ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։
Նախարար Մնացականյանը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ վերարժևորելու Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված համագործակցությունը և ուրվագծելու այն ընդլայնելու հեռանկարները: Երկուստեք գուհունակությամբ ընդգծվել է հայկական համայնքների դերը Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների ամրապնդման գործում:
ԱԳ նախարարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Երկուստեք մտահոգություն է հայտնվել այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների և կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպի դրսևորումների առնչությամբ, շեշտվել է տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված միջազգային հանրության միասնական քայլերի կարևորությունը։
ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը: