ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրադրությունը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: Նախարարն իր շվեդ գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանն իր խորը մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել առաջիկայում նախարար Լինդեին հյուրընկալել Հայաստանում, ինչը լավ հնարավորություն կընձեռի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման և համագործակցության հետագա ծրագրերի ուղենշման համար: