«Սաուդյան Արաբիան շարունակում է բոյկոտը թուրքական ապրանքների դեմ․ Հայաստանը պետք է օգտվի արաբական պետությունների և Թուրքիայի միջև եղած թշնամությունից»․ Վահե Մահշիկյան

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը:

Հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայում ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին չեն վաճառում թուրքական ապրանքներ։

Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես նշվում է․

«Մենք վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ թուրքական որևէ ապրանք չենք ներմուծում»։

Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան արգելել է նաև իր քաղաքացիների մուտքը Թուրքիա։

Թուրքիան տարեկան 20 միլիարդ դոլարի վնաս է կրում կատարված այս քայլերի արդյունքում։ Թուրքական ապրանքների մուտքն արգելել են շատ արաբական երկրներ։

«Արաբները սպասում են համագործակցելու մեր քայլերին։ Ինչ ուզենք՝ կարող ենք  գնել նրանցից։ Օրինակ՝ Սիրիան պատրաստակամություն է հայտնել Օդային փոխադրության միջպետական համաձայնագրի վերաբերյալ, իսկ Հայաստանը կարծես թե  քայլ չի անում այդ ուղղությամբ։ Հայաստանը պետք է օգտվի արաբական պետությունների և Թուրքիայի միջև եղած թշնամությունից։ Բայց այս ուղղությամբ Հայաստանում կարծես թե մտածող և աշխատող չկա։

Հայաստանը դիվանագիտական կապեր ունի շատ արաբական երկիրների հետ, դրանք հարուստ երկրներ են և առատաձեռն են, կտան այն, ինչ կուզենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ 2019թ.-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։

Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:

Երբ 2017թ․-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզել է կապերը հարևան Կատարի հետ, Անկարան աջակցել էր Դոհային՝ տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները չեն փայլում նաև այն ​​բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջին։

 

Տեսանյութեր

Լրահոս