ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՇՈՒՆՈՒՇԱՆԳՅԱԼ» ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻՆ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՄԱՐԴԻԿ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿԸՆԿՆԻ ԻՐ ՏԵՂԸ. ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ
Եթե խաղաղությունը հիմնված է զուտ Նիկոլ Փաշինյանի անձի կամ Թուրքիայի և Ադրբեջանի քմահաճույքի վրա, ապա պատերազմ կլինի հաստատ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ԲՀԿ նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով ԲՀԿ-ի ներկայացրած Երաշխավորված խաղաղության կոնցեպտի մասին։

«Առհասարակ, երբ ապրում ես մի միջավայրում՝ ագրեսիվ միջավայրում, որի հիմնական կոնցեպտը և դոկտրինը քեզ վերացնելն է կամ քո երկիրը գրավելն է, իսկ Ադրբեջանում Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի անմիջական նախաձեռնությամբ անցկացվում է հերթական միջոցառումը, որտեղ ադրբեջանցիները պնդում են, թե Երևանն իրենցն է և դա պնդում են «արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի ներքո, ահա այս պայմաններում այն, ինչ այսօրվա իշխանություններն անվանում են «խաղաղություն», բնավ խաղաղություն չէ՝ ըստ էության, հրադադար է, որը միտված է նախապատրաստել ավելի պարարտ հող «արևմտյան Ադրբեջան» ձևավորելու համար։ Երաշխավորված խաղաղությունն անվտանգային մի ճարտարապետություն է, որն իր մեջ ներառում է տարբեր ուղղություններով՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական երաշխիքների մի ամբողջ համալիրի կառուցում, որի արդյունքում նույն Ադրբեջանը և Թուրքիան ուղղակի ֆիզիկապես չեն կարող պատերազմ վերսկսել Հայաստանի դեմ»,- մեկնաբանեց Արման Աբովյանը։
Արման Աբովյանը հիշեցնում է՝ Բաքվի ռեժիմի ղեկավար Իլհամ Ալիևը բազմիցս է արտահայտել իր մոտեցումը հարցին՝ հայտարարելով, որ իր համար կարևորագույնն ուժի գործոնն է։ Աբովյանի խոսքով՝ իրենց առաջարկած երաշխավորված խաղաղությունը ոչ թե ենթադրում է կոնֆլիկտ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այլ իրատեսական մոտեցում՝ առերեսում իրականությանը, որն է՝ Թուրքիան և Ադրբեջանն ունեն Հայաստանի Հանրապետության վերացման նախագիծ։
«Իսկ այն, ինչ այսօր մարդկանց խաբում են, փորձում են ինչ-որ բաներ համոզել՝ խաղաղությունը սենց, խաղաղությունը նենց, ի՞նչ եք խոսում։ Խաղաղությունը միայն այն չէ, որ սահմանի վրա չեն կրակում, մանավանդ Ադրբեջանը հիմա կարիք էլ չունի սահմանին կրակելու, որովհետև ինչ պահանջում է՝ այս իշխանությունները հլու-հնազանդ տալիս են։ Կրակում է՝ ի՞նչ անի։ Խաղաղությունն այն է, երբ հակառակորդը չի կրակում, որովհետև իրեն թույլ չեն տալիս, որ ինքը կրակի։ Նա ավելի շատ կորուստ կունենա, եթե կրակի։ Դա է երաշխավորված խաղաղությունը։ Այս ամբողջ գործընթացների ներքո համաշխարհային և միջազգային իրավունքը գոյություն չունի, այլ խոսքերով՝ լեգիտիմության հիմքերն այսօր ձևավորվում են զուտ մի պարզ գործոնի շուրջ՝ կարո՞ղ ես պաշտպանել քեզ, թե՞ ոչ։ Եթե չես կարող, ուզում ես՝ օրական 15 անգամ խաղաղության պայմանագիր ստորագրի, միևնույն է, քեզ գրավելու են»,- հավելեց վերլուծաբանը։
Արման Աբովյանն ընդգծում է՝ խաղաղության մեջ ապրելու համար պետք է առերեսվել իրականությանը.
«Էդ Ալմա Աթայի հեքիաթները, որ մարդկանց պատմում են, քաղաքագիտորեն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ չարժե անդրադառնալ։ Ի՞նչ ենք մենք ասում մարդկանց։ Մենք մարդկանց ասում ենք հետևյալը՝ եթե ուզում ես ապրել խաղաղության մեջ, պետք է առերեսվես իրականությանը։ Իրականությունը հետևյալն է՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ձևավորել Հայաստանի տարածքում «արևմտյան Ադրբեջան»։ Ի՞նչ պետք է անել։ Ոչ մի պարագայում պատերազմ հրահրել չի կարելի։ Սա դրեցինք մի կողմ։ Չկա գեթ մի քաղաքական ուժ Հայաստանում, որն ասում է՝ ես ուզում եմ պատերազմ սկսել։ Երկրորդ, Փաշինյանի «խաղաղությունը» կառուցված է Թուրքիայի և Ադրբեջանի քմահաճույքի վրա, այսինքն՝ ինքն ասում է՝ «եթե ես չլինեմ՝ կլինի պատերազմ», ապա պատերազմը լինելու է հաստատ, որովհետև հավերժ չէ ո՛չ մարդ, ո՛չ էլ քաղաքական ինչ-որ մի ուժ, և այս տեսանկյունից երաշխավորված խաղաղությունը համակարգ է, որտեղ ընդհանրապես կապ չունի՝ ով է իշխանության գլխին»։

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադրի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի «շունուշանգյալ» վիրավորանքին պետք է պատասխանեն ոչ թե ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այլ նրանց ընտրողները, ում հասցեագրված էր այդ վիրավորանքը։
«Գիտեք, քննարկել և փորձել հասկանալ տրամաբանությունը, համաձայն որի՝ իշխանությունը կրկին վիրավորական կոնտեքստում անջրպետ է անցկացնում մարդկանց միջև, դժվար է ինչ-որ ռացիոնալ բան պատասխանել. մարդիկ կպատասխանեն՝ հունիսի 7-ը կգա, մարդիկ կպատասխանեն, ամեն ինչ կընկնի իր տեղը»,- ասում է Աբովյանը։
Արման Աբովյանն առաջարկում է տրամաբանական շղթա կառուցել՝ հիշեցնելով ակնհայտ փաստեր, օրինակ՝ «մածունը սպիտակ է»՝ ինչքան էլ ՔՊ-ն փորձի հակառակը համոզել։
«Ֆիքսում ենք՝ Ադրբեջանը և Թուրքիան դիտարկում են Հայաստանը՝ որպես խոչընդոտ «Մեծ Թուրան» ձևավորելու համար։ Փա՞ստ է սա։ Փաստ է։ Անցնում ենք երկրորդ մասին՝ աշխարհում չի գործում ոչ մի իրավական նորմ՝ փաստաթուղթ ստորագրես, և դա լինի ուժեղ փաստաթուղթ, որը թույլ չի տա հարձակվել այս կամ այն պետության վրա։ Եվ երրորդ, եթե Ադրբեջանն ունի նպատակ պայմանականորեն Հայաստանը հասցնել մի վիճակի, երբ Հայաստանը կկորցնի իր պաշտպանունակության բոլոր հնարավորությունները, և զուգահեռաբար Ադրբեջանը պահանջում է Սահմանադրությունը փոխել, որ իրավական հիմք լինի «արևմտյան Ադրբեջան» ձևավորելու։ Հիմա հարց՝ այսքանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ուղիղ սատարում է այս իշխանությանը դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այս իշխանությունը սպասարկում է նրանց նպատակներն ու շահերը։ Պարզապես տրամաբանում ենք։
Հիմա բա էսքանից հետո ի՞նչ խաղաղության մասին են խոսում։ Այսինքն՝ մարդկանց ասում են՝ տեր կանգնեք ոչ թե խաղաղությանը, այլ «արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի՞ն։ Դա է ստացվում, և այլ կերպ մեկնաբանել ուղղակի հնարավոր չէ։ Տրամաբանությունը լավ բան է։ Ինչքան էլ ճղես քեզ, խփես պատեպատ՝ մածունը սպիտակ է, և եթե խոսում ենք «պատերազմի եռագլուխ կուսակցության» մասին, ապա դա ոչ թե ընդդիմությունն է, այլ այն աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային միավորներն են, որոնք ուզում են վերացնել մեզ։ Ժողովուրդ ջան, աշխարհը քանդվի, փուլ գա, ինչ ուզում է՝ լինի, միևնույն է, մածունը սպիտակ է։ Թուրքիայի և Ադրբեջանի վերջնանպատակն իրենց հաշվարկով ռացիոնալ գործընթաց է, որը հետևյալ կերպ են իրենք տեսնում՝ հայկական գործոնն առավելագույնս պետք է թուլացվի և դուրս մղվի տարածաշրջանից։ Դա պետական դոկտրին է՝ էլ ո՞նց բացատրեմ։ Չես զսպում՝ քեզ կլանելու են։
Ընդ որում, նկատեք՝ Արցախի հայաթափումից անմիջապես հետո առաջ մղվեց «արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը։ Էդ ո՞նց է ստացվում։ Պետք չէ ապրել պատրանքներով։ Մենք չենք որոշել, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեր թշնամիներն են, իրենք են որոշել, որ մենք իրենց թշնամիներն ենք։ Մենք էլ իրենց ասում ենք՝ դե լավ, մենք պատրաստ ենք ամեն ինչ մոռանալ ու անցնել առաջ։ Չի ստացվի այդպես, որովհետև համաձայն իշխանության տեսլականի՝ «մեր պրոբլեմն այն է, որ մենք հայ ենք»։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ «եկեք մոռանանք, որ մենք հայ ենք, մոռանանք հայրենիքի մասին, կենտրոնանանք պետության վրա», բայց էդպես չի լինում։ Հայրենիքն ավելի լայն և ծավալուն հասկացություն է։ Հայրենիքը չի կարելի հակադրել պետությանը։ Երբ հակադրում ես՝ կոնֆլիկտ է, դա շիզոֆրենիա է։ Մարդն ապրում է Հայաստանում, որովհետև սա իր հայրենիքն է, ոչ թե իր պետությունը։ Սա շատ խորքային խնդիր է»,- հավելեց Արման Աբովյանը։

Այս համատեքստում նա ընդգծում է՝ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, փորձելով փոխել Հայաստանի Սահմանադրությունը և այն դարձնել «օֆիսի կանոնակարգ», մի շատ խորքային նպատակ է հետապնդում.
«Երբ դու հայրենիքի կոնցեպտը, պատմական հիշողության կոնցեպտը, հավատքի կոնցեպտը հանում ես Սահմանադրությունից, դու այն դարձնում ես օֆիսի կանոնակարգ, իսկ այդ պարագայում օֆիսը կարող են գնել, կարող են լուծարել, կարող են փակել՝ շատ բաներ կարող են լինել օֆիսի հետ, և այո՛, Սահմանադրության փոփոխությունն էլ է միտված «արևմտյան Ադրբեջանի» ձևավորմանը»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։




