Դրամի թուլացման հիմքերը թույլ են, արժեզրկման տեմպերը՝ մեծ. Ինչո՞ւ հայտնվեցինք այս վիճակում  

Վերջին շրջանում դրամը մեծապես թուլացել է։ Կենտրոնական բանկը, որը կոչված է ապահովել երկրի ֆինանսական կայունությունը, այդպես էլ համարժեք քայլեր չձեռնարկեց այս հատվածում առաջացած խնդիրները կանխելու համար։ Մի պահ դոլարի գինը հասավ ընդհուպ՝ 532-533, եվրոյինը՝ 640-645 դրամի։

Դրամի նկատմամբ արժևորվել է նաև ռուսական ռուբլին, որը բավական երկար ժամանակ տատանվում էր 6-6,5 դրամի սահմաններում։ Հիմա արդեն ռուբլու գինը 7-7,1 դրամի շրջանակներում է։

Ռուբլու թանկացումը կապված է՝ ինչպես դրսում ռուսական արժույթի դիրքերի արմապնդման, այնպես էլ՝ դրամի թուլացման հետ։ Դոլարի և եվրոյի դեպքում հիմնական գործոնը դրամի արժեզրկումն է։

Վերջին 1-1,5 ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ էժանացել է գրեթե 8 տոկոսով։

Ինչո՞ւ հանկարծ ազգային արժույթը սկսեց սրընթաց արժեզրկվել, և որքանո՞վ են հիմնավոր արժեզրկման հիմքերը։

Այս հարցերի պատասխանները գտնելու համար անհրաժեշտ է դիտարկել փոխարժեքների վրա ազդող գործոնները։ Դրանք բազմազան են և թելադրված են տարբեր հատվածներից։

Սկսենք տնտեսականից։

Տնտեսական իրավիճակը Հայաստանում անմխիթար է և չի բխում դրամի շահերից։ Սակայն այնպես չէ, որ այդ իրավիճակը նոր է առաջացել։ Այդպես է դեռևս տարվա սկզբից, բայց այն ժամանակ դա չէր խանգարում, որպեսզի ազգային արժույթը պահպանի կայունությունը։ Ամեն դեպքում, մարտի կարճատև արժեզրկումից հետո, դրամն աստիճանաբար հետ բերեց կորցրածը, և արժութային շուկան վերականգնեց կայունությունը։

Արժեզրկման երկրորդ փուլը սկսվեց հետպատերազմյան շրջանում։ Ճիշտ է, պատերազմից հետո տնտեսության ռիսկերն էապես ավելացել են, բայց այնպես չէ, որ դրանք պետք է հանգեցնեին դրամի դիրքերի նման կտրուկ թուլացման։ Հատկապես, երբ զուտ տնտեսական միջավայրից թելադրված գործոններով պայմանավորված՝ դրամի թուլացման վրա ազդեցությունները բավականաչափ թույլ են, ու դա երևում է, առաջին հերթին՝ արտաքին առևտրի հաշվեշկռում։

Արտահանումն այս տարի Հայաստանից նվազել է։ Դրա հետևանքով տարադրամի տեսքով գրեթե 100 մլն դոլարի պակաս մուտք է եղել։ Փոխարենը՝ կրճատվել է ներմուծման տարադրամային ֆինանսավորումը. 10 ամսում՝ 636 մլն դոլարի չափով։

Այսինքն՝ արտաքին առևտրի ոլորտում գործ ունենք տարադրամային հոսքերի դրական հաշվեկշռի հետ։ Խոսքն ավելի քան 536 մլն դոլարի մասին է։

Անդրադառնանք տրանսֆերտներին։

Տրանսֆերտային շուկայից փոխարժեքների վրա թելադրված ազդեցություններն առաջին հայացքից բացասական են։ Սակայն իրականում այնքան էլ այդպես չէ։

Տրանսֆերտներից մուտքերն այս տարի իսկապես կրճատվել են։  Բայց վերջին ամիսներին որոշակի ակտիվություն կա։ Օգոստոսից սկսած մուտքերը նույնիսկ ավելացել են։ Ասենք՝ հոկտեմբերին 16,5 տոկոս աճ է գրանցվել։ Ստացվել են այդ ամսվա համար ռեկորդային բարձր մուտքեր՝ ավելի քան 211 մլն դոլար կամ 30 միլիոնով ավելի, քան եղել էր անցած տարի։

Վերջին 3 ամիսների ակտիվությունից հետո, տրանսֆերտային հոսքերի կրճատման տարեկան տեմպը բավական փոքրացել է։ Հրապարակված վերջին տվյալներով՝ ունենք մուտքերի 5,8 տոկոսանոց նվազում։ Նախորդ տարվանից պակաս է ստացվել 93 մլն դոլար։ Փոխարենը՝ կրճատվել է արտահոսքը։ Ինչպես հայտնի է, անցած տարի ունեինք տրանսֆերտների արտահոսքի բավական լուրջ ծավալներ՝ կապված հիմնականում տրանսպորտային միջոցների ներմուծման հետ։

Այս տարի այդ գործոնը դադարել կամ գրեթե դադարել է ազդել ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումների վրա։ Դրա արդյունքում արտահոսքը 213 մլն դոլարով պակասել է։

Ունենք զուտ ներհոսքի աճ։ Խոսքը տրանսֆերտային փոխանցումների հաշվեկշռի մասին է։

Ստացվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 489 մլն դոլարի մուտք, դուրս է գնացել 966 մլն դոլար։ Ներսում մնացել է 523 մլն դոլար՝ նախորդ տարվա 403 միլիոնի փոխարեն։

Մուտքերի դրական հաշվեկշիռը տրանսֆերտային հոսքերից հասնում է 120 մլն դոլարի։

Արժութային շուկայի վրա ազդեցություն ունեցող մյուս կարևոր գործոնն օտարերկրյա ներդրումներն են։ Այստեղ իսկապես խնդիրներ կան։ Ներդրումները գրեթե դադարել են։ Ունենք նաև արտահոսք։ Բայց հաշվի առնելով ներդրումների փոքր ծավալները՝ տարեկան կտրվածքով Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմում են հազիվ 200-250 մլն դոլար, դրանց ազդեցությունն արժութային շուկայի վրա չպետք է գերագնահատել։

Մյուս կարևոր գործոնը դրսից ներգրավվող վարկերն են ու պարտքի սպասարկումը։

Ինչպես հայտնի է, վարկերի ներգրավման առումով այս տարին առանձնահատուկ ակտիվ էր՝ կապված պետական բյուջեի եկամուտների կրճատման և դեֆիցիտի աննախադեպ ավելացման հաշվին՝ ծախսերի ֆինանսավորման հետ։

Սրանք տարադրամային հոսքերի այն հիմնական ուղղություններն են, որոնք սովորաբար ազդում են փոխարժեքի շուկայի վրա։ Ակնհայտ է, որ այդ ազդեցություններն այնքան էլ միտված չեն եղել դրամի թուլացմանը։ Չհաշված դեռ, որ համահայկական հիմնադրամի հանգանակությունների շրջանակներում Հայաստան են մտել բավական մեծ ծավալի տարադրամային միջոցներ։

Այս պայմաններում, թվում է, թե դրամի նման կտրուկ թուլացման հիմքեր չկան, բայց այն թուլանում է։

Պատճառը պետք է փնտրել այն սպասումների մեջ, որոնք առաջացել են պատերազմից հետո՝ ստորագրված խայտառակ փաստաթղթի հետևանքով։ Այն լուրջ անհանգստություն է առաջացրել հանրության մեջ ու գործարար շրջանակներում՝ հանգեցնելով տարադրամի պահանջարկի կտրուկ ավելացման։ Տեղի է ունենում դրամական միջոցների փոխարկում՝ տարադրամայինով, ինչն անկայուն իրավիճակներին բնորոշ երևույթ է։

Այստեղ է, որ կարևորվում է Կենտրոնական բանկի ճկունությունը, որն այդպես էլ չդրսևորվեց։ Մի պահ ԿԲ-ն փորձեց տարադրամային ներարկումների միջոցով բավարարել ներկայացվող պահանջարկը, բայց արագ հետ քաշվեց՝ հասկանալով, որ չունի նման ռեսուրսներ։

Այնինչ՝ խնդիրն այնքան էլ ռեսուրսների մեջ չէ։ Խնդիրն անորոշություններն են ու անհանգստությունները, որոնք շահառուների շրջանում բացասական սպասումներ են ձևավորել։

Կենտրոնական բանկի խնդիրն այդ իրավիճակում ազգային արժույթի արժեզրկման նկատմամբ ձևավորված բացասական սպասումների չեզոքացումն է, ինչի համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։ Ընդամենը պետք էր վստահություն հաղորդել շուկային, ինչը, սակայն, Կենտրոնական բանկը չկարողացավ անել՝ շուկան թողնելով ինքնահոսի և բախտի քմահաճույքին։

Հետևանքները տեսնում ենք, և ոչ միայն՝ արժութային, այլև՝ ապրանքային շուկաներում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս