«Ռազմաքաղաքական բալանսը հօգուտ Ադրբեջանի չէ. ունենք միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը». Վաղարշակ Հարությունյան
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն այսօր իր առջև խնդիր է դրել՝ Ղարաբաղի հարցը լուծել ոչ թե՝ բանակցային գործընթացի միջոցով, այլ գնալ ռազմական ճանապարհով:
«Իլհամ Ալիևն ասում է, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղ է դուրս եկել ուժի գործոնը: Նա հրապարակային դա հայտարարում է»,- նշեց Հարությունյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի հայտարարությունը, թե «ի վիճակի են Նախիջևանից խփել Երևանին», և, որ ավելի ուշ նույն միտքը շարունակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որ «ոչնչացնելու են հայաստանյան թիրախները»:
«Ռազմական տեսանկյունից Ադրբեջանը խնդիր է դրել՝ փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ընդունել այնպիսի դիրքեր, որն իրեն տալիս է առավելություն: Ալիևը հայտարարում է՝ «մենք կսպասենք այն նախապայմաններին, որ սկսենք պատերազմը: Եվ այստեղ հասկանալի է դառնում՝ ունեն խնդիրներ՝ բարելավելու իրենց դիրքերը, և երբ կստեղծվեն այդ պայմանները, կսկսեն լայնածավալ պատերազմ»,- նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Միաժամանակ Վաղարշակ Հարությունյանը շարունակեց, որ Ադրբեջանը միշտ սխալվում է իր հաշվարկներում:
«Այսօր տարածաշրջանում և մեր՝ Հայաստանի, Ղարաբաղի ռազմաքաղաքական բալանսը հօգուտ Ադրբեջանի չէ։
Եվ եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, պարտվելու է, որովհետև ունենք միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը։ Իրենք սա շատ լավ պատկերացնում են, բայց ձևացնում են, թե այդպես չէ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ հենց այս քաղաքականությունն է բերում հրադադարի ռեժիմի խախտումների:
Անդրադառնալով վերջին օրերին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին, պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ բանակը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն, տվյալ տարածքում գործող ստորաբաժանումները գործել են հստակ, գրագետ, լռեցրել են հակառակորդին, որն ունեցել է լուրջ կորուստներ:
«Բայց նաև հայկական կողմը զուսպ է եղել, որ չանցնի այն սահմանը, որը կտանի լայնածավալ պատերազմի»,- շեշտեց Հարությունյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը սպասված միջազգային աջակցությունը չստացավ, և բոլորը՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, կոչ արեցին դադարեցնել գործողությունները, այսինքն՝ Ադրբեջանը պարտություն կրեց նաև միջազգային հարթակում:
«Եվ Ադրբեջանը հասկացավ՝ ուժային գործոնն առաջին պլան չի եկել միջազգային հարաբերություններում»,- լրացրեց նախկին պաշտոնյան:
Իսկ այն, որ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հայտարարությունները հասցեական չէին, ըստ Հարությունյանի, պետք է ճիշտ հասկանալ սա. պետություններն ու կառույցներն իրենց ձեռքի տակ փաստաթղթեր և հիմնավորումներ պիտի ունենան:
«Իսկ զինադադարի խախտման պայմաններում, երբ չկան վերահսկման մեխանիզմներ, թե որտեղից է սկսվել, ապա պիտի կոչ անեն 2 կողմին: Բայց կոնտեքստից ակնհայտ է, բոլորը գիտակցում են, որ մեզ պետք չի պատերազմ, մենք Ղարաբաղի հարցն ուզում ենք լուծել բանակցային ճանապարհով: Բայց սա չի նշանակում, որ մենք խուսափում ենք պատերազմից, եթե դրան Ադրբեջանը գնա»,- ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է նախիջևանյան հատվածին, Վաղարշակ Հարությունյանը պնդեց՝ դա այն տարածքն է, որի միջոցով Թուրքիան իրականացնելու է իր նեոօսմանիզմի ծրագիրը. Եվրոպան իրեն սպառել է, այդ արժեհամակարգը չի գործում, ուստի դրան փոխարինելու է իսլամը՝ թուրքական իսլամը:
«Սա է այն, ինչ այսօր անում է Էրդողանը և իր քաղաքականությունը, և սրա ճանապարհին տեսնում ենք նաև Ադրբեջանի քաղաքականությունը: Թուրքիան հանդես է գալիս՝ որպես Ադրբեջանի աջակից և պաշտպան, և Թուրքիայի ղեկավարները հայտարարում են, թե Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի համար արյուն թափել՝ վերջին զարգացումների ֆոնին: Այսինքն՝ Թուրքիան հույս է տալիս Ադրբեջանին՝ դուք սկսեք, մենք հաղթանակի ենք հասնելու, ինչը, միանշանակ, չի լինելու»,- եզրափակեց պաշտպանության նախկին նախարարը: