Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանի ԱԺ չգնալու պատճառների և նրա հետ քննարկումների մասին

Դեռևս հունիսի 16-ին խորհրդարանը փակ քվեարկություններով հավանության արժանացրեց Գլխավոր դատախազի երկու միջնորդությունները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:

Այն բանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները 87 ձայնով կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, դրանից հետո չի գնացել Ազգային ժողով, նա ներկա չէր նաև յոթերորդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Խուզարկությունից հետո նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության, որից հետո էլ հարուցել էին քրեական գործ՝ կաշառք տալու և ընտրության արդյունքները կեղծելու համար:

168.amն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Գագիկ Ծառուկյանը չի գալիս խորհրդարան, քանի որ նախկինում նա  քառօրյաների առաջին օրը միշտ ներկա էր լինում նիստերին:

«Անկախ այն հանգամանքից, որ Գագիկ Ծառուկյանը քառօրյայի մեկնարկին ներկա չի գտնվել, աշխատանքների մեկնարկից մեկ օր առաջ խմբակցության նիստ ենք ունեցել Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, քննարկել ենք օրակարգի բոլոր հարցերը: Ինչպես գիտեք, երեք տասնյակ հարցեր են ընդգրկված այս քառօրյայի օրակարգում: Պարոն Ծառուկյանը դրանցից յուրաքանչյուրի հետ կապված իր դիրքորոշումն է արտահայտել, մի քանի օրենսդրական նախաձեռնություն կա, որ հենց ԲՀԿ-ն է ներկայացրել, դրա հետ կապված էլ առանձին քննարկում է եղել: Պարոն Ծառուկյանի կարծիքը, բնականաբար, հաշվի է առնվել դրա կազմման և ներկայացման աշխատանքներում առաջնորդվելու համար: Առավել քան վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը մասնակցելու է ԱԺ աշխատանքներին»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Թե ինչո՞ւ կոնկրետ այս նստաշրջանի առաջին նիստին չի մասնակցել, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ թեմայի հետ կապված Գագիկ Ծառուկյանի հետ խոսելու հնարավորություն չի ունեցել: Սակայն, անկախ  նրա ԱԺ-ում չգտնվելու հանգամանքից, խմբակցության բոլոր պատգամավորները նրա հետ կապի մեջ են և անընդհատ ռեժիմով ներկայացնում են խորհրդարանում տեղի ունեցող զարգացումները, իսկ խորհրդարանում խմբակցության աշխատանքների կազմակերպման հարցում հաշվի են առնում նրա նկատառումները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս