«Մարզպետի կարգադրությամբ ոստիկաններն ինձ առևանգել են, սպառնացել են»․ Աշոտ Խուրշուդյան

Այսօր առավոտից Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` մարզպետի որոշման դեմ բողոքելու։ Այդ որոշմամբ վերականգնվել են նախկին գյուղապետի՝ Ռազմիկ Մարգարյանի իրավունքները, որին գյուղի մեծ մասը չի ընդունում:

Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում՝ 2020 թվականի հուլիսի 16-ին,  անգամ մարզպետի կարգադրությամբ իրեն ոստիկանության բաժանմունք են տարել:

«Առևանգում եղավ, անձամբ ինձ ոստիկանների կողմից՝ գրաժդանսկի հագած, 8-10 հոգի, մեքենաներով, Հոկտեմբերյանում, քննչականում ես բացատրություն գրելուց, դուրս գալուց հետո, 15 րոպե հետո ինձ առևանգել են: Նկարներն էլ կա: Լկտիաբար ոստիկաններն էլ են ստում ՀՔԾ-ում, որ «մենք գնացել ենք, իրեն ներկայացել»:

Ես ավագանիների  հետ եմ եղել ուղղակի, խաչմերուկի վրա եկան, 2 մեքենան քաշին, կանգնան, դեմս փակեցին, իջան ասին՝ «արա, չփախնես, այ Աշոտ, չփախնես», ու լցված վրես, զոռով կոխին ավտոն, տարան: Ճանապարհին նոր իմացել եմ, որ ոստիկաններ են»,- ասաց Աշոտ Խուրշուդյանը:

Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ ոստիկանություն տանելուց հետո իր հարցերին, թե ինչո՞ւ են իրեն ոստիկանություն տեղափոխել, երկու ժամ չեն պատասխանել: Հետո էլ հայտնել են, որ գողություն է եղել գյուղում, գողության կասկածանքով են բերել: Ու 5 ժամ մնացել է ոստիկանությունում:

Հարցին, թե այդ դեպքից հետո փորձել է մարզպետի հետ հանդիպել, խոսել այդ թեմայի մասին, Աշոտ Խաչատրյանը վրդովված պատասխանեց.

«Նման մարզպետի հետ ի՞նչ զրույց»:

Հավաքվածների խոսքով՝ նախկին գյուղապետը փաստացի բացել է համայնքապետարան, անօրինական կնիքով գույքահարկ է հավաքում, տեղեկանքներ է տալիս:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել մարզպետարան՝ գյուղացիների ճնշման տակ: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից: Այնուհետև, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ՝ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել էր նախ՝ Վարչական, ապա՝ Վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տևած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Ավագանին, որպես խնդրի լուծում՝ առաջարկում էր տեղական հանրաքվե անցկացնել այս հարցով, սակայն օգոստոսի 11-ին դիմումը մերժեց ընտրատարածքային հանձնաժողովը, իսկ օգոստոսի 20-ին՝ նաև ԿԸՀ-ն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս