ՀՀ կառավարությունը չպե՞տք է միջոցներ հատկացնի նաև ոչ պետական կրթական հաստատություններին. պարզաբանում են նախարարությունից

Սեպտեմբերի 23-ին 168.am–ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ճշտելու, թե կորոնավիրուսի կանխարգելման համար նախատեսված պաշտպանիչ միջոցների ձեռքբերման համար ինչո՞ւ են պետության կողմից միջոցներ հատկացվում միայն պետական հանրակրթական հաստատություններին՝ մասնավոր կրթական հաստատություններին թողնելով ինքնաֆինանսավորման հույսին:

Հարցման մեջ մասնավորապես նշել էինք. «Օրերս մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է 646,787.5 հազար դրամ հատկացնել ՀՀ բոլոր պետական հանրակրթական դպրոցներին, ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության հատուկ և մասնագիտացված դպրոցներին, արտադպրոցական հաստատություններին, մարզադպրոցներին և ՆՄՄԿՈՒ հաստատություններին դիմակներով, ձեռքերի ախտահանիչներով և շենքերի ախտահանիչներով ապահովելու համար:

Հաշվի առնելով հանգամանքը, որ կորոնավիրուսը օբյեկտիվ պատճառ է ողջ աշխարհում, և յուրաքանչյուր պետության յուրաքանչյուր քաղաքացի է առնչվում խնդրին, արդյոք խնդրահարույց չէ՞ պետականորեն տարանջատել պետական – ոչ պետական հանրակրթական հաստատությունները, և ոչ պետական հաստատություններին պետբյուջեով չհատկացնել գումար՝ կորոնավիրուսի կանխարգելման համար նախատեսված պաշտպանիչ միջոցների ձեռքբերման համար:

Արդյոք ՀՀ կառավարությունը պարտավոր չէ՞ միջոցներ հատկացնել նաև ոչ պետական կրթական հաստատություններին՝ համապատասխան ախտահանիչ նյութեր ձեռք բերելու համար»:

Ի պատասխան՝ նախարարությունից մասնավորապես հայտնեցին. «Ոչ պետական ուսումնական հաստատությունների աշխատակիցները նույնպես անվճար թեստավորում են անցնում պետության միջոցներով՝ ուսումնական գործընթացի կազմակերպումն անվտանգ կազմակերպելու նկատառումներից ելնելով։

Ինչ վերաբերում է պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների ձեռքբերմանը, ապա պետական ուսումնական հաստատություններին այդ նպատակով հատկացվող ֆինանսավորումն իրականացվել է ուսումնական հաստատություններին ընդհանուր ֆինանսավորման քաղաքականության համատեքստում և առանձնացված մոտեցում չի ենթադրել»:

Ամեն դեպքում, անհասկանալի է մնում, թե կորոնավիրուսի թելադրած օրակարգում որքանո՞վ է օբյեկտիվ ԿԳՄՍ նախարարության կողմից նախկին քաղաքականության վարումը և առանձնացված մոտեցման ցուցաբերումը՝ անգամ, եթե դա չի ենթադրվել:

Տեսանյութեր

Լրահոս