«Չեմ բացառում, որ, այդուամենայնիվ, նոր վարչապետ ընտրվի գործող թիմից». քաղաքագետ
Խորհրդարանն այսօր վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը. ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց՝ 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Հիշեցնենք՝ քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներից հնչում էին պնդումներ, որ իշխանությունները ռազմական դրությունն ամենևին էլ ռազմական նպատակներով չէր պահպանում, այլ քաղաքական դրդապատճառներով՝ խուսափելու իշխանությանը սպառնացող տարբեր վտանգներից:
Արդյո՞ք ռազմական դրության վերացումն ընտրություններից առաջ նախապատրաստական քայլ էր, և, առհասարակ, արտահերթ ընտրություններ կկայանա՞ն, թե՞ ոչ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց. «Որքանով ես եմ հասկանում, երբ խորհրդարանի երկու ֆրակցիայի հետ գնում էին ընտրությունների հետ կապված բանակցությունների, պայմաններից մեկը ռազմական դրությունը հանելն էր. երևի ուղղակի պայմանավորվածություններն են կատարվում: Համենայն դեպս, առաջին տպավորությունն այդպիսին է: Ինչ վերաբերում է՝ ընտրություններ կլինեն, թե չեն լինի, դժվարանում եմ ասել. ամեն ինչ գնում է ընտրությունների, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է՝ որոշակի անակնկալներ լինեն. ես դա էլ չեմ բացառում»:
Մեր խնդրանքով քաղաքագետը նաև պարզաբանեց, թե ինչ հնարավոր անակնկալներ նկատի ունի.
«Չեմ բացառում, որ, այդուամենայնիվ, նոր վարչապետ ընտրվի գործող թիմից: Մենք հիմա այնպիսի վիճակում ենք և այնպիսի կառավարություն ունենք անկանխատեսելի, որ ցանկացած անսպասելի դեպք կարող է կատարվել: Սա ոչ սթափ կառավարություն է, և բազմիցս իրենց խոստումները չեն կատարել: Ես չեմ բացառում նաև ինչ-որ արտառոց լուծումներ»:
Քանի որ Ստեփան Դանիելյանն օրեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր ընտրություններից հետո վեթինգի անհրաժեշտությանը՝ նշելով նաև, որ «պետք է բացահայտվեն բոլոր անձինք, ովքեր փոխկապակցված են եղել իրենցքայլականների հետ», նրանից հետաքրքրվեցինք, թե ովքեր պետք է իրականացնեն վեթինգը, և վեթինգից զատ՝ նաև լյուստրացիա պե՞տք է լինի՝ հաշվի առնելով «դավաճանների», «գործակալների» մասին ամենատարբեր տեղեկությունները:
Քաղաքագետն այսպես պատասխանեց.
«Վեթինգն ինչ-որ բառ է, որ այս երկու տարին մտել է շրջանառության մեջ. իրականում վեթինգի տակ ես նկատի ունեի՝ գործակալական ցանցերը պետք է բացահայտվեն Հայաստանում, որովհետև Հայաստանը հիմա հիշեցնում է քրդերի իրավիճակը, որտեղ տարբեր երկրների հատուկ ծառայություններն են ներդրված:
Այժմ Հայաստանն այն վիճակին է հասել, որ ԱԱԾ, ըստ էության, գոյություն չունի, որ ներթափանցված են տարբեր երկրների հատուկ ծառայությունները, և դա նույնիսկ կողքից, առանց ինֆորմացիա ունենալու՝ լավ երևում է:
Բնականաբար, նման իրավիճակի վերջը պետք է տալ, և նաև թույլ չտալ, որ այդ ցանցերը քաղաքականության մեջ մտնեն. Անպայման իշխանության փոփոխությունից հետո սա համար մեկ խնդիրներից մեկը պետք է լինի»:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանի դերին, նրա կրավորական դիրքորոշման պատճառներին՝ քաղաքագետը նկատեց, որ այժմ ՀՀ նախագահն իր վրա վերցրել է միջնորդի դեր և փորձում է տարբեր քաղաքական կողմերի բերել ինչ-որ որոշման:
«Իր այդ կիսաքայլերը դրանով են պայմանավորված, քանի որ նա ցանկանում է միջնորդ լինել»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը: