Մարալ Նաջարյան․ պարտության ու ամոթի լուռ խորհրդանիշը

Ինչպես հաղթանակները, այնպես էլ պարտություններն ունեն իրենց սիմվոլները։ 44-օրյա պատերազմի ընթացքում որպես կեղծիք մատուցվող «Հաղթելու ենք»-ի ամենախոսուն սիմվոլներից մեկն Ալբերտ Հովհաննիսյանի ազդեցիկ լուսանկարն էր․ ցավոք, Ալբերտը զոհվեց պատերազմում։

Պարտության սիմվոլները բազմապատիկ ավելի են։

5000-ից ավելի զոհերից ու 10.000-ից ավելի հաշմանդամություն ստացածներից ամեն մեկը պարտության յուրովի խորհդանիշ է, որոնց մասին, սակայն, իշխանական քարոզչությունը խորամանկորեն լռում է։

Բայց բոլոր այս խորհրդանիշների կողքին ու նրանց հետ միասին, պատերազմում կրած պարտության, ոչ միայն պարտության, այլ նաև հետպատերազմական շրջանում պետության չգոյության խոսուն ու փշաքաղեցնող խորհրդանիշ է լիբնանահայ մեր հայրենակից Մարալ Նաջարյանի՝ գերությունից հետո արված առաջին լուսանկարը։

Ոչ հայկական իշխանությունների ջանքերով գերությունից տուն վերադարձած այս գեղեցկադեմ կնոջ լուսանկարը մեր հավաքական պարտության, մեր հավաքական ձախողման ու մեր հավաքական անտարբերության լուռ, բայց աղաղակող խորհրդանիշն է։ Այս կնոջ հայացքը պատմում է՝ ինչ է նշանակում՝ գտնվել ադրբեջանական գերության մեջ, ու հատկապես ինչ է նշանակում, եթե գերության մեջ է հայ կինը։

Բայց այս լուսանկարը, ողբերգության մասին կենդանի վավերագրություն լինելուց բացի, նաև հիշեցման ու սթափեցման նշանակություն պետք է ունենա։ Հատկապես Հայաստանի իշխանության բոլոր այն ներկայացուցիչների համար, ովքեր ծնծղաներն առած լեգենդներ են հյուսում հայ-ադրբեջանական բարեկամության ու տարածաշրջանային տնտեսական նախագծերի մասին։

Նման քարոզչությամբ զբաղվողներից յուրաքանչյուրն ամեն անգամ ադրբեջանաթուրքական գովքով զբաղվելուց առաջ պետք է նայի Մարալ Նաջարյանի այս լուսանկարին ու հատկապես նրա հայացքի ներքո փորձի արտաբերել այն պետության հետ բարեկամության մասին բարբաջանքը, որի պատճառով կենսախինդ այս կնոջ հայացքը դարձել է այնպիսին, ինչպիսին որ է գերությունից հետո արված առաջին լուսանկարում։

Այս լուսանկարը պետք է լինի նաև Նիկոլ Փաշինյանի անբաժան ուղեկիցը․ նա ամեն օր պետք է Մարալ Նաջարյանի լուսանկարին նայելով՝ վերընթերցի նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին Իլհամ Ալիևի հետ ստորագրած փաստաթղթերը, ու հատկապես ուշադիր նայի լուսանկարին՝ Ադրբեջանի հետ «տնտեսական հեռանկարների մասին» հերթական մանիպուլյացիան կատարելուց առաջ։

Պատերազմն արհավիրք է, որը ոչնչացնում է ոչ միայն պետություններ, տարածքներ ու բնակավայրեր, այլև դրանից առաջ՝ մարդկանց՝ հասցեական, անուն-ազգանուն ունեցող մարդկանց։

Եվ պատերազմը չի ավարտվում այնքան ժամանակ, քանի դեռ դրանից հրաշքով փրկվածների հայացքում դաջված է այդ արհավիրքը։ Լայն իմաստով, պատերազմը չի ավարտվում երբեք, որովհետև աշխարհում չկա որևէ ուժ, որն ի զորու կլինի ջնջել պատերազմը սեփական մաշկի վրա զգացածների հիշողությունը, որն այդքան սառնորեն դաջված է Մարալ Նաջարյանի հայացքում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս