Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է, փոխարենը ներառվել է ադրբեջանցի ռեժիսորի ֆիլմը
Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից։ Այս մասին տեղեկացնում է Эхо Москвы ռադիոկայանը։ Ինչպես գրում է «Зеркало» ինտերնետ հրատարակչությունը, ֆիլմը հանելու հարցում միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը։ Ֆիլմը նույնիսկ չի հիշատակվում կինոփառատոնի կայքում, չնայած, ինչպես ցույց է տալիս Google-ի արխիվը, նախկինում այն այնտեղ եղել է։ Միևնույն ժամանակ, մրցույթի հիմնական ծրագրում ներառվել է ադրբեջանցի ռեժիսոր Իսմայիլ Սաֆարլիի «Ձկնորսի աղջիկը» ֆիլմը։
Ջիվան Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս որոշմանը՝ ասաց.
«Ինձ պաշտոնապես տեղեկացրել են այդ մասին՝ ասելով, որ ժամանակները խառն են, սակայն մենք բողոքելու ենք այս որոշման դեմ»:
Նշենք, որ Դրախտի դարպասը Արցախյան պատերազմին նվիրված խաղարկային լիամետրաժ ֆիլմ է: 50-ամյա գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը: