Վարչատարածքային բարեփոխումնե՞ր, թե՞ քաղաքական նպատակահարմարություն. ի՞նչ զարգացումներ են սպասվում Ակունք և Գեղամասար համայնքներում և ինչո՞ւ
Դեկտեմբերի 7-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Այս փոփոխությունների համար որպես նպատակ նշվում է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելը:
Առաջին հայացքից՝ ինչ խոսք, անհրաժեշտ ու կարևոր մի նպատակ, որը կօգնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարումը դարձնել առավել արդյունավետ, բայց փաստերը համադրելիս՝ հասկանում ես, որ նպատակն այսքանով չի սահմանափակվում և ունի բազմաթիվ հարցականներ:
Այս նախագիծը, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսում է Աբովյան համայնքին միավորել Ակունք խոշորացված համայնքը: Նշված օրենքի նախագծի ընդունման արդյունքում ձևավորվելու է Աբովյան բազմաբնակավայր համայնքը, որի կազմի մեջ ներառված են լինելու 1 քաղաքային և թվով 18 գյուղական բնակավայրեր՝ շուրջ 80.000 բնակիչներով:
Թե ինչո՞ւ է արդեն խոշորացված Ակունք համայնքը միանում Աբովյան համայնքին, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաև այն, թե այդ որոշումն ինչո՞ւ է վերաբերում հենց 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն գյուղական համայնք ճանաչված Ակունքին:
Հիշեցնենք՝ 2006 թվականից սկսած՝ անցկացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության և Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ:
Նշենք, անգամ 2019թ․հանձնվող պատվոգրի վրա «թավշյա հեղափոխական» ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր ստորագրությամբ արձանագրել է Ակունքի՝ լավագույն համայնք լինելու փաստը:
Նկատենք՝ Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ իր նշանակումից ի վեր` ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ է նվիրել այս համայնքում իրականացվող աշխատանքներին՝ դրանք ավարտելով՝ #ԷտալոնայինԿոտայք ունենալո՛ւ ենք, #Ակունք_համայնք հեշթեգերով:
Ի՞նչ է ստացվում՝ ընդամենը 1 տարի առաջ պաշտոնական մակարդակով Ակունք համայնքը ճանաչվում է լավագույն համայնք, իսկ այսօր արդեն՝ կրկին պաշտոնական մակարդակով բարձրացվում է համայնքի՝ առանձին գործունեության աննպատակահարմարության հարցը:
168.am-ը այս գլուխկոտրուկի պատասխանը փորձեց ստանալ Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանից: Նկատենք՝ Հունան Ռուբենյանն առաջարկվող փոփոխությունների մասին տեղեկացել է միայն e-draft.am կայքից, և պատկան մարմինները չեն բարեհաճել նույնիսկ այդ նախագծից առաջ քննարկումներ ունենալ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Տեղյակ եմ եղել այն ժամանակ, երբ որ արդեն այդ նախագիծը շրջանառվել է, տեղադրված է եղել e-draft-ում, և անակնկալի ենք եկել. որպես խոշորացման լավագույն տարբերակ՝ տարբեր իշխանավորներ օրինակ են բերել Ակունքը՝ իր ունեցած հաջողություններով, արդյունավետությամբ»,- ասաց համայնքի ղեկավարը:
Նկատենք՝ Հունան Ռուբենյանը նշեց, որ համայնքի ավագանին, ողջ աշխատակազմը գրությամբ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահին, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին՝ հետաքրքրվելով որոշման պատճառների մասին. «Փորձենք տեսնել՝ ինչն է խնդիրը, ի՞նչ նպատակ է հետապնդում: Չգիտենք էլ ինչ անել»:
Մեր տեղեկություններով՝ նախագիծը համայնքում առաջ է բերել դժգոհություններ, և չի բացառվում նաև, որ այն ընդունելու դեպքում կլինեն ընդվզումներ:
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 7-ին հանրային քննարկման դրված նախագծի ընդունման պարագայում Կառավարության որոշմամբ կազմակերպվելու են նոր ընտրություններ, և հիշյալ համայնքների՝ արդեն ընտրված համայնքապետերը, այսպես ասած, հայտնվելու են թիրախում, Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այս նախագծին, և արդյոք տեսնո՞ւմ է նաև թաքնված քաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով իր կողմից բազմիցս դրսևորած ընդդիմադիր կեցվածքը: Ավելին, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հովանավորյալ Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բացահայտ պայքար, հետապնդումներ էր սկսել Վահագն Գևորգյանի դեմ։
Հիշեցնենք՝ Աբովյանի համայնքապետի վերջին ընտրությունները կազմակերպվել են ընդամենը անցյալ տարի: Ի դեպ, այս տարի դեկտեմբերի 5-ին Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Աբովյան համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Անի Կարապետյանը մեզ փոխանցեց համայնքի ղեկավարի պատասխանները. «Առաջինը՝ նպատակահարմար չենք համարում այդ նախագիծը, մինանշանակ դեմ ենք: Երկրորդը՝ այո՛, համայնքի ղեկավարը քաղաքական ենթատեքստ տեսնում է, որ, այո՛, դա կարող է իր դեմ լինել»:
Հաջորդը, ինչը մեզ հետաքրքրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերում, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցն էր: Սա չափազանց զգայուն որոշում է՝ հաշվի առնելով, որ Սոթքը այս պատերազմի օրերին առաջնագիծ էր դարձել, ու համայնքի կենտրոնի տեղափոխումը կարող է որոշակի խուճապային տրամադրություններ ստեղծել Սոթքում:
Քանի որ նախագծի հիմնավորման մեջ Գեղամասարին առնչվող փոփոխության համար հիմք է ներկայացվում համայնքի ավագանու՝ մինչև պատերազմը ընդունված՝ 17.09.2020թ. №45 որոշումը՝ ուղերձով դիմել է ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին համայնքային կենտրոնը Սոթք գյուղից Գեղամասար գյուղ տեղափոխելու առաջարկով, համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատերազմից հետո կրկին նույն տրամաբանությամբ պետք է առաջնորդվեն:
«Այդ հարցի շուրջ այժմ մտածում ենք, քանի որ որոշումը նախկինում է կայացված եղել: Մինչև պատերազմի սկսվելը ոչ մեկս էլ պատկերացում չունեինք, որ նման իրավիճակի առաջ կհայտնվենք, իսկ այս պահին ես չեմ կարող կոնկրետ ասել, որովհետև դա միանձնյա որոշում չի. ավագանու հետ էլ պետք է քննարկվի, բնակիչների հետ էլ լսումներ կարվեն, նոր, ըստ դրա, կկողմնորոշվենք: Այս իրավիճակը շատ բան է փոխում արդեն. ես կարծում եմ, որ եթե կենտրոն տեղափոխվի, կարող է տարբեր տիպի մեկնաբանություններ այստեղ լինեն»,- ի պատասխան՝ նշեց Գեղամասարի համայնքապետը:
Նկատենք, սակայն, որ մեր տեղեկություններով, մինչ նախագիծը քննարկումների փուլում է, Գեղամասարում արդեն սկսվել են սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները. ի՞նչ է ստացվում՝ արդեն որոշվա՞ծ է, որ ԱԺ-ն օրենքին կողմ է քվեարկելու:
Հիշեցնենք՝ այս նախագծերի առնչությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել էր, որ նման նախագծերի համար հիմք են հանդիսացել փորձագիտական եզրակացությունները և 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը:
Իսկ թե ինչո՞ւ է այն շրջանառվում հիմա, երբ երկրում պատերազմի հետևանքով այլ առաջնահերթություններ են ի հայտ եկել, հարցի պատասխանը դարձյալ մնում է առկախ և գործող իշխանությունների կողմից զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում: