Բաժիններ՝

Ադրբեջանի կողմից շփման գծում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների, վարձկաններ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ

2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով`

1945թ. հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից), 1974թ. դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա» կետի (պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք),

«բ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ պետության կողմից այլ պետության տարածքի դեմ ցանկացած զենքի կիրառումը), «գ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային ուժերի կամ ծովային և օդային նավատորմերի վրա հարձակումը), 1998թ. հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի (այսուհետ՝ ՄՔԴ) Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության, 1989թ. ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված «Վարձկաններ հավաքագրելու, օգտագործելու, ֆինանսավորելու և ուսուցանելու արգելման մասին» կոնվենցիայի դրույթների, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի նորմերի պահանջները, հարձակման է անցել Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանը, սանձազերծել է ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ, որի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելով նախապես հավաքագրված վարձկաններ, զինված ուժերի մասնակցությամբ, ականանետային-հրթիռահրետանային համակարգերի և անօթաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես՝ ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները` նշված զինատեսակներով հրետակոծելով Ստեփանակերտ քաղաքը, ինչպես նաև Հանրապետության մնացած բոլոր՝ Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի շրջանները և դրանց հարակից այլ բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ։

Ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու և ռազմական գործողություններում վարձկաններ օգտագործելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում 2020թ. սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կամ վարելը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները), 391-րդ հոդվածի 3-րդ մասով (զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելը) և 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած քննչական խումբը շարունակում է իր աշխատանքները Արցախի Հանրապետությունում և պարբերաբար այցելում է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային (Ասկերան), երկրորդ կայազորային (Հադրութ), երրորդ կայազորային (Մարտակերտ) քննչական բաժիններ, համակարգում քննչական, դատավարական գործողությունների իրականացումը։

Հայկ Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի հետ:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեների ծառայողների կողմից զուգահեռ իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, որոնց ընթացքի և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս