Մահվան հաշվապահների խրախճանքը
«Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն», «Ադրբեջանից Հայաստան կառաքվի 4500 տոննա դիզելային վառելիք», «Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկում Հայաստան»… սրանք ամենշաբաթյա լրահոսի վերնագրեր են, որոնցով ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են իրենց տարածքով դեպի Հայաստան առաքումների մասին: Տեղեկացնում են ամենայն մանրամասնությամբ ու թվաբանական ճշտությամբ:
Այս վերնագրերը ծառայում են երկու նպատակի: Ադրբեջանի իշխանությունը դրանք խցկում է բոլոր միջազգային կառույցների ամեն հնարավոր զեկույցներում՝ իր «խաղաղասիրական կերպարի» ամրապնդման համար: Դրանց մյուս օգտագործողը Հայաստանի իշխանությունն է, որը նույն վերնագրերը խցկում է հայ մարդկանց ուղեղը՝ ապացուցելու համար, որ այդքան երանելի խաղաղությունն այլևս արտահայտվում է վառելիքային ու հացահատիկային դրսևորումներով:
Ինչպես միջազգային քաղաքականության գուրուների, այնպես էլ հայ շարքային մարդկանց պարագայում ուղեղների խցկումը կարևոր է, որովհետև երկու դեպքում էլ «փողին մուննաթ» սկզբունքին զուգահեռ, կարևոր է նաև մտածելու կարողության բացառումը: Անգամ, իսկ ավելի հաճախ՝ հատկապես աղբով լցված ուղեղները զրկվում են ոչ միայն կենդանի ժամանակում մտածելու, այլ նաև անցյալ ժամանակի մասին հիշելու կարողությունից՝ ամբողջությամբ հանձնվելով վառելիքահացահատիկային ապագայի մասին պատրանքներին:
Իսկ հայ մարդկանց չհիշելն Ադրբեջանի, հետևաբար՝ նաև Հայաստանի իշխանության համար ավելի կարևոր է, քան բեռնափոխադրվող ամենայն ապրանք ու դրանից ստացվող փողի քանակություն: Հիշելու դեպքում մարդիկ կարող են նաև ասոցիացիաներ ապրել և հանկարծ արձանագրել, որ ադրբեջանական լրատվամիջոցների ամենշաբաթյա լուրերը՝ իրենց տարածքով առաքումների խմբաքանակների մասին, ողբերգականորեն նման են ընդամենը վեց տարի առաջ ամեն օր ստացվող չարագուշակ լուրերին՝ այն ժամանակ դեռևս մեզ պատկանող Արցախից Հայաստան տեղափոխվող մարմինների, դրանց քանակների վերաբերյալ: Այս ասոցիացիան զգացող հայ մարդը հանկարծ կարող է հայտնաբերել նաև, որ Ադրբեջանում այդ լուրերը գրողները մտածում ու նպատակադրում են հայերիս ակնկալվող համարյա բաց նվաստացումը. այսքան լիտր դիզելային վառելիք՝ այսքան սպանված հայերի դիմաց, այսքան տոննա հացահատիկ՝ մյուս օրերին բայրաքթարի հարվածներից զոհված հարյուրավոր այլ երիտասարդների կյանքի դիմաց:
Հրեշավոր հնչելու իրողությունը չպետք է հետ պահի իրերն իրենց անուններով կոչելու անխուսափելիությունից ու արձանագրումից, որ Ադրբեջանը՝ Հայաստանի իշխանության հորթային հրճվանքի ներքո, ամեն շաբաթ մեզ վճարում է մեր պապերի հազարամյա տարածքի կորուստն ու մեր հազարավոր զավակների սպանությունն այդքան անվրդով ընդունելու ու կենդանական հաշտության համար: Ադրբեջանը փակում է հաշիվը՝ վճարելով հայ ժողովրդին սեփական զավակների կյանքի դիմաց, որից Հայաստանի իշխանությունը թեյավճար է ստանում հանուն կոպեկի գալարվող մատուցողի նման:
Առաքումների այս պատմությունը խաղաղության մասին չէ, ինչպես որ հակառակը կապ չունի պատերազմի հետ: Սա պատմություն է չփակված հաշիվների մասին, որը, մեր փոխարեն՝ փակում է Ադրբեջանը, ինչպես վարվում է ցանկացած բաշիբոզուկ՝ դիմացինի անթասիբ կեցվածքին ի պատասխան:
Հայկական Արցախն ու հինգ հազար հայ մարդկանց կյանքի չփակված հաշիվը հայերի որևէ սերունդ պետք է փակի, և դա որևէ կապ չունի ռևանշի կամ պատերազմի հետ, թեև, եթե անհրաժեշտ է՝ դրանք ևս պետք է չբացառվեն:
Կա՛մ երբևէ փակվելու է չփակված հայկական հաշիվը, կա՛մ փակվելու է հայկականությունն ու Հայաստանը:
Վառելիքահացահատիկային նվաստացման այսօրվա մեր հաշտ ընկալումը վաղվա սերնդին թողնվող այնպիսի բեռ է, որը հնարավոր չէ փոխադրել որևէ երկաթուղով կամ այլ շարժակազմով:



