Վարչապետի ֆուտուրիստական տեսլականը

Ժամանակային ձևերի մեջ ամենադժվար իրացվողը ներկան է՝ իր ողջ պատասխանատվությամբ: Իսկ պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն անցյալի մեջ կամ ապագայում թաքնվելն է: Անցյալը՝ որոշված, ապագան՝ անորոշ, հեշտ է որոշելիքը կիսել այդ երկու՝  ուղղակիորեն խնդիր չհարուցող տարածությունների միջև: Եվ սեպտեմբերի 21-ին Մատենադարանում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հենց դրա վկայությունն էին, սակայն որոշ իմաստով՝ թերի, մասնակի: Որովհետև Փաշինյանը չի սիրում մեր անցյալը, թեպետ խորհրդանշական օրվա իրողությունը հենց անցյալի ձեռքբերում էր: Վարչապետի համար անցյալը սկսվում է 2018-ից, որը ոչ թե միտված է ապագային, այլ հենց ինքը՝ ապագան է: Չկա անցյալ, այսինքն՝ կա, բայց «քխ» է (թող ինձ ների Սեպտեմբերի 21-ը), չկա ներկա, այսինքն՝ այդ ներկան միշտ 2018 թվականն է և միշտ հեղափոխություն է: Ու մեկ լոնքով անցում` 2050 թվական: Այս հայացքը կոչվում է ֆուտուրիզմ՝ ապագայապաշտություն, որը գրական հոսանք էր՝  եղած ու անցած. չարդարացրեց իրեն, մերժվեց, և ժխտողը ռեալիզմն էր, իրականությունը, որից՝ ռեալից, ուղղակի չես փախչի:

Այդպես էլ մեր ռեալ իրականությունը, որ մերժելի է իր հիմնական գործառույթներով, ժխտում է Փաշինյանի ապագայապաշտությունը: Որպես տեսլական՝ գուցե մերժելի չէ, պարզապես ներկա իրականությունն է ժխտում՝ նման տեսլականը դարձնելով սնանկ:

Երկուսուկես տարի է՝ ասում ենք, որ այս կառավարությունը, իշխանության եկած քաղաքական ուժը չունի ծրագիր, և ահա Նիկոլն այդ տեսլականն է հրամցնում՝ որպես ծրագիր՝ 30 տարվա հեռավորությամբ: Ցանկացած տեսլական նախ շոշափվում է իրականության մեջ, եթե կայուն է ներկան, տեսլականն ինքնին դառնում է իրական ու իրականանալի, իսկ երբ անկայուն է ոտքերիդ տակ հողը, հենքը խարխուլ, ֆուտուրիստական անհայտություն, թափառող անորոշություն է դառնում: Ապագան պաթոս չի սիրում, ներկան՝ նույնպես: Թերևս, պաթոսով կարելի է վկայակոչել միայն անցյալի արժեքները, որպես ոգեշնչում, միայն այդքանը: Բայց Նիկոլ Փաշինյանը ժամանակների տեղերը շփոթել է տարածության մեջ, կամ ժամանակային ձևերը նորովի է բաշխել` սեփական հաճությամբ, և պաթոսը բաժին է հանել ապագային, քանի որ չի սիրում մեր անցյալը:

Պարզվում է` ներկան էլ չի սիրում. կա միայն ապագա, և այդ ապագան 2018-ն է 2050-ի մեջ: Եթե հարցնեք` ի՞նչ է պոպուլիզմը, ապա պատասխանը հակիրճ կլինի՝ պաթոսով նկարագրել ապագան: Պոպուլիզմը շահեկան է, բայց կարճ կյանք ունի, փոքրիկ ապագա:

Վարչապետի նախկին ելույթի ցուցակը՝ ապագային ուղղված նոթերով, կամ գրառումներ ապագայի տետրից, ավելի երկարագիր էր: Օրինակ, Հայաստանի ազգային հավաքականի՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն դառնալու նշումը սղված էր, հավանաբար փոխարինվել էր Հայաստանի քաղաքացու` 2018-ից սկսած, որոշիչ ուժ լինելու անվիճարկելի փաստով: Եվ դա ասվում է սեպտեմբերի 21-ին՝ որպես հայտնություն: Հետևաբար՝ 29 տարի առաջ այդ օրը մենք անորոշ ենք «Այո» քվեարկել մեր անկախությանը, մենք չենք որոշել: Գուցե այդ անորոշությունը հետևանք է, որ տարիքի անհամապատասխանության բերումով ապագա վարչապետն իրավունք չի ունեցել մասնակցել հանրաքվեին, այսինքն՝ քվեարկելու համար որոշիչ տարիքում չի եղել: Նույն այդ հայտնության համաձայն` արցախյան քառամյա ազատամարտն անորոշ ենք հաղթել, ապրիլյան քառօրյա պատերազմում նույնպես որոշիչ ուժ չէին թշնամու հատուկ պատրաստվածություն անցած, էլիտար համարվող ջոկատները ցիրուցան արած ու գրողի ծոցն անդարձ ուղարկած մեր սպաներն ու զինվորները: Մենք չենք եղել որոշողը մեր նվաճած այն բոլոր արժեքների ու խորհրդանիշերի, որոնց վրա այսօր հենված է վարչապետը: Այդ բոլորը Ջինի շշում էին, 2018-ի ապրիլին Նիկոլը հրապարակում հանեց խցանը և դափնիներով պսակեց հայությանն ու Հայաստանը:

Վարչապետի վիճակագրական տվյալները հավաստիացնում են, որ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը լինելու է առնվազն 5 մլն: Բնավ էլ անհավանական տեսություն չէ սա, հնարավոր է, որ 6 մլն-ի հասնի, ավելի ուրախ մեզ համար: Հավանական է, բայց կանխատեսում են անում ունեցած սոցիալական պատկերի վրա և ըստ այդմ էլ հասկանում՝ իրագործելի՞ է, թե՞ ոչ: Փոխարենը՝ այսօր երկրից դուրս գնալ ցանկացողները հացադուլ են անում, պահանջում են ճանապարհ ու տրանսպորտի միջոց հեռանալու համար: Միայն Ռուսաստանի հայ քաղաքացիները չեն, որ ուզում են օր առաջ լքել Հայաստանը:

Արտագաղթը կանգ չի առել, շարունակվել է նիկոլյան հեղափոխությունից հետո էլ, արտագնա աշխատանքի մեկնողների հոսքը` նույնպես: Սահմանափակողն արտակարգ դրությունն էր, հիմա` կարանտինը, որը մխիթարանք չէ: Իսկ Լիբանանից եկողները գնալու են, ինչպես Սիրիայից եկողները գնացին: Մարդկանց սոցիալական վիճակը ոչ միայն չի բարեփոխվել, այլ ավելի վատթարացել է: Իսկ երկուսուկես տարի առաջվա ներգաղթի վստահ կանխատեսումը չիրականացավ, ինչպես չիրականացավ արտերկրից կապիտալի ներհոսքն ու ներդրումները, մնաց պոպուլիզմ, որը կարճ կյանք ունի, փոքրիկ ապագա, այս անգամ՝ ընդամենը երկուսուկես տարի: Այս իրականությունը սթափ հայացքով քննելու դեպքում  նման վիճակագրական կանխատեսումը, այն էլ՝ կատարվելիք փաստի վստահությամբ, ֆուտուրիզմ է: Բայց հնարավոր է, որ այդ թիվը գրվի, եթե 30 տարի հետո էլ վարչապետը լինի Փաշինյանը, իսկ ԿԸՀ նախագահը՝ Մուկուչյանը:

Վարչապետի ֆուտուրիստական պատումներից է նաև 25 ոսկե մեդալը: Մենք 50-ի ախորժակ ունենք, սա բնավ էլ պոպուլիստական վարակ չէ, պարզապես լավագույն ցանկություն: Բայց կրկին անդրադարձ կատարենք մեր իրականությանը, այն՝ ինչ ունենք:

Շաբաթներ առաջ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ էր անում Երևանի կենտրոնում. էդ մի ոսկե մեդալը հան 25-ից: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանին ասֆալտին փռեցիք բառի ուղիղ իմաստով. էդ մեկն էլ հան 25-ից: Արսեն Ջուլֆալակյանը, ինչպես ասում են՝ թռավ կողիցդ. նրա մեդալներն ավելի շատ են, բայց դու դարձյալ մեկը հան սույն 25-ից: Համաշխարհային ֆուտբոլի աստղ Մխիթարյանը՝ մեր Հենոն, ընդգրկված չէր ազգային հավաքականի կազմում, այլևս խաղից դուրս է: Պատճառները մեզ մի ասեք, մեզ ցավոտ փաստն է հուզում: Էլի՞ թվարկենք նման օրինակներ` մի քիչ այս կամ այն դրսևորումներով, թե՞ թողնենք վաղվա իրականությանը, որի մեջ կրկնվելու է ենթադրաբար: Ֆուտուրիզմը գրականության մեջ, անշուշտ, իր դերակատարումն ունեցել է, բայց երբ այն տեղափոխվում է քաղաքականություն, մեր կյանքի ժամանակը, որպես ռեալիզմ, մերժում է, ժխտում այդ դերը և թողնում անկատար: Իսկ եթե ֆուտուրիզմ է, նույն ֆուտուրիստական հնարով կլինի՞, որ էդ 2050 թվականն այսօր բերես, վարչապետ, գոնե մի օր մարդավարի ապրենք:

Տեսանյութեր

Լրահոս