումներին համատարած չպատասխանելով, բանավոր հնչեցրած հարցերն արհամարհելով, երբեմն, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք ուղղակի նպատակ են հետապնդում հանգեցնելու մամուլի սնանկացմանը։
«Չկա ընդդիմադիր որևէ լրատվամիջոց, որը դատարաններում չունենա բազմաթիվ հայցեր, և չեք պատկերացնի, թե ինչ չափի պահանջներ են ներկայացնում։ Երբեմն մեզ թվում է, որ այսպես նստած որոշում են, թե որքան գումար սահմանեն, 1 մլն, չէ, քիչ է, 6-4-7 մլն, տարբեր հայցերով մտնեն, որ բեռն ավելի ծանրացնեն։ Կարծես նպատակը սա է, այլ ոչ թե այն, որ իրավիճակը փոխեն, բարելավեն։ Այո, ցավոք, Հայաստանում գործող դիվանագիտական կառույցները և միջազգային այլ կառույցներ, որոնք զբաղվում են խոսքի ազատության խնդիրներով, շատ հաճախ լռում են։ Սա է նաև մեր անհանգստությունների պատճառը, կարծես նրանք իրենց լռությամբ խրախուսում ու աջակցում են»,- նշեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը:
Նա շնորհակալություն հայտնեց այն իրավաբաններին, որոնք վերջին 3,5 տարվա ընթացքում իրենց խորհուրդներով ոչ միայն աջակցել են, այլև անվճար պաշտպանություն են իրականացրել: Միևնույն ժամանակ Սաթիկ Սեյրանյանը ցավով ընդգծեց, որ այսօր լրագրողական դաշտում ևս, ինչպես հանրության մեջ, կա որոշակի պառակտում։
«Այդ «սևերի» և «սպիտակների» բաժանումը, ցավոք, մեր դաշտում էլ տեղի ունեցավ, և գործընկերների հետ շփումները հաճախ խզվել են, սա ցավալի փաստ է, որին կարողացան հասնել այս իշխանությունները։ Հաճախ, երբ լրագրողները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, նույնիսկ իրենց շատ ու շատ գործընկերների կողմից աջակցություն չեն ստանում, ավելին՝ երբեմն թիրախավորվում են։ Քավ լիցի, ես չեմ ասում, որ մեր դաշտում խնդիրներ չկան, բայց այդ խնդիրներն առաջանում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Օրինակ, ինչպե՞ս աշխատի լրագրողը, որի ոչ միայն գրավոր, այլև բանավոր հարցերն են արհամարհում։ Կառավարությանը լրատվամիջոցներից մեկի կողմից հարց է ուղղվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային մութ ստվերային գործարքի մասին, հարցման համար 30-օրյա ժամկետ է սահմանում»,- հավելեց Սաթիկ Սեյրանյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ որոշակի միտում է նկատում՝ հասարակական որոշ կազմակերպություններ սկսել են թիրախավորել լրատվամիջոցներին, ավելին՝ հասարակության շրջանում շատ սուր մերժողական տրամադրություններ են առաջացնում, որի դեպքում լրագրողի համար շատ դժվար է դառնում աշխատելը։