«Կովկասում արևմտյան որևէ միջամտություն խնդրահարույց է՝ նկատի ունենալով Ռուսաստանի աշխարհաքաղաքական գործոնը». Խաչիկ Տեր-Ղուկասյան

Տարածաշրջանում  տագնապներ հրահրելը և դրանք վառ պահելը, այսպես կոչված, «hot spot»-ները, ըստ էության, Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության հիմնական ռազմավարությունն  է: Իսկ իսլամիստական խաղաքարտն այդ ռազմավարության և՛ մարտավարական, և՛ ինչ-որ չափով գաղափարախոսական բաղկացուցիչներից է, մասնավորաբար, Միջերկրականի արևելյան տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում: Կովկասի պարագայում գաղափարախոսական բաղկացուցիչ տարրն ավելի շատ պանթուրքիզմն է։ 168.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են Արցախում ընթացող մարտական գործողություններն աշխարհաքաղաքական խնդիր, և որքանո՞վ են դրանք ՌԴ-Թուրքիա հարաբերությունների տիրույթում:

«Իսլամիստների օգտագործումը կարող է զուտ «գործնապաշտական» լինել, որ Ադրբեջանը հնարավորին չափ մարդուժի կորստից զերծ մնա, խնայի այն: Միաժամանակ, նույն այդ իսլամիստների աշխարհայացքում «տեղավորված» է քրիստոնյա հայի, այսպես ասած, թշնամի կերպարը, որը ապագայում կարող է ծառայել Միջին Արևելքի և միգուցե ավելի համաշխարհային մասշտաբով սփյուռքյան համայնքներին սպառնալու կամ ահաբեկելու համար։ Թուրքական ռազմավարությունը, անշուշտ, ունի դիվանագիտական իր երեսը, որ շատ ակտիվ է։ Չեմ կարծում, որ աշխարհը և, հիմնականում, արևմտյան պետությունները չեն տեսնում սա: Բայց Կովկասում արևմտյան որևէ միջամտություն խնդրահարույց է, սա ասում եմ՝ նկատի ունենալով Ռուսաստանի աշխարհաքաղաքական գործոնը։ Հետևաբար՝ հարցը հիմնականորեն վերաբերում է Ռուսաստանի կեցվածքին։ Անբացատրելի է, թե ինչ պատճառներով հակազդեցություն չկա Մոսկվայից՝ հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական ազդեցության գոտու ներսում պանթուրքական/իսլամիստ այս ներթափանցման հաստատագրման մեծ ռիսկը։ Հարցը միայն ռազմական տեխնիկայի և զինվորական մնայուն ներկայությունը չէ, այլ` նախընթացը, որը ստեղծվում է այս պատերազմի  օրինակով՝ նոր առաջխաղացում արձանագրելու Կովկասում»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ փաստորեն արցախյան մարտական գործողությունները ՌԴ-Թուրքիա դերակատարության խնդիր կամ կռիվ է, Խաչիկ Տեր-Ղուկասյանը պատասխանեց.

«Ռուսական «դերակատարությունն» այս պարագայում ավելի շատ «հանդիսատեսի» և դեպքերին հետևողի վարքագծով եմ տեսնում: Ռուս-թուրքական դերակատարությունը դինամիկ բնույթ ունի, թերևս, 2011-ից՝ Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր, և Միջին Արևելքի մեջ  ԱՄՆ-ի գործոնի տկարացման և տարածաշրջանի մեջ իր ռազմավարական ներկայության և դերի կտրուկ նվազեցման արդյունք է։ Ռուս-թուրքական դերակատարությունը դինամիկ բնույթի նկատելը նշանակում է՝  հեռանալ բարեկամ/թշնամի կայուն մտապատկերից և չբացառել ո՛չ բախումը, ո՛չ էլ համագործակցությունը»:

Թե ինչ պիտի անի Հայաստանն այս իրավիճակում, մեր զրուցակիցն ասաց, որ, բացի ճակատը պահելուց, այլ բան չի տեսնում:

«Չգիտեմ՝ ելքն ինչ պիտի լինի, բայց, հավանաբար, պետք է վերատեսության ենթարկել ազգային անվտանգությունը, այս անգամ՝ համահայկական ռազմավարական մոտեցումով, ուր ի մասնավորի դիվանագիտական աշխատանքը պիտի ավելի համակարգել։ Պաշտպանության քաղաքականությունն ամուր է, և հակառակ ուժային մեծ անհավասարության՝ հայկական ռազմական դոկտրինն ինքն իրենով հիմնավորված է: Նախարարի քիչ հրապարակային ելույթներում այդ դոկտրինի բանաձևումները հստակորեն դրսևորվում են: Բայց դա  բավարար չէ։ Դիվանագիտական աշխատանքը, ընդ որում, կրկնում եմ, համահայկական համակարգումով, կենսական է»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս