«Եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք քաղաքացիական բախում՝ այն էլ Սուրբ Էջմիածնի տարածքում»․ Հարութ Սասունյան

«Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին»,- այսօր հերթական սաղմոսով է օրը սկսել Նիկոլ Փաշինյանը՝ այս անգամ դեռևս սպառնալիքներ չուղղելով դեպի Վեհափառ հայրապետը։

Ի դեպ, տարբեր շրջանակներ կանխատեսել էին, որ հենց այսօր է «սաղմոսերգու» Փաշինյանը ազատագրական պայքարով հասնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ինչի մասին ավելի վաղ էր հայտարարել։

«Պատրա՛ստ եղեք։ Վեհարանը վեհի»,- օրերս իր հերթական քարոզխոսությունն էր ամփոփել նա։

«Ինչպես 7 տարի շարունակ, այսօր ևս Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը,- 168am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ հայրապետին ու մյուս հոգևորականներին հասցեագրվող «հաթաթաներին»՝ հակիրճ արձագանքեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ հիշեցնելով,- Պետությունն անջատ է եկեղեցուց, և, հետևաբար, որպես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, կապ չունի եկեղեցու հետ։ Նա չի կարողանում երկիրը ղեկավարել, հիմա էլ խառնվում է եկեղեցու հարցերին»։

Կարդացեք նաև

Ամերիկահայ գործիչը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանն այս պրոցեսը մեկնարկել է ՀՀ-ում ու ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներից ժողովրդի ուշադրությունը շեղելու և իրեն ընդդիմացողներին լռեցնելու համար։

«Այս կերպ նա փորձում է ունենալ հեզասահ ընտրություն 2026 թվականին»,- հավելեց Հարութ Սասունյանը։

Արդյոք տեղի ունեցող գործընթացներին համարժե՞ք է Սփյուռքի արձագանքը՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Հարութ Սասունյանն ասաց.

«Իմ կարծիքով՝ ոչ։ Վերջին տարիներին շատուշատ ծանր փորձություններ են պատահել հայրենիքում, բայց թե՛ հայաստանյան, թե՛ սփյուռքի շատ շրջանակներ կարծեք հիպնոսի մեջ են․ զբաղված են ուտել-խմելով, պարելով, իսկ մինչ այդ՝ մենք երկիր ենք կորցնում, ապրում ենք ցավալի օրեր։ Ժողովուրդը պետք է արթնանա»։

Սփյուռքահայ գործիչը ցավով արձանագրեց, որ այս ճակատագրական պահին ներհակություն կա ընդդիմադիր շրջանակներում, որ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում կոնսոլիդացվել՝ այդ կերպ չհաջողելով իրենց պայքարում։

«Պետք է հարյուր-հազարավոր մարդիկ հավաքվեն Հրապարակում և տուն չգնան՝ մինչև այդ մարդը չհրաժարվի իր պաշտոնից։ Դա՛ է լուծումը,- ասաց նա, ապա անդրադառնալով հենց Վեհարանն «ազատագրելու» փաշինյանական ծրագրի հետևանքներին՝ ցավով արձանագրեց,- Եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք քաղաքացիական բախում՝ այն էլ Սուրբ Էջմիածնի տարածքում․ մի բան, որ չեն արել թուրքերը, Սովետը, բայց, ցավալիորեն, անում է մեր անկախ Հայաստանի վարչապետը»։

Տեսանյութեր

Լրահոս