Մարգարիտ Եսայանը վերադառնում է ակտիվ լրագրություն. «Շուտով կիմանաք». «Փաստ»

«Փաստ» թերթը տեղեկություններ ուներ, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ լրագրության դաշտ: Ըստ մեր աղբյուրների, Եսայանը պատրաստում է նոր հեռուստանախագիծ, որը հեռարձակվելու է ընդդիմադիր կայքերից մեկով: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Մարգարիտ Եսայանին: «Այո, ունեմ նման մտադրություն՝ հեղինակային հաղորդում անել ընդդիմադիր կայքերից մեկում: Այն նախապատրաստական փուլում է:

Շուտով կիմանաք՝ ինչպես է կոչվելու, ինչպես է հեռարձակվելու, ինչպիսի ֆորմատով և այլն: Այո, մտադիր եմ դարձ ի շրջանս յուր վերադառնալ ժուռնալիստիկա, որովհետև համոզված եմ, որ նախկին լրագրող երբեք չի լինում: Այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ կարծում եմ՝ ճիշտ, պրոֆեսիոնալ լրագրության կարիք կա, որքան էլ մենք շատ ունենք պրոֆեսիոնալ լրագրողներ, դրա կարիքը կա: Ես հույս ունեմ, որ հաղորդումը հետաքրքիր կլինի, կդիտվի, արձագանքներ կլինեն: Գուցե հարցեր առաջանան, որ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ և այլն:

Ուզում եմ առիթն օգտագործելով ասել, որ որևէ քաղաքական կողմնապահություն չի լինելու: Լինելու է մաքուր, ազնիվ ժուռնալիստիկա: Այն արժեհամակարգը, սկզբունքները, որոնք ես կրում եմ, հավատարիմ եմ, անփոփոխ են լինելու: Այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց արդեն որպես լրագրող լինելու եմ անկողմնակալ և աշխատելու եմ տարբեր քաղաքական ուժերի հետ: Վստահ եմ, որ առաջին իսկ հաղորդումներից հետո հաճելիորեն կզարմանաք և անկողմնակալ, սկզբունքային, ճիշտ ու մաքուր ժուռնալիստիկա կտեսնեք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Եսայանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս