«Հնարավոր է ուղղակի բախում արաբական երկրների և Թուրքիայի միջև». Արաբագետը՝ լիբիական հակամարտության մասին

Դեռևս նախորդ տարվա վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ, եթե ինքը Լիբիայից օգնության խնդրանք ստանա, ապա  զորք կուղարկի այնտեղ։

Հայտարարությունից մեկ օր անց Լիբիան պաշտոնապես դիմել էր Թուրքիային՝ օգնություն ստանալու համար։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Եգիպտոսի խորհրդարանն էլ է թույլատրել, որպեսզի զորք մտնի Լիբիա։

Հիշեցնենք, որ 2011 թվականից ի վեր Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, Լիբիայում երկիշխանություն է, և այդ երկրում իշխանության համար պայքարը մինչև օրս չի հանգուցալուծվում։

168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է սպասվող զարգացումներին և այդ ամենի անդրադարձին տարածաշրջանի անվտանգության վրա։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Եգիպտոսի խորհրդարանի որոշումը և այդ երկրի ուղղակի ներգրավումը լիբիական հակամարտությանը պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում, այն է՝ Արաբական երկրներ-Թուրքիա խորացող մրցակցության հարթությունում։

«Դեռևս 2010-11 թվականներից Արաբական գարնան գործընթացների հետևանքով ակնհայտ էր, որ արաբական մի շարք երկրներում  ընթացող գործընթացներում միաժամանակ մրցում էին և՛ արաբական առանցքային դերակատարները, և՛ նրանց տարածաշրջանային մրցակիցները, մասնավորապես՝ Թուրքիան և Իրանը։ Եվ հետագա տարիները ցույց տվեցին, որ Արաբական երկրները զիջեցին իրենց դիրքերը, որի վառ ապացույցն է, օրինակ՝ Սիրիայում, Իրաքում ստեղծված իրավիճակը, որտեղ շատ ավելի ազդեցիկ են Իրանի և Թուրքիայի դիրքերը։ Նույն գործընթացն արդեն 2019 թվականի վերջից նշմարվում էր նաև Լիբիայում, ի դեպ, 2017 թվականից նաև Կատարում և այս համատեքստում արաբական մի շարք կարևոր  երկրներում առանցքային դերակատարները զիջում են իրենց»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Ըստ արաբագետի՝ նման քայլով Եգիպտոսը փաստացի, որի թիկունքում են Պարսից ծոցի հիմնական արաբական դերակատարները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիությունները, Բահրեյնը և այլն, փորձում են  նման կերպ դիմակայել Թուրքիայի առաջախաղացմանը և դիրքերի ամրապնդմանը Լիբիայում։

«Իհարկե, հնարավոր է ուղղակի բախում Արաբական երկրների և Թուրքիայի միջև, բայց պետք է հաշվի առնել, որ, բացի այս երկու դերակատարներից, Լիբիայում բավականաչափ ակտիվ է նաև Ռուսաստանի Դաշնությունը, որն  ունի ոչ ֆորմալ ներկայություն Լիբիայի տարածքում, նաև՝ Ֆրանսիան։ Գրեթե բոլոր դերակատարները գործում են սեփական հովանավորյալ ուժերի կողմից, այսինքն՝ ուղղակի մասնակցություն չկա լիբիական հակամարտության մեջ։ Եգիպտոսի զինված ուժերի աջակցությունը դարձյալ ուղղված է լինելու հակամարտության մասնակիցներից մեկին, մասնավորապես՝ լիբիական ազգային բանակին և ժողովրդի կողմից  ընտրված խորհրդարանին»,- հավելեց նա։

Այս համատեքստում, ըստ Արմեն Պետրոսյանի, հաշվի առնելով մեծաթիվ դերակատարների առկայությունը, դժվար է կանխատեսել ուղղակի բախում, բայց այն, որ բավականաչափ լարված իրավիճակ է լինելու՝ միանշանակ է։ Այս ամենը թույլ է տալիս կանխատեսելու, որ հնարավոր է՝  որոշակի փուլում գործընթացները տեղափոխվեն արդեն քաղաքական հարթություն։

«Թուրքիայի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը նույն տրամաբանության մեջ է, ինչպիսին Թուրքիայի ներգրավումն այլ երկրներում։ Հարավային Կովկասը ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար, և բնական է՝ պաշտոնական Անկարան չի կարող անտարբեր վերաբերվել այդ տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Ցանկացած պահի, ցանկացած սրացման պարագայում միանշանակ է, որ Անկարան ունենալու է իր դերակատարումը, և եթե վերջին սրացումը լոկալ բնույթի էր, կարճաժամկետ, ապա նույն տրամաբանության մեջ էլ Թուրքիայի արձագանքն էր։ Այսինքն՝ մենք տեսանք համակողմանի քարոզչական աջակցություն ամենաբարձր մակարդակով։ Այս ամենը դիտարկելիս կարելի է  կանխատեսել, որ ռազմական իրավիճակի խորացման պարագայում կարող է աջակցության ձևաչափը փոխվել։ Իհարկե, չի կարելի բացառել, որ այս տարածաշրջանում առանցքային ներգրավված այլ դերակատարների դիրքորոշումը կարող է որոշակիորեն զսպել Թուրքիայի ներգրավվածության չափը, մասնավորապես՝ ՌԴ-ի արձագանքը»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս