
Պետությունը չի կարող սեփականատիրոջ շահն ավելի լավ սպասարկել, քան սեփականատերը՝ հենց ինքը. տնտեսագետ

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն առաջին աշխատանքային օրը ՀԷՑ եկավ ուշացած, քանի որ նոր պաշտոնի համատեքստում Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացի հետ կապված հարցեր էին եղել։
Բայց, հասնելուն պես, ժամանակավոր կառավարիչը հենց դռների մոտ սկսեց հայտարարել, թե ում է ազատելու աշխատանքից, ու հենց սկզբում նշեց տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի անունը։
«Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ես կարող եմ դա ձեզ ասել, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին հասցնողներից մեկը կարծես թե հենց նույն պաշտոնյան է,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը, ապա մտնելով ՀԷՑ շենք՝ վստահեցրեց,- Ես մտնում եմ հանուն ՀՀ-ի»։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը թեև ՀԷՑ-ի շուրջ մեկնարկած գործընթացները դիտարկում է բացառապես քաղաքական շրջանակներում, սակայն ահազանգում է դրա տնտեսական լրջագույն հետևանքների մասին։
168․am-ի հետ զրույցում տնտեսագետը զարմանքով անդրադարձավ ՀԷՑ-ում կառավարման անարդյունավետության, քաղաքացիներին պատճառված անհանգստության մասին իշխանավորների մտահոգությանը՝ նկատելով, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն կա, որից թեև դժգոհությունն աճում ու աճում է, բայց որևէ քայլ իշխանությունների կողմից չի ձեռնարկվում։
«Ամենացցունը «Վեոլիա ջուր» ընկերության օրինակն է, որի գործունեությունը խայտառակ կբնութագրեի, որովհետև այսօր մայրաքաղաքում կա ջրի խնդիր։ Կառուցվող թաղամասեր կան, որտեղ ջրի պատճառով ներդրումային ծրագրեր են տապալվել․ շինթույլտվություններ ստանալու փուլում են մարդիկ, բայց ջուր չլինելու պատճառով փաստի առաջ են կանգնել, ջրանջատումներ կան։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցն առաջ չի գալիս՝ «ազգայնացման», կառավարչի նշանակման առումով։
Ամեն ինչ կարող են ասել՝ քողարկելու իրական նպատակները․ ակնհայտ է ամեն բան։ Նույնիսկ ՀԾԿՀ նիստը դեռ չգումարված՝ արդեն հայտարարվել էր նոր կառավարչի նշանակման մասին, բայց անկախ մարմինը պետք է վարույթ հարուցեր, որից հետո մեկնարկեին գործընթացները»,- մանրամասնեց Հայկ Ֆարմանյանը՝ շեշտելով, որ տեղի ունեցողի պատճառը քաղաքական է։
Նա այս համատեքստում, սակայն, անդրադարձավ հարցի տնտեսական կողմին՝ հիշեցնելով, որ փորձը ցույց է տվել՝ պետությունը լավագույն կառավարիչը չէ, պետությունն ունի կարգավորող ֆունկցիա՝ ինչպես, օրինակ, բանկային համակարգ-ԿԲ համագործակցության դեպքում է։
«Պետությունը պետք է սահմանի նորմատիվներ, բայց որ կառավարումը վերցնի իր ձեռքը, դրանով հարցերը չեն լուծվում․ հիմա X անձնավորությունը նշանակվել է կառավարիչ, ի՞նչ, հրա՞շք պետք է գործի, ի՞նչ պիտի անի։
Վերջին հաշվով, եթե կա ինչ-որ ներդրում անելու, բարեփոխելու, որևէ ծախս անելու խնդիր, պետությունն ո՞ւմ հաշվին պիտի անի։ Պետությունը չի կարող սեփականատիրոջ շահն ավելի լավ սպասարկել, քան սեփականատերը՝ հենց ինքը։ Եթե կա խնդիր, դրա համար պետք է նորմատիվներ սահմանվեն, պետք է պահանջներ առաջ քաշվեն,- նշեց Հայկ Ֆարմանյանը, ապա խոսելով մեկ այլ տնտեսական հետևանքի՝ ներդրումային միջավայրի անբարենպաստ լինելու ցուցիչի մասին, արձանագրեց,- Հայաստանում ներդրումային միջավայրն առանց այդ էլ խնդիրներ ունի՝ անվտանգային լուրջ խնդիրներ, հարկային քաղաքականություն։ Այսպիսի իրավիճակներն էլ ավելի են սրում իրողությունը․ երբ դրսի ներդրողը տեսնում է, որ սեփականության իրավունքը պաշտպանված չի փաստացի, բնականաբար, չի դիմի ռիսկի»։
Տնտեսագետը պրիմիտիվ որակեց ՀԷՑ-ին ուղղված՝ «հոսանքն անջատվեց, սառնարանը փչացավ․․․» մեղադրանքները, փոխարենը՝ չբացառեց, որ խնդիր էր դրված նաև ընտրություններից առաջ ՀԷՑ 7000 անձանց կառավարելի դարձնել։