«Չկրակելու հրաման տալու նպատակն այդ տարածքների հանձնումն է․․․ Իշխանությունները փորձում են տարածքների հանձնմանը խոչընդոտող բոլոր գործոնները վերացնել». փորձագետ

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի, Գեղարքունիքի  մարզերի սահմանային հատվածներում, Երասխում, մոտ ապագայում նաև Տավուշում թշնամու առաջախաղացումն ունի մեկ նպատակ՝ վերցնել այն տարածքները, որոնք Խորհրդային Ադրբեջանի քարտեզով համարում են իրենցը:

«Նման իրավիճակ շուտով սպասվելու է նաև Տավուշում, որտեղ մեր կորուստները լինելու են շատ էական։ Հայկական կողմից այս ամենին դիմադրություն չկա, կամ կա դիմադրության իմիտացիա։ Այժմ Սև լիճը վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, վերահսկվող բոլոր բարձունքներում այժմ թշնամին է, նույնը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հատվածում։ Այժմ նույն գործընթացն Արարատում են տանում՝ Երասխում, մոտ ժամանակներս՝ նաև Տիգրանաշենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով հա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Նրա կարծիքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող թշնամու առաջախաղացումը կանխող ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներին չկրակելու հրաման է տրված եղել, այսինքն՝ թշնամու առաջխաղացմանը խոչընդոտող գործընթացներ տեղի չեն ունեցել։ Եթե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների դեմ խնդիր դնեին, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանխեին, ապա նա վստահ է, որ  այդ գործընթացը կանեին արագ ու արդյունավետ, այնպես, ինչպես արել էին մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ թշնամու բոլոր առաջախաղացումներն արդյունավետ կանխվում էին։

«Չկրակելու հրաման տալու նպատակն այդ տարածքների հանձնումն է, բոլոր այն տարածքների, որոնք Ադրբեջանը համարում է, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքներն են եղել։ Չեմ բացառում, որ այս սադրանքները կարող են վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների, դրա համար կան մի քանի նախադրյալներ․ նախ, Ադրբեջանն այսօր ունի ռազմական գերակայություն, հայկական բանակը, ըստ իս, ամբողջովին դեռ չի վերականգնվել, սակայն Ադրբեջանը նման գործողությունների գնալուց առաջ պետք է հասկանա, որ ինքն այնուամենայնիվ ոտնձգություն կամ ագրեսիա է իրականացնում ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ, և այդ ժամանակ գործելու է ՀԱՊԿ կանոնադրությունը, արդյո՞ք Ադրբեջանը ցանկանում է  ռազմական բախում ունենալ Ադրբեջանի հետ, կարծում եմ՝ ոչ։ Սակայն չեմ բացառում, որ աշխարհաքաղաքական որոշակի իրավիճակներում տարածաշրջանում կարող է նաև սադրանքների հետևանքով  Ադրբեջանի, ինչո՞ւ չէ, Թուրքիայի զինված ստորաբաժանումները մարտնչեն և Հայաստանից ուժով տարածքներ վերցնեն»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։

Ինչ վերաբերում է այս համատեքստում իշխանությունների կողմից բանակից պրոֆեսիոնալ կադրերի հեռացմանը, մասնավորապես՝ 3-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, Մեղրիի ու Մեհրաբի զորամասի հրամանատարներին և այլոց, Հայկ Նահապետյանը նկատեց՝ այդ գործընթացը համատարած չէ, պրոֆեսիոնալ կադրերին հեռացնում են թիրախային։

«Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, որը մոտ ժամանակներում լինելու է, իրականացվելու է նաև Տավուշի մարզում։ Հաշվի առնելով, որ Տավուշի մարզի 1990 թվականից առ այսօր Ադրբեջանին սահմանակից բնակավայրերն ունեն խրամատային պաշտպանություն և այդ հատվածները թշնամուն հանձնելուց, չի բացառվում, որ լինի դիմադրություն, իսկ Գրիգորի Խաչատուրովն ունի մեծ հեղինակություն ոչ միայն 3-րդ բանակային կորպուսի հրամկազմի մոտ, այլև տեղի բնակիչների շրջանում։

Գրիգորի Խաչատուրովին պաշտոնից հեռացրել են՝ հաշվի առնելով, որ ինքը կարող է Տավուշում որոշակի տարածքների հանձնման ժամանակ դառնալ դիմադրության խորհրդանիշ, ավելին՝ կազմակերպիչ, և այդ գործընթացն ուղղակի ձախողել, ահա թե ինչու նրան հեռացրեցին։ Մեհրաբի զորամասի հրամանատարին ևս, նույնը վերաբերում է նաև Մեղրիի զորամասի հրամանատարին։ Իշխանությունները փորձում են տարածքների հանձնմանը խոչընդոտող բոլոր գործոնները վերացնել»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս