Հարուստների ունեզրկումը (և ոչ միայն ունեզրկումը)՝ ուղիղ եթերում

Օրերս կայացած հանդիպումը՝ նախկին օլիգարխ-ներկա գործարարների հետ, տհաճ էր: Տեսարանը, որում շատ հարուստ մարդիկ նվաղում են մեկի առաջ, ով իր կարիերայի մեծ մասը նվիրել է իրենց տեսակի հանդեպ զզվանքը հրապարակավ արտահայտելուն, ով իշխանություն տենչալուն զուգահեռ՝ ատել է բոլոր փողատերերին, զզվելի է:

Ինչպես հարուստների հպատակ հայացքը, որ հանդիպման տիրոջ ճաշակով մոնտաժված կադրերում ավելի է ընդգծում նրանց ստրկությունը: Հարուստ ստրկությունը: Այդ հայացքների տակ թաքնված լուռ հայհոյանքն ավելի տհաճ է դարձնում ներկաների՝ հանուն մի կտոր «ավել միլիոնի» հնազանդվելու պատրաստակամությունը: Հատկապես, որ այդ մարդկանց սրահ թողնելուց առաջ կանչողի թիկնազորը ստուգել է ոչ միայն զենք-զինամթերքի, այլ նաև սրբությունների հետ կապի բացակայությունը, եթե անգամ ուրացողները թաքուն սմս-ներով երդվել են, որ ուրանալիս խաչակնքել են մատները:

Ազգային բուրժուազիան, որի կարևորության մասին միանգամայն արդարացիորեն ժամանակին խոսում էին պետական գործից եզակիորեն հասկացող ընտրյալ մարդիկ, Հայաստանում վերածվել է ապազգային ջոջերի հավաքականության: Ի տարբերություն գոնե ազգային ձևացող չարենցյան ջոջերի, սրանց թույլատրված է հարստանալ միայն «Իրական Հայաստանի», իմա՝ «Արևմտյան Ադրբեջանի» տրամաբանությամբ ու շրջանակներում:

Դրա համար էլ հրավիրողը, այսինքն՝ կանչողը, իմա՝ հարուստներին ասողը, ներկայացնում էր Ադրբեջանի հետ ճանապարհների բացման երջանիկ հեռանկարը: Նա չէր ասում, բայց հասկացողը հասկանում էր, որ այդ ճանապարհներով մինչև հարուստների արտադրանքի արտահանումը, արդեն իսկ Հայաստան է ներմուծվել ադրբեջանական նվաստացումը՝ անձամբ Ալիևի արտադրած, որը սրահի տերը՝ սուբլիմացիայի բոլոր նրբություններով, փոխանցում էր հարուստներին ու ավելի հարուստներին: Ինչպես վերջիններս են հանդիպումից դուրս գալով՝ ասողի ստորացումը փոխադրելու իրենց սեփական թիկնապահների վրա, որոնք դրսում կանգնած սպասում են ջոջերին՝ «Խմբապետ Շավարշի» պոչերի նման…

Կարդացեք նաև

Տեսարանի գարշանքը սրահ բերման ենթարկողի ու ադամանդե հնազանդվողների  խնդիրը կլիներ, եթե նրանք իրենց արտադրած նյութական ու ոչ նյութական բարիքները սպառեին միայն ադրբեջանական շուկայում: Բայց քանի որ ու քանի դեռ այդ երանելի շուկան փակ է, նրանք ամեն օր հանապազօրյա հացից սկսած՝ մինչև ներկաներից մեկի ինտելիգենտ ձևացող դեմքի նման արհեստական բանականություն, վաճառում են հայ մարդկանց:

Այսինքն՝ նրանց արտադրածն ու վաճառածը, ինքնարժեքից ու գերշահույթից բացի, ներառում է նաև հրավիրողի կողմից փոխանցված ադրբեջանական նվաստացումը: Այսինքն՝ նրանց վաճառած հացն ու վճարած աշխատավարձը պիղծ է, ավելի ստույգ ու կանչողին հոգեմոտ բառով՝ հարամ է: Ադրբեջանում վաճառվող հարամ խոզի մսի նման:

Հարուստների նվաստացման այդ աղքատիկ տեսարանի ամենաայլանդակ դրվագը փողատերերի լռությունն էր՝ ի պատասխան կանչողի խնդրանքին՝ ավելացնել աշխատավարձերը՝ Առողջության ապահովագրության համակարգի համար: Անասնականը պարզ, մարդկային հարցի բացակայությունն էր, որ պետք է ուղղվեր կանչողին՝ քաղաքացիների առողջության մասին մտահոգվողն ինչո՞ւ է Հայաստանի՝ արդարադատության գծով ամենաանառողջ, այսինքն՝ ամենահիվանդ դատավորի միջոցով բանտարկում առողջության հետ լուրջ խնդիրներ ունեցող 18-ամյա Դավիթ Մինասյանին:

Այդ չհնչած հարցն ու դրա պատասխանի բացակայությունն է Հայաստանի այսօրվա այլասերման ախտորոշումը՝ հարուստներին զզվանքով կառավարելու միջոցով անձնիշխանության տեսքով:

Դրան ենթարկվող պուզատիների ինքնարդարացումը, թե ստորանում են ոչ թե իշխանության, այլ պետության առաջ, կեղծ է ճիշտ այնքան, որքան անփողկապավոր նստածներից մեկի խանութներում վաճառվող սննդամթերքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930