Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպելու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը:

Ինչպես հայտնում է Tert.am-ը, հղելով ТАСС գործակալությանը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, որի հաղորդագրության մեջ նշվում է, խոսքը նաև նախարարների միջև եռակողմ հանդիպման առաջարկի մասին է:

«Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Հաստատվել է համապատասխան շփումներ կազմակերպելու համար մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 73 անօդաչու թռչող սարք, 151 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Տեսանյութեր

Լրահոս