Մարտի 1-ի գործով որեւէ բացահայտում չի եղել.ինչ էին փորձում ներկայացնել ուժային կառույցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչեւ այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարեւոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10-ը անմեղ զոհերին: Ու թեեւ հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որեւէ նոր բացահայտում չկա:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը. բոլորը կհիշեն, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել են, որ բանակը ոչ միայն մասնակցել է «Մարտի 1»-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ, այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»:

Իսկ ինչո՞ւ ենք պնդում, որ Սասուն Խաչատրյանի խոսքերն ամենեւին էլ բացահայտում չեն եղել: Բանն այն է, որ դեռ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ՀՔԾ-ի կողմից հրապարակվել էր տեղեկատվական հաղորդում գործի ընթացքի վերաբերյալ, որտեղ արդեն իսկ նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները տեղակայված են եղել Լեո փողոցի խորքում՝ Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկում: Վերջին ստորաբաժանումն ավելի ուշ տեղափոխվել է Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ»:

Այսինքն, դեռ 2011-ին նույն քննչական մարմինը հրապարակել է, որ զորքը տեղակայված է եղել մայրաքաղաքի կենտրոնում: Հետաքրքիր է՝ ինչու էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երկու տարի առաջ գրեթե նույնաբովանդակ ինֆորմացիան որպես դարի բացահայտում մատուցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս