Խոշորացումը՝ անհրաժեշտությո՞ւն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն. իսկ ե՞րբ կլսեն համայնքի կարծիքը
Ինչպես 168.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ համայնքների խոշորացման նոր նախագիծ։
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 11 ծրագիր: Այս փոփոխությունների համար որպես նպատակ՝ նշվում է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելը:
Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 186 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 11 համայնք:
Օրենքը պատահաբար կամ գուցե ոչ՝ ուղիղ հարվածի տակ է դնում նաև այս իշխանություններին չմերված, իշխանությունների հարազատ ձևակերպումներով՝ «նախկին» համայնքի ղեկավարներին:
Հիշեցնենք՝ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ով վերընտրվել է պաշտոնում ընդամենն անցյալ տարի, մեզ հետ զրույցում հաստատել էր, որ այս նախագծում տեսնում է նաև թաքնված քաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով իր կողմից բազմիցս դրսևորած ընդդիմադիր կեցվածքը:
Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հովանավորյալ՝ Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բացահայտ պայքար էր սկսել Վահագն Գևորգյանի դեմ։
Իսկ այս տարի դեկտեմբերի 5-ին Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Եվ ահա Սահմանադրական դատարանի կայքէջից տեղեկանում ենք, որ ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 22-ին, ՍԴ-ում քննության է ընդունվել Կոտայքի մարզի «Աբովյան» համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի, «Ծաղկաձոր» համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի և «Նոր Հաճն» համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի դիմումի հիման վրա՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1.1-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը:
«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 4-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել նշված օրենքն ընդունած մարմնին՝ ՀՀ Ազգային ժողովին»,- նշվում է սույն գործով ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:
Ասել է թե՝ հիշյալ համայնքապետերը ցանկանում են, որ խոշորացումից առաջ հարցը դրվի հանրաքվեի, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքի 8-րդ հոդվածն արձանագրում է՝ «համայնքների սահմանների փոփոխությունների իրականացումն օրենքով սահմանված կարգով՝ հանրային շահերից ելնելով, լսելով համայնքի կարծիքը»:
Համանման մի հոդվածով էլ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան է հիշեցնում, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, հնարավորության դեպքում, նաև հանրաքվե անցկացնելու միջոցով (եթե թույլատրված է օրենքով)»:
Եթե անգամ ռազմական դրությունն իշխանություններին թույլ է տալիս չեղարկել հանրաքվեի հնարավորությունը, ապա բաց է մնում հարցը՝ այդ դեպքում ինչպե՞ս լսել «համայնքի կարծիքը»:
Ի դեպ, մեզ հետ զրույցում մի քանի համայնքապետեր ավելի վաղ նշել էին, որ առաջարկվող փոփոխությունների մասին տեղեկացել են e-draft.am կայքից, և պատկան մարմինները չեն բարեհաճել նույնիսկ այդ նախագծից առաջ քննարկումներ ունենալ համայնքի ներկայացուցիչների հետ: Օրինակ, Ակունք համայնքի ավագանին, ողջ աշխատակազմը գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահին, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին՝ հետաքրքրվելով որոշման պատճառների մասին. նախագիծը համայնքում առաջ է բերել դժգոհություններ:
Թե ի՞նչ ակնկալիք ունեն Աբովյանի, Ծաղկաձորի և Նոր Հաճնի համայնքապետերը Սահմանադրական դատարանից՝ մեր հարցին ի պատասխան՝ Աբովյանի համայնքապետը փակագծերը չբացեց.
«Դիմել ենք ՍԴ, սպասում ենք արդյունքներին»։
Ծաղկաձորի և Նոր Հաճնի համայնքապետարաններից խոստացան ավելի ուշ արձագանքել: