Մենք դիվոտում ենք ճիշտ խոսքից, մեր մեծագույն թշնամին ճշմարտությունն է: Մեր գլուխը պտտվում է հաճույքից, երբ դատարկ տեղը մեր ինքնասիրությունը շոյող կեղծիք ենք լսում, երբ մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ լցված է օդով, և փուչ միջոցներով մեր արժանապատվությունն են ընդգծում` սուտ ասելով: Մենք պատրաստ ենք անգամ դրա համար վճարել, հյուրասիրել, միայն թե շարունակ թմրեցնող խաբկանքի չափաբաժինն ապահովվի:
Պարոնը ասում է, որ ժողովուրդը վստահում է իրեն և շնորհակալություն է հայտնում: Պարոնին բացահայտ ասենք՝ անգամ քո կինը քեզ չի վստահում, ավելին՝ դու քեզ չես վստահում, դարձյալ խաբում ես, բայց այս անգամ՝ արդեն միայն քեզ:
Քափ-քրտինք կտրած` նորից Նիկոլը մեղավորներ է փնտրում, դավաճաններ մատնանշում: Այս անգամ մենակ չէ, նեցուկ ունի Արայիկին: Երկու հայկական պետությունների ղեկավարները միահամուռ են: Հետպատերազմյան դուետ է, հարմոնիա: Պատերազմում պարտվելու համար մեղավոր է բանակը` չկռվեց, մեղավոր է կամավորը` դասալիք եղավ, մեղավոր է ժողովուրդը՝ աշխարհազոր չդարձավ, մեղավոր են նախկին իշխանավորները, մեղավոր են ապագա իշխանավորները, բոլորը: Անմեղ են միայն Նիկոլն ու Արայիկը:
Նիկոլն ինքնատիրապետումը կորցրած` փոխում է կառավարության անդամներին, փորձ է անում վերագտնել ինքն իրեն, վերադարձնել նախկին կերպարը: Չի գիտակցում, որ այլևս ինքը սև խոռոչ է: Պատմությունն արդեն սև տառերով է գրել այդ անունը կեղտոտ էջի վրա, որ ինքը նոյեմբերի 9-ից հետո պարզապես գոյություն չունի: Ժամանակը վերջակետ է դրել այդ անվան դիմաց՝ որպես խարան, անկախ այն հանգամանքից` վարչապետի աթոռի՞ն է, թե՞ մեկ այլ տեղում, քանի որ ցանկացած իրավիճակում դիտվում է՝ որպես սև քառակուսի: Նա բացառապես անցյալ է, սև անցյալ, որն իր ստվերի տակ է առել մեր ներկան ու ապագան:
Գեներալ Մովսես Հակոբյանի շուրթերից ճշմարտությունը հնչեց, իսկ ճշմարտությունը, որպես կանոն, լինում է կոշտ ու դաժան, անզիջում ու աններում: Այդ ճշմարտությունը լսելուց հետո մենք կարո՞ղ ենք ներել որևէ մեկին, ներել ինքներս մեզ, կարո՞ղ ենք ինքներս մեզ հետ հաշտ ու խաղաղ ապրելու հնար ու եզր գտնել: Մեզ ասել են, որ մենք պետություն ենք, և մենք հավատացել ենք, որովհետև հաճելի է պետություն, պետականություն ունեցողի զգացողությամբ ապրելը: Մեզ ասել են, որ մենք մարդ ենք, և մենք հավատացել ենք, քանի որ նույնպես հաճելի է մարդ` բանական էակ կոչվելը և այդ զգացողությամբ ապրելը:
Միջազգային ահաբեկչությունը` Սիրիայում, Լիբիայում և այլուր, իսկ այժմ էլ՝ Արցախում, գործում է Թուրքիայի հովանավորությամբ, իսկ Թուրքիան գործում է աշխարհի հովանավորությամբ ու թողտվությամբ: Միջազգային հանրությունը կանաչ լույս է վառել Թուրքիայի բոլոր քայլերի, ոտնձգությունների ու սանձարձակ երթևեկի առաջ: Վարձկան գրոհայիններ հավաքագրող և ահաբեկչական խմբավորումներ ստեղծող Թուրքիայի նախագահն այդ իսլամիստ ծայրահեղականների, կրոնական մոլեռանդների շրջանում ինքնահռչակ սուլթան ու մեծ խան է ընդունվում:
Արդեն մեկ ամիս է, արցախաադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ծավալված պատերազմի հենց սկզբից, Եվրոպայում և Ամերիկայում սփյուռքահայությունը բազմահազարանոց հանրահավաքներ է կազմակերպում` դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան արցախահայության նկատմամբ: Հորդորում է եվրոպական պետություններին և ակնկալում, որ նրանք նույնպես դատապարտեն Թուրքիայի մասնակցությունը պատերազմին:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրի ներքո զետեղված խմբագրականում հարկ չկա տողատակ փնտրելու կամ տարընթերցելու, ուղղակի ասում է, որ Թուրքիան Արցախի խնդրի կարգավորման բանակող կողմ լինի, և Հայաստանն ուղղակի այդ երկրի հետ բանակցի: Առաջարկը պատճառաբանվում է և հստակ տեսլական է ուրվագծվում:
Ժամանակային ձևերի մեջ ամենադժվար իրացվողը ներկան է՝ իր ողջ պատասխանատվությամբ: Իսկ պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն անցյալի մեջ կամ ապագայում թաքնվելն է: Անցյալը՝ որոշված, ապագան՝ անորոշ, հեշտ է որոշելիքը կիսել այդ երկու՝ ուղղակիորեն խնդիր չհարուցող տարածությունների միջև: Եվ սեպտեմբերի 21-ին Մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հենց դրա վկայությունն էին, սակայն որոշ իմաստով՝ թերի, մասնակի: Որովհետև Փաշինյանը չի սիրում մեր անցյալը, թեպետ խորհրդանշական օրվա իրողությունը հենց անցյալի ձեռքբերում էր:
«Ինչի՞ խաբեց մեզ, որ չէր կարողանալու երկիր կառավարել, ինչի՞ մեզ էս վիճակի մեջ դրեց»,- սա հռետորական հարցադրում չէ, սա ցուցարարների արդար պահանջն է հետհեղափոխական Հայաստանում: «Երկու տարի առաջ էս մարդիկ տաղավարները փակել` էս նույն հրապարակում Նիկոլի հետ հեղափոխություն էին անում, հիմա Նիկոլն արհամարհում է էս մարդկանց»,- սա արդեն խաբվածի, քցվածի մեղադրանք է՝ դարձյալ հետհեղափոխական Հայաստանում:
Եթե դեղ ու դարման չունեցող վարակը պատահական ու անզգույշների ընտրություն էր կատարում, ապա սոցիալական ճգնաժամն առավել մասսայական բնույթ է կրելու` խտրականության ու զգուշավորության միջոցառումները շրջանցելու սկզբունքով: Դիմակ կրելու, ախտահանվելու, տանը նստելու պայմաններն անօգտակար են լինելու, քանի որ սոցիալական ճաքն ու ճեղքվածքը սողոսկելու է տուն, որքան էլ ամուր փակված լինի դուռը, գրվելու է գազի հաշվիչին, հոսանքի հաշվիչին, վեր ու վար է անելու սառնարանի դատարկության մեջ, անփող գրպաններում, ի վերջո, նստելու է մեր սեղաններին:
«Հորս տուն եմ տանելո՞ւ էդ գույքահարկը»,- մուննաթ է գալիս Նիկոլ Փաշինյանը, երբ հարց են ուղղում քաղաքացիները, թե ինչպե՞ս ես վճարելու այն:
Մարդիկ բաժանվում են երկու խմբի, նրանք` ովքեր մտածում են ու նոր են խոսում, և նրանք` ովքեր խոսելուց հետո են մտածում: Իսկ Նիկոլ Փաշինյանը ո՛չ առաջին խմբի մեջ է տեղավորվում, ո՛չ էլ երկրորդ: Մարդկանց երրորդ խումբ է ինքնին ձևավորել. ո՛չ խոսելուց առաջ է մտածում, ո՛չ էլ խոսելուց հետո: Քաջ Նազարն անմահ է, քանի որ նրա նորովի կերպավորումներն ի հայտ են գալիս տարբեր ժամանակներում` այս կամ այն գործչի տեսքով՝ ապահովելով շարունակականություն, մշտնջենականություն:
Դժվար թե մեկն այլընտրանք առաջարկի, եթե պնդենք, որ և՛ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, և՛ ներքաղաքական ու հասարակական կյանքում մեր պետության ու պետականության գերխնդիրն Արցախն է` իր հիմնահարցով: Իսկ խնդիրն այնպիսի լուծում է պահանջում, ինչպիսին այդ հինավուրց հողի հնաբնակ տերն է պատկերացնում` իր երկարամյա պայքարով: Ուրեմն՝ Արցախի հիմնախնդրի լուծումը մեկ ժողովրդի համար պետք է ընդունելի լինի` բացառապես Արցախի ինքնորոշված ժողովրդի: Անվիճելի է, որ մեր ինքնության, պետության ու պետականության, լինելիության ընթացքի երաշխիքն ու պայմանն Արցախն է: Արցախը ոչ միայն Հայաստանի դարպասն է, այլ ուղղակի մեր առօրյա, ամենօրյա ելումուտը: Այդուհանդերձ, արցախցին է որոշել և որոշում իր կեցությունն ու կացությունը:
Երբ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հանրային հանդիպումների հարթակներից ու ամբիոններից կամ պարզապես հերթական տեսաուղերձի ժամանակ հնչեցնում էր «նոր Հայաստան» պատկառազդու արտահայտությունը, չէինք կարողանում տեղը տեղին պատկերացնել, թե ինչպիսին կամ ինչ է նոր Հայաստանը: Վարչապետի երազն էր մեր քնատ կոպերի տակ դրված, մնում էր այն իրական ու շոշափելի դարձնել: Եվ մենք այդ երազը տեսնում էինք մեր ցանկություններին համապատասխան: Իսկ մինչ այդ համոզված էինք, որ նոր Հայաստանն արդեն կերտել ենք և 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով դրել սկիզբը, որի մեկնարկը տրվել էր դեռ մեկ տարի և մեկ ամիս առաջ` օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով:
Ամենասարսափելին քաոսն է, անորոշությունից ավելի սոսկալի: Անորոշությունից ելք կա դեպի որոշակիություն, իսկ քաոսը ճահիճ է: Դեռ երկու տարի առաջ աղոտ զգացողություն կար, հանկարծ չլինի այնպես, որ մի օր արթնանանք և տեսնենք՝ երկիրը վերածվել է քաոսի: Որոշներն ունեին այդ զգացողությունը և ի սրտե ասում էին` Աստված ձայնդ լսի՝ նրանց, ովքեր համոզված վստահեցնում էին, որ նման բան հնարավոր չէ: Սա գուշակություն չէր, ոչ էլ չարակամ մտայնություն, պարզապես եկող օրը տեսնելու թափանցիկ հայացք էր` ներկա օրվա կարողությունը կշռելու դրդումով: Եվ այսօր այդ օրն է, այդ օրվա մոտեցումը որպես շոշափվող միս ու ոսկոր տեսնելը: Ինչպես ասում են` շունը տիրոջը չի ճանաչելու:
Մեր էպոսում Դավիթը մենակ է գնում կռիվ: Հրաժեշտ է տալիս Սասունի մայրերին, քույրերին, իգիթ տղերքին, որոնք հավաքվել էին` ճամփելու փրկչին, որ մեն մենակ էր գնում թշնամի բանակի դեմ: Նրանցից ոչ ոք չգնաց Դավթի հետևից` գոնե հեռվում կանգնելու, մարտական գործողություններից դուրս, երկրպագելու, ոգեշնչելու մարտադաշտում անաջակից կռվող հերոսին: Այդ քույրերից գոնե մեկը մի փարչ ջուր ձեռքին բռնած չկանգնեց մարտադաշտին մոտ բլրալանջին` կռվից հոգնած մեր տղին մի կում ջուր տար: Էլ չեմ ասում՝ մայրերից մեկը մի սպեղանի կրծքին սեղմած սպասեր, գուցե քերծվածք ունենար Դավիթը` վերքին դարման աներ:
Հերթական հրապարակման թեմայի ընտրությունն էի կատարում` մտքով կառուցելով ասելիքն ու նպատակը, երբ լսեցի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը և կտրուկ մտափոխվեցի, ասելիքն ինքնաբերաբար եկավ: Ո՛չ, բնավ էլ նպատակ չունեմ անդրադառնալ ասուլիսին, պարզապես ուղղորդեց որոշ դիտարկում անելու համար: Այսօր Սերժ Սարգսյանը հարց ու պատասխանով հանդես եկավ, իսկ օրեր առաջ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հատկապես հեղափոխականների շրջանակում ոչ այնքան հիասթափություն, որքան մանթրաժ վիճակ է առաջացրել Փաշինյանի հևասպառ, առուն դեռ չթռածին հոպլա ասելու պես շնորհավորանքը Լուկաշենկոյին: Ինչո՞ւ: Կեղծված ընտրությունների, քաղաքական կեղծիքի առիթով ընդվզող հասարակության նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեմ պայքարողը ողջունում է նույնանուն քաղաքական հանցագործությունը` իշխանության գալուց երկու տարի անց: Այ քեզ շրջադարձ: Հիմա դու ո՞ր մեկն ես, ո՞ր դիմակի տակ ես հանդես գալիս:
Փաստորեն, Հայաստանն այսօր պատերազմում է երկու ճակատով` նյութական և հոգևոր: Այսինքն, սահմանին` թշնամու դեմ, և ներսում` մայրաքաղաքում, հենց Երևանի սրտի մեջ, յուրայնի` իր իսկ ընտրած իշխանության, ի պատասխան հոգևոր արժեքները դուխով ծեփելու մարտահրավերին:
ԳԱԱ Պատմության ինստիտուտը դիմել է ազգային անվտանգություն` սույն ծառայության ուշադրությունը հրավիրելով պատմության դասագրքեր կազմելու նոր չափորոշիչներում դպրոցական առարկաների փորձագիտական թիմի գործելաոճում թրքական հետք տեսնելու տագնապով: Թրքական ասվածը, պարզվում է, վատի կամ ահավորի հավաքական ու ընդհանրացված բնորոշում չէ, ուղղակի մատնանշում է իրողությունը` իրը կոչելով իր անունով: Ակամա կարկամում ես, ինչպե՞ս է հնարավոր, որ անկախ ու ինքնիշխան Հայաստանում, երբ փաստացի պատերազմի մեջ ենք գտնվում թրքական տարրի հետ, և այդ պատերազմը հարյուրամյակների խորք ու տարեգրություն ունի, հանկարծ որոշվում է դասագրքերը կազմել թրքահաճո չափանիշերով:
Ապրելով ժամանակի մեջ և լինելով դրա կրողը, մենք հաճախ չենք հասցնում կշռել այն ծանրությունը, որ բաժին է ընկնում մեզ նույն ժամանակի նժարին: Տեսնում ենք ընթացքը, բայց լիարժեք չենք գիտակցում հետևանքը, քանի դեռ չի կատարվել: Հստակ տեսնում ենք մեր այսօրը, բայց մեր երեկը մեր վաղվա մեջ չենք կարողանում տեսնել: Մենք այսօր մենակ ենք: Հաճախ կարող ենք շարքային քաղաքացիներից փողոցում կամ սոցիալական ցանցերում, զրուցարաններում լսել, որ Ռուսաստանը` մեր ռազմավարական ու տնտեսական գործընկերը, մեզ հետ չէ: Իսկ ինչո՞ւ մեզ հետ չէ:
Տավուշի զինծառայողները հրաժարվում են զորացրվել, որովհետև պատերազմը սահմանի հենց այդ հատվածում է` ամեն րոպե թեժանալու սպառնալիքով: Որովհետև այդ դիրքերում իրենց չորս մարտական ընկերներին են կորցրել: Հաղթել են, կարևոր նշանակության, խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող դիրքեր են գրավել, բայց զինակիցների կորստի հետ չեն հաշտվում և ուզում են նորից հաղթել` փակելով թշնամու սողանցքերը: Սա է մեր բանակը, որ մեր էությունն է:
Փաշինյանի բախտն այնքանով է բերել, որ այսօր իր նման ընդդիմադիր չունի: Պատկերացնո՞ւմ եք, ներկա Փաշինյանի դիմաց կանգնած լիներ նախկին Փաշինյանը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթեր: Եթե նախկին Փաշինյանի շրջանառության մեջ դրած հայտարարագրերը, պարզվում է, մեղմ ասած` այնքան էլ իրականությանը չէին համապատասխանում, ապա այսօր չարչրկվելու կարիք չկա, ուղղակի կասեր ճշմարտությունը, և դա լիովին բավարար կլիներ իրականության դիմապատկերը ստանալու համար:
Իշխող քաղաքական մեծամասնությունը պնդում էր, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է. ասաց և արեց: Հավատացնում էր, հիմա հավատում ենք: Այո, այսօր Սահմանադրական դատարանում ճգնաժամ է: Կասկածո՞ւմ էինք, չէի՞նք վստահում իշխանությանը. տեսանք, որ իրավացի է: Սպառնալիքը հնչեցրեց և իրագործեց: Չկար, հիմա կա: Միակ բանը, որ ասացին և ասեցին` Սահմանադրական դատարանի ճգնաժամն է: Ասացին՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն՝ չտեսանք, ասացին՝ տնտեսական հեղափոխություն՝ չտեսանք, ասացին՝ թալանածը ետ ենք բերելու՝ չտեսանք: Բայց ասացին` Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, հիմա տեսնում ենք:
Կար Լևոնի Սահմանադրություն, կար Ռոբերտի Սահմանադրություն, կար Սերժի Սահմանադրություն, հիմա Սահմանադրությունը Նիկոլն է: Եթե նախորդները նոր Սահմանադրություն էին ընդունում կամ գործողը փոխում ու փոփոխում հանրաքվեի միջոցով, հիմա Սահմանադրությունը թելադրվում է մեկ անձի կողմից, և այդ մեկ անձը ես չեմ, դու չես, նա չէ… այդ մեկ անձը Նիկոլն է: Կարող են հարցնել` չի կարո՞ղ այդպես լինել, է՛, ինչո՞ւ չէ, տեսնում ենք, որ կարող է:
«Վատառողջ էր ու որոշ ժամանակ բացակայել էր: Վերադարձավ, աշխատավարձի օր էր, ինքն էլ առաջինը ստանալու սովորություն ուներ: «Տեսանք` կանգնել է մի անկյունում, հեռու, ասացինք` Ավետ Մարկիչ, մոտեցեք: Ասաց` չէ, տղերք, էս ամիս չեմ աշխատել, ամոթ է` փող ստանամ»,- պատմում է Երվանդ Ղազանչյանը դերասան Ավետ Ավետիսյանի մասին,- էս տեսակ պարկեշտությո՜ւն»:
Վարչապետը մայրաքաղաքի փողոցներում դիմակներ էր բաժանում քաղաքացիներին, որոնք հիմնականում դիմակներով են շրջում: Այս միջոցառումը մեկ նպատակ ուներ, որ մարդն անմիջապես դիմակ ստանա, և երկու հետևանք, որ նույն մարդը կամ դիմակ գնելու գումար չունի, կամ ավելորդ է համարում դրա դնելը: Այդ երկու պատճառաբանությունն էլ չի արդարացնում միջոցառման նպատակը: