Բաժիններ՝

COVID-19 համավարակի ազդեցությունը կրթության համակարգի վրա և ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը աշխարհի որոշ երկրներում

Ներածություն

Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` համավարակ) տարածումը կանխելու համար 2020թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ աշխարհի շատ երկրներում արդեն փակված էին կրթական հաստատությունները: Կրթական հաստատությունները իրենց բնականոն աշխատանքները դադարեցրեցին 192 պետություններում` խոչընդոտելով շուրջ 1,58 մլրդ մարդու կամ երկրագնդի ողջ սովորողների 91,4%-ի կրթություն ստանալու իրավունքը: Կրթական համակարգի նման խաթարումը անդրադարձավ գրեթե 63 մլն ուսուցիչների աշխատանքի վրա, կրթության համակարգում ցնցումները զգալի եղան նաև նախադպրոցական, արհեստագործական, մասնագիտական կրթության, ինչպես նաև համակարգը սպասարկող անձնակազմերի վրա:

Նման խնդրահարույց իրավիճակը դրդեց կրթական բոլոր համակարգերում իրականացնել շուտափույթ անցում առցանց կրթության կազմակերպման[1]: Վարակի տարածումից առաջ, պետք է փաստել, որ շուրջ 260 մլն երեխա ամբողջ աշխարհում զրկված էր դպրոց հաճախելու հնարավորությունից[2]: Ըստ մեկ այլ ցուցանիշի, մինչ վարակի բռնկումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկան երեխաների գրեթե 53%-ը չգիտեր գրել և կարդալ[3]: Նախավարակային ցուցանիշները վկայում են կրթական ճգնաժամի մասին` քիչ զարգացած երկրներին սպառնալով մարդկային ռեսուրսներ ձևավորելու և կայուն զարգացման նպատակներին հասնելու ձգտման տապալումով: Բնականաբար կրթության համակարգի համատարած կաթվածահարումը, պայմանավորված համավարակով, առավելապես կարող էր խորացնել առկա ճգնաժամը: Ճգնաժամային հեռանկարից խուսափելու, պարտադիր նվազագույն կրթության իրավունքի իրացման, կրթության որակի ապահովման տեսանկյունից ձեռնարկվեցին մի շարք միջոցառումներ:

Թվային կրթական տեխնոլոգիաները նախահամավարակային պայմաններում

Համավարակի բռնկումից առաջ արդեն իսկ նկատելի էր հետաքրքրության և ներդրումների մեծ աճ դեպի կրթական թվային և առցանց տեխնոլոգիաներ: Այս ուղղությամբ համաշխարհային ներդրումները 2019 թվականին կազմել են 18,66 մլրդ ԱՄՆ դոլար[4], իսկ 2025 թվականի դրությամբ կանխատեսվում է ծախսերը հասցնել մինչև 350 մլրդ դոլարի[5]: Ներդրումները նախատեսվում է հասցեավորել դեպի առցանց կրթության կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր դրսևորում` վիրտուալ լեզվական ծրագրերից մինչև տեսակոնֆերանսների գործիքներ կամ առցանց ուսուցման ծրագրեր:

Անցած հինգ տարիների ընթացքում ներդրողները կայուն կերպով փոխել են իրենց հետաքրքրությունը այնպիսի հնացած թվային կրթական արտադրանքներից, ինչպիսիք են էլեկտրոնային ինքնաուսուցման ձեռնարկները` կենտրոնանալով հաջորդ սերնդի ընկերությունների վրա: Այդպիսի ընկերությունները առաջարկում են թվային կամ առցանց հարթակների վրա հիմնված կոգնիտիվ ուսումնական լուծումներ: Այդպիսիք են` արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված ուսուցումը, խառը իրականությամբ ուսուցումը («VR» տեխնոլոգիայի կիրառությամբ), բջջային ուսուցումը, թվային խաղային տեխնոլոգիաներով ուսուցումը[6]:

Այսպես` 2019թ.-ին 3,67 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրվել արհեստական ինտելեկտի վրա հիմնված ուսուցում մշակող 120 ընկերություններում, 2018թ.-ին ներդրումների ծավալը կազմել է 2,89 մլրդ ԱՄՆ դոլար: 2019թ.-ին 2,97 մլրդ ԱՄՆ դոլար ներդրվել է բջջային ուսուցման հավելվածներ մշակող 176 ընկերություններ, 2018թ.-ին` 1,96 մլրդ ԱՄՆ դոլար[7]:

Այս ոլորտում առաջատար երկրներն են ԱՄՆ-ն ու Չինաստանը: 2017 թ.-ին ԱՄՆ-ը կրթական թվային տեխնոլոգիական ընկերություններում կատարել է 5,5 մլրդ $ ներդրում, որը կրթության ոլորտում կատարված ներդրումների մոտ 58%-ն է: Իրավիճակը կտրուկ փոխվեց 2018թ.-ին, երբ Չինաստանում նույն ընկերությունները ստացան ընդհանուր ֆինանսավորման 44.1%-ը, իսկ ԱՄՆ-ում՝ 32%-ը: 2019թ.-ին ԱՄՆ-ն վերականգնեց իր դիրքերը մոտ երկու անգամ առաջ անցնելով Չինաստանից: 2019թ.-ին Չինաստանում ներդրումները թվային կրթական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ֆինանսավորման կտրվածքով կազմեցին 21,4%, իսկ ԱՄՆ-ում 42.9%[8]: Այսպիսով, կրթական առաջատար ընկերությունների շուկայական հնարավորությունների քանակական վերլուծությամբ զբաղվող «Metaari»[9] ընկերության տվյալներով` ԱՄՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատեց կրթության թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում առաջատարի իր դիրքերը:

Համավարակի ազդեցությունը կրթության համակարգի վրա

Համավարակի ազդեցությունը հասարակական ինստիտուտների վրա դեռևս շարունակվում է պահպանվել, այդ պայմաններում էական է հասկանալ կրթության համակարգի երկարաժամկետ հեռանկարները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուսումնական հաստատությունների նման խոշորածավալ փակումը առաջինն էր: Համավարակի ազդեցությունը կրթության համակարգի վրա կարելի է գնահատել երկու ցուցանիշով. բովանդակային և տեխնոլոգիական`

  • Կրթության կազմակերպիչները գտան ժամանակ ոլորտի նպատակային առաջնահերթությունները վերաարժևորելու համար:
  • ՏՏ-ները նվաճեցին ապագա սերունդների կրթության ապահովման հարցում իրենց անխուսափելի նշանակությունը:
  • Գործընթացի թվայնացմամբ փոխվեց ուսուցչի առաքելությունը[10]:

Մինչև համավարակային իրականությունը, համաշխարհային մանկավարժական հանրությունը քննարկում էր ապագա սերնդի կրթության վերաիմաստավորման անհրաժեշտությունն ու ուղիները: Նշված խնդիրը էական էր, քանզի կարիք կար որոշակիացնել այն ապագա իրականությունը, որին նախապատրաստում էր երեխաներին և դրանից մղվելով մոդելավորել ապագա կրթության բովանդակությունն ու նախագծել ուսուցման և դասավանդման մրցունակ ձևեր: Կորոնավիրուսային ճգնաժամը թույլ տվեց վերակառուցել «ուսուցիչ-աշակերտ» փոխհարաբերությունները, փնտրել արտադասարանային նպատակաուղղված փոխհարաբերության ձևեր` արդյունքում գուցե հնարավոր լինի որոշակիացնել ինչպիսին պետք է լինի կրթությունը ապագա «Z» և «Alpha» սերունդների համար[11]: «Dell Technologies» ընկերության զեկույցի համաձայն[12], 2030 թվականին աշխատատեղերի 85%-ը, դեռևս չեն հորինվել: Համաշխարհային տնտեսական ֆորումի այս զեկույցի համաձայն, այսօր տարրական դասարանների երեխաների 65%-ը վաղը աշխատելու է մասնագիտություններում, որոնք դեռ գոյություն չունեն:

Կրթության համավարակային վերաիմաստավորումը

«COVID-19» համավարակի ճգնաժամը կարող է միանգամորեն փոխել մեզ սովոր աշխարհը և համաշխարհային հեռանկարները, այն կարող է նաև հուշել, թե ինչպես փոփոխել կրթությունը` մարդկանց ապագային ավելի լավ պատրաստելու համար: Այդ տեսանկյունից արդեն ուղենշված են չորս հիմնական մոտեցումներ: Դրանք են[13].

1. Կրթություն ինտեգրված աշխարհի պայմաններում.

Համավարակը ցույց տվեց, որ հաջորդ տասնամյակների հաջողակ մարդիկ պետք է կարողանան հասկանալ ինտեգրված հարաբերությունների բնույթը և ընդունակ լինեն աշխատել համընդհանուր համագործակցության մեջ:

2. Դասավանդողի դերի վերաիմաստավորում

Սովորողները այլևս հնարավորություն ունեն ստանալ գիտելիքներ իրենց թվային տեխնոլոգիաներով, ինչը ստիպում է վերանայել ուսուցչի դերը: 21-րդ դարի կրթության նպատակների համատեքստում ուսուցչի դերը այլևս միայն գիտելիքակողմնորոշված չի կարող լինել: Ըստ այդմ այն կարող է ուղղված լինել երիտասարդության ֆասիլիտացիային:

3. Ապագա կյանքի հմտությունների տրամադրում

Անընդհատ փոփոխվող ինտեգրված միջավայրում երիտասարդներին անհրաժեշտ է ճկունություն և հարմարվողականություն. Ապագայի կանխատեսումով՝ պահանջարկված հմտություններ են՝ ստեղծագործականությունը, հաղորդակցականությունը, համագործակցությունը, կարեկցանքը, հուզական ինտելեկտը, թիմային աշխատանքը:

4. Կրթություն տեխնոլոգիաների խթանմամբ

Համավարակը ամբողջ աշխարհի դպրոցներին հանկարծակի ստիպեց օգտագործել մատչելի տեխնոլոգիական գործիքներ` բոլոր մակարդակներում սովորողների կրթությունը ապահովելու համար: Դրանք ուսուցման նոր եղանակներ են, որոնք նախկինում` հատկապես հանրակրթությունում գրեթե չեն կիրառվել: Դրանք ստեղծում են ավելի մեծ ճկունություն և նպաստում կրթություն ստանալու հնարավորությունների մեծացմանը:

Կրթության համավարակային թվայնացումը

Ի պատասխան աճող պահանջարկի՝ առցանց կրթության պլատֆորմներն առաջարկում էին անվճար օգտվել իրենց ծառայություններից: Օրինակ` «BYJU»[14] բանգալյան կրթական ընկերությունը, որը հիմնադրվել է 2011 թվականին և ներկայումս հանդիսանում է աշխարհի ամենաթանկ նման ընկերությունը[15]: Ընկերության տնօրեն Միալ Մոհիթի խոսքով՝ «Think» and «Learn» հավելվածներում անվճար առցանց դասերի հայտարարումից ի վեր, դրանց սպառումը աճել է 200%-ով:

Նույն ժամանակ «Tencent»[16] առցանց կրթության հարթակը լայնորեն կիրառվեց փետրվարի կեսից` այն բանից հետո, երբ Չինաստանի կառավարությունը կոչ արեց քառորդ միլիարդ սովորողների վերսկսել ուսումը առցանց պլատֆորմների միջոցով: Սա հանգեցրեց կրթության պատմության ամենամեծ «առցանց շարժմանը», որով համավարակի կենտրոն Ուհան քաղաքում գրեթե 730000 մարդ կամ սովորողների 81%-ը սկսեց հաճախել դասերի սույն պլատֆորմի միջոցով:

Այլ ընկերություններ ընդլայնեցին իրենց հնարավորությունները ուսուցիչներին և ուսանողներին ունիվերսալ ծառայություններ տրամադրելու համար: Օրինակ՝ «ByteDance»[17] պլատֆորմի կողմից ստեղծված սինգապուրյան «Lark»[18] հարթակը սկսեց ուսուցիչներին և սովորողներին առաջարկել անսահմանափակ տեսակոնֆերանսներ, թարգմանության ավտոմատ հնարավորություններ և նախագծային աշխատանքի իրական ժամանակում համատեղ խմբագրում, խելացի օրացույցի պլանավորում և այլն: Համավարակի ճգնաժամի պայմաններում «Lark»-ը ընդլայնեց իր սերվերների գլոբալ ենթակառուցվածքը և տեխնիկական հնարավորությունները` հուսալի կապ ապահովելու համար:

«Alibaba» ընկերությունը առաջարկեց հեռավար ուսուցման իր տեխնոլոգիական լուծումը` «DingTalk»-ը[19]: Վերջինի կիրառությամբ բացվեցին մոտ 100000 ամպային սերվերներ ընդամենը երկու ժամվա ընթացքում:

Առցանց ուսուցմանը աջակցեցին նաև հեռուստաընկերությունները, օրինակ` «BBC»-ն: Անգլիայում ապրիլի 20-ից հեռարձակվեց նաև «Bitesize Daily»[20] հեռուստատեսային ծրագիրը, որն առաջարկում էր 14 շաբաթյա ուսումնական եթեր ողջ Մեծ Բրիտանիայի տարածքով: Ծրագրի դասավանդման գործառույթում ընդգրկված էին տարբեր հանրահռչակ դեմքեր, օրինակ` ֆուտբոլիստ Սերխիո Ագուէրոն:

Ըստ անհրաժեշտության, նպատակահարմարության կամ ցանկության ակտիվ կիրառվեցին նաև առցանց հաղորդակցության այլ տեխնոլոգիական լուծումներն ևս` «Moodle», «Google», «Classroom», «Docebo», «SAP Litmos», «Blackboard», «Zoom», «Skype», «Viber»:

Տարբեր երկրների արձագանքը համավարակային կրթական ճգնաժամին

«COVID-19» նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում Համաշխարհային Բանկը ակտիվ համագործակցել է բազմաթիվ երկրների կրթության նախարարությունների հետ` աջակցելով նրանց կազմակերպել և տրամադրել հեռավար ուսուցում: Ներկայում ևս, համաշխարհային բանկը ակտիվ երկկոխուսություն է վարում մի շարք երկրների հետ, նրանց կրթական թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Կատարված աշխատանքները լուսաբանելու նպատակով թողարկվել է զեկույց, որում ներկայացված են տարբեր երկրներում կիրառված լուծումները[21]:

Հայաստան

Համաշխարհային բանկը Հայաստանը չի ներառել այս ցանկում, ըստ երևույթին չկարողանալով դիտարկել բավարար լուծումներ:

Վրաստան

Վրաստանի կրթության նախարարությունը «Microsoft» ընկերության հետ մշակեց հանրակրթության ապահովմանն ուղղված կրթական պլատֆորմ: Համաձայնություն ձեռք բերվեց հանրային հեռուստատեսության հետ հեռարձակել դասեր և կրթական ծրագրեր:

Ռուսաստան

Ռուսաստանում այնպիսի առցանց պլատֆորմներ, ինչպիսիք են «Russian online school»-ը, «Yandex.textbook»-ը, «Teach.ru»-ն, «Yaklass»-ը դարձան հասանելի և անվճար սովորողների, ուսուցիչների և ծնողների համար: Ռուսական թվային տեխնոլոգիական ընկերությունները իրենց աջակցությունը բերեցին կրթական համակարգին: Օրինակ` «Mail.ru»-ն տրամադրեց իր պլատֆորմը առցանց կրթության անցկացման համար, «Yandex»-ը տրամադրեց տեսադասեր 5-11 տարեկան սովորողների համար: Կրթության նախարարությունը լույս ընծայեց կրթության բոլոր մակարդակների վրա առցանց կրթության ապահովմանն ուղղված մեթոդական ուղեցույց[22]: Ուղեցույցը պարունակում էր նաև հատուկ ցուցումներ կրթության կազմակերպիչների և ղեկավար անձնակազմի համար` նպատակաուղղված հոգեբանական անվտանգության պահպանմանը: Ռուսաստանի Գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը կարողացավ դաշնության մոտ 248 ԲՈՒՀ-երի մոտ 70%-ին փոխադրել առցանց իրականություն: Կիրառվում էր /Instagram hashtag/ #универдома, որի օգնությամբ ուսանողները, դասախոսական անձնակազմը, ինչպես նաև բուհական ղեկավար անձնակազմը տարածում էին իրենց նորարար գաղափարները: Նախարարությունը պարբերաբար հանդես էր գալիս առցանց եթերներով` իր /YouTube ալիք/-ում: Նախարարությունը բացեց թեժ գիծ և գործարկեց կայք համալսարանների համար /Keep learning, Keep teaching/, որը տրամադրում էր մեթոդաբանական օգնություն և տեղադրում հասանելի առցանց դասեր: ՌԴ ստրատեգիական նախաձեռնությունների գործակալության կողմից հիմնադրված /University 2035/ առցանց պլատֆորմը ռուսաստանյան ԲՈՒՀ-երին ցուցաբերում էր գործընթացի կազմակերպման մեթոդաբանական օգնություն:

Թուրքիա

Թուրքիայում գործարկվեց /EBA/կրթական թվային հարթակը, որն էլ «Turk Telekom» ընկերությունը շուրջ 18 մլն ուսանողների համար դարձրեց անվճար: Հեռավար կրթության կազմակերպման մեջ ևս ներքաշվեց հեռուստատեսությունը` 18 հեռուստալիքներով: Ստեղծվեց նաև /EBA/ հարթակի սմարֆոնների համար նախատեսված հավելված:

Ավստրիա

Ավստրիայի կրթության նախարարության կայքում /bmbwf.gv.at/ գեներացվեցին մեծ թվով բովանդակային լուծումներ և առաջարկներ: Կիրառության մեջ դրվեցին ուսումնական առցանց պլատֆորմները, օրինակ` «Moodle»-ը և «LMS»-ը, ինչպես նաև օգտագործվեցին «Microsoft» և «Google» ընկերությունների հարուստ հնարավորությունները: Նախարարության կողմից մշակվեց առցանց ուսուցման /Eduthek/ պլատֆորմը, որը արտաքին օգտատերերից կուտակեց դասավանդման և ուսուցման բազմապիսի նյութեր` առաջարկելով դրանք մանկապարտեզների և դպրոցների աշակերտներին, որպեսզի նրանք կարողանան տանը ինքնակրթվել և խորացնել իրենց գիտելիքները: 2020 թվականի մարտի 18-ից «ORF 1» պետական ​​հեռուստաընկերությունը առաջարկեց կրթական հատուկ ծրագիր դպրոցահասակ բոլոր երեխաների համար: Առավոտյան ժամը 06:00-ից մինչև 09:00-ն հեռարձակվում էր ծրագիր նախադպրոցական և կրտսեր դպրոցահասակ տարիքի երեխաների համար: Այնուհետև, երեք ժամյա կրթական ծրագիր 10 տարեկանից բարձր սովորողների համար «ORF-1-Freistunde» հեռուստաեթերով: Սովորողները կարող էին արտահայտել իրենց հարցերն ու կարիքները հաղորդագրությունների կամ տեսանյութերի միջոցով: Հիմնվելով դպրոցների փակման առաջին երկու շաբաթվա փորձի վրա` նախարարությունը լրացուցիչ ջանքեր գործադրեց թվային հաղորդակցությամբ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ներկայումս Ավստրիայի կրթության նախարարությունն աշխատում է հեռավար ուսուցման հայեցակարգի, դրանից բխող ուղեցույցների և դրանք իր մեջ ներառող կրթական առցանց հարթակի մշակման ուղղությամբ: Հարթակը հասանելի է դասավանդողների և կրթական հաստատությունների ղեկավարների համար: Ավստրիան կարևորեց հոգեբանական խորհրդատվությունը` նման ոչ միանշանակ պայմաններում: Դպրոցական հոգեբաններին կարելի էր կապվել հեռախոսի կամ էլ. փոստի միջոցով: Հոգեբանական խորհրդատվությունը ներկայումս հասանելի է նաև երեկոյան ժամերին, ինչպխես նաև հանգստյան օրերին: Այն մարդկանց համար, ովքեր չէին տիրապետում գերմաներենին, կազմակերպվեց խորհրդատվական ծառայություններ 23 տարբեր լեզուներով:

Խորվաթիա

Խորվաթիայում կրթության նախարարությունը հանդես եկավ «Organisation of distance teaching and learning in Croatia» խորագիրը կրող հեռավար կրթության կառավարման անգլալեզու աշխատանքային ուղեցույցով: Նպատակային կազմակերպվածությամբ աչքի էին ընկնում կրթության նախարարության/Ministry of Education web site/ և «Կյանքի դպրոց»/school for life/ կայք էջերը: Կրտսեր դպրոցում 1-4-րդ դասարանների համար դասերը կազմակերպվեցին հանրային հեռուստատեսությամբ, որի շրջանակներում ուսուցիչները տեսանկարահանեցին իրենց դասերը և ուղարկեցին ծնողներին պարապմունքները կազմակերպելու համար: Հաշվի առնվեց այն, որ այս տարիքի երեխաները չեն օգտվում ինտերնետից, և միայն իրենց ծնողների միջոցով են շփվում ուսուցիչների հետ: Այս տարիքային խմբի համար դասերն անցկացվեցին հեռուստատեսությամբ, իսկ ուսուցիչները հեռախոսով շփվում էին ծնողների հետ: Դպրոցի 5-8-րդ դասարանների համար սահմանվեց «Ազգային ժամանակացույց», ըստ որի նախատեսում էր օրական 5 ժամ դպրոցական աշխատանք, սակայն դպրոցները կարող էին հավելյալ ժամեր ավելացնել իրենց աշակերտների համար: Տեսադասերը նկարահանվում էին ամեն օր` յուրաքանչյուրը 15 րոպե տևողությամբ` համաձայն ազգային գրաֆիկի: Տեսադասերը հասանելի դարձան ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ առցանց տիրույթում: Բացի այդ, յուրաքանչյուր դպրոց ուներ ուսուցիչների վիրտուալ սենյակներ և վիրտուալ դասարաններ տարբեր հարթակներում/Loomen, Microsoft Teams, Yammer/, որտեղ ուսուցիչները ամեն օր շփվում էին սովորողների հետ, տալիս նրանց ցուցումներ, ստուգում նրանց գործունեությունն ու առաջադրանքները: Հատուկ կարիքների և հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախարարությունը հրահանգեց, որ դպրոցներում ուսուցիչները մշակեն առցանց դասընթացներ, որոնք հարմարեցված են այդպիսի երեխաների համար:

Բուլղարիա

Բուլղարիայում կրթության և գիտության նախարարությունը 2020 թվականի մարտի 16-ից գործարկել է էլեկտրոնային ուսուցման համակարգ /e-learning system/: Յուրաքանչյուր աշակերտ ընդգրկված էր հեռավար ուսուցման համակարգում օրական վեց ժամ տևողությամբ, այդ թվում` ազգային հեռուստաալիքներով հեռարձակված դասերի միջոցով: Դպրոցական կրթական բովանդակությունը հեռարձակվում էր «BNT 2» և «BNT 4» ալիքներով: Ծնողները մանկավարժներին օգնում են սահմանված ցուցումների և առաջադրանքների կատարման գործում և աջակցում են երեխաներին սարքավորումների կիրառման հետ կապված խնդիրներով: Հեռավար ուսուցմանն օժանդակելու համար կրթության և գիտության նախարարությունը մշակեց ուսուցիչների ազգային էլեկտրոնային գրադարան, որը պարբերաբար հրատարակում էր մեթոդական ուղղորդումներ` ուսուցման էլեկտրոնային միջավայրում աշխատելու համար: Կիրառութան մեջ դրվեց ուսուցման նախագծային տեխնոլոգիան` խթանելու համար հետազոտականությունը, հետաքրքրասիրությունը, հետադարձ կապը, խմբային և անհատական ​​աշխատանքը: Բոլոր աշակերտները և ուսուցիչները գրանցվեցին «Microsoft Teams» անվճար հարթակում, որը թույլ տվեց կենտրոնացնել գործընթացի կառավարումը: ԲՈՒՀ-երը ինքնուրույն կազմակերպեցին հեռավար ուսուցման գործընթացը` օգտագործելով «Office 365», «Skype», «Google Classroom» համակարգերը: Ստեղծվում են մուտքի և ամպային ծառայություններ: Կրթության և գիտության նախարարությունը իր կայքում տեղադրեց «հեռախոսային էլեկտրոնային կրթություն» ծառայության վերաբերյալ տեղեկատվություն, որը պատասխանում էր տարատեսակ հարցերի և ներկայացնում առաջարկներ կրթական գործընթացի հետ կապված: Կառավարությունը արդիականացրեց գնահատման և քննությունների կազմակերպման վերաբերյալ օրենսդրությունը` հաշվի առնելով հեռավար ուսուցման համատեքստը:

Ֆինլանդիա   

Ֆինլանդիայում առցանց ուսուցման միջավայրը լայնորեն կիրառվել է նաև մինչև կորոնավիրուսային համաճարակը, հետևաբար ֆիննական կրթությունը ավելի քան պատրաստ էր անցնել հեռավար պայմանների: Ֆինլանդիայի կրթության ազգային գործակալությունը /Finnish National Agency for Education/ցուցում տվեց դպրոցներին մշակել ուսուցման կազմակերպման մի քանի ճկուն մոտեցումներ: Սովորողների կողմից առավել հաճախ կիրառվել են` Moodle, Google Classroom, Ville, Team, O365, Skype և Zoom հավելվածները: Կիրառվեցին նաև խաղեր ու սիմուլյատորներ ներառված /VirtualAutoedU/, /Sandbox/, /DigiVirtu/ պլատֆորմներում: Ֆինլանդիայում առցանց հարթակներով նաև կազմակերպված է «դպրոց – ընտանիք» հաղորդակցությունը: Ֆիննական բարձրագույն ուսումնական հաստատությունները արդեն իսկ տիրապետում էին իրենց համար նախընտրելի առցանց կառավարման համակարգերի, օրինակ՝ «Adobe Connect»-ը կամ «Zoom»-ը: ԲՈՒՀ-երում մինչ այդ ևս կիրառելի էին էլեկտրոնային քննությունները:

Ֆրանսիա

Ֆրանսիան ստեղծեց առցանց պորտալ /Ma classe à la maison/` /Իմ դասը տանը/ վերտառությամբ, որն ապահովում է անհրաժեշտ կրթական բովանդակություն և ուսման հնարավորությունների հասանելիություն:

Աֆղանստան

Աֆղանստանում տեխնիկական և միջին մասնագիտական ​​կրթության դիրեկտորիան առաջադրեց կրթության ոլորտի ճգնաժամային կառավարմանը միտված ցուցումներ: «Այլընտրանքային կրթության սխեման` «Կորոնավիրուսի» հաղթահարման շրջանակներում» վերտառությամբ ուղեցույցը դիտարկում էր երկրում «COVID-19» համավարակի զարգացման երեք սցենարներ՝ մեկից երկու ամիս, երեքից վեց և, ավելի քան վեց ամիս տևողություններով: Ի պատասխան ուրվագծված երեք սցենարների` մշակվեց հեռավար կրթության կազմակերպման ռազմավարություն: Ուղեցույցում առաջարկվում են տարբեր այլընտրանքներ ՝ հիմք ընդունելով ակնկալվող երեք սցենարներից յուրաքանչյուրը: Այս այլընտրանքային տարբերակներից ոմանք ներառում են դասագրքերի գլուխների տպագրում և բաշխում, տեսադասերի հեռարձակում հեռուստատեսության և ռադիոյի միջոցով, տեսանյութերի հեռարձակում կայքերի, պորտալների, սոցիալական լրատվամիջոցների միջոցով(Facebook և YouTube), աուդիո դասեր բջջային հեռախոսներով:

Հնդկաստան

Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարարությունը 2020 թվականի մարտի 21-ին կոչ արվեց կրթությունը շարունակել թվային ուսուցման պլատֆորմների միջոցով: Դրանցից է /DIKSHA/պորտալը, որը պարունակում է էլեկտրոնային ուսուցման բովանդակություն սովորողների, ուսուցիչների և ուսումնական ծրագրերին համահունչ ծնողների համար, ներառյալ՝ տեսադասեր, աշխատանքային տետրեր, դասագրքեր և գնահատման հնարավորություններ: /e-Pathshala/-ն էլեկտրոնային ուսուցման հարթակ է` հինդի, ուրդու, անգլերեն լեզուներով և նախատեսված 1-12-րդ դասարանների համար: Ծրագրում կան գրքեր, տեսանյութեր, աուդիո ֆայլեր և այլ նյութեր, որոնք ուղղված են սովորողներին, մանկավարժներին և ծնողներին: Բաց կրթական ռեսուրսների ազգային պաշար /NROER/ պորտալը սովորողների և ուսուցիչների համար տարբեր լեզուներով տրամադրում է բազմաթիվ ռեսուրսներ` գրքեր, ինտերակտիվ մոդուլներ, տեսանյութեր, ներառյալ STEM-ի վրա հիմնված խաղեր: Պորատալի բովանդակությունը ապահովում է ուսումնական պլանի կատարումը 1-12-րդ դասարանների համար: /Swayam/ հարթակը ապահովել է առցանց դասերի և քննությունների կազմակերպումը կրթության բոլոր մակարդակների համար: Դրանում անցկացվել են շուրջ 1900 ամբողջական դասընթացներ: Առարկայական դասերը դասավորված են եղել ըստ ուսումնական պլանի և հոսքային առանձնահատկության` ներառելով ռոբոտաշինությունը:

Հորդանան

Հորդանանի կրթության նախարարությունը սպորտային հեռուստալիքներով ապահովեց ամենօրյա կրթական հեռուստաեթեր: Դասերը հեռարձակվում էին օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: Մարտի 22-ին գործարկվեց «Darsak» կրթական պորտալը` մշակված «Mawdoo3» մասնավոր ընկերության կողմից: Կրթության նախարարությունը և թվային էկոնոմիկայի ու ձեռներեցության նախարարությունը ղեկավարում էին ամբողջ գործընթացը: «Edraak», «Jo Academy», և «Abwab» կրթական պլատֆորմները նույնպես ապահովում էին կրթական բովանդակություն:

Չինաստան

Չինաստանում 2020թ.-ի փետրվարի 9-ից դպրոցների գրեթե 200 միլիոն աշակերտ սկսեց ուսումնական նոր կիսամյակը առցանց ռեժիմում: Կրթության նախարարությունը հանդես եկավ «Ուսուցման անխափան ապահովում դասընթացների խափանման պայմաններում» նախաձեռնությամբ /National Cloud-Platform for Educational Resources and Public Service of China/: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար կազմակերպվեցին հեռահաղորդակցություններ դպրոցների ղեկավարության, առցանց հարթակների հեղինակների, դասընթացների ձևավորողների, հեռահաղորդակցության օպերատորների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Այդ նպատակով կրթության նախարարությունը գործընկերություն էր հաստատել արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ, որով հնարավոր եղավ՝

  • Մոբիլիզացնել հեռահաղորդակցման բոլոր խոշոր ծառայություններ մատուցող ընկերությունների ներուժը` ինտերնետային կապով առցանց կրթության հնարավորությունները ընդլայնելու համար, հատկապես` ծածկույթով չապահովված շրջաններում:
  • Բարելավել հիմնական կրթական առցանց պլատֆորմների թողունակությունը և էապես կատարելագործել դրա հանրային հասանելիությունը՝ միաժամանակ ծառայելով միլիոնավոր այցելուների:
  • Ապահովել ձեռնարկությունների կարողությունների մոբիլիզացիա` առցանց դասընթացների և ռեսուրսների տրամադրման համար: Համալսարանականներին հասանելի դարձան ավելի քան 24.000 առցանց դասընթացներ: Ստեղծվեցին 22 երաշխավորված առցանց դասընթացների պլատֆորմներ, որոնց մեծ մասը ստեղծվեց արհեստական ​​բանականության միջոցով:
  • Մշակվեց և ընդունվեց ճկուն մեթոդաբանություն` առցանց ուսումը հեշտացնելու համար: Դպրոցներին և ուսուցիչներին հնարավորություն տրվեց ընտրել աշխատանքի առավել հարմար մեթոդներ՝ հիմնված առցանց պլատֆորմների, թվային հեռուստատեսության կամ բջջային ծրագրերի վրա: Ուսուցիչները ստացան հավելյալ ուղեցույցներ դասավանդման առանձնահատուկ մեթոդաբանության վերաբերյալ:
  • Ցանցային և հեռահաղորդակցության անվտանգության ամրապնդում` հեռահաղորդակցության ոլորտի և առցանց պլատֆորմային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ համագործակցության միջոցով:
  • Հոգեբանասոցիալական աջակցության տրամադրում:

Արգենտինա

Արգենտինայում գործընթացների ողջ ծանրությունը իր վրա կրեց կրթության նախարարության /Educ.ar/ կրթական պորտալն, որն ուղղված էր ուսուցիչներին, ուսանողներին և ընտանիքներին անհրաժեշտ թվային ռեսուրսների տրամադրմանը: Կրթության նախարարության և լրատվամիջոցների ու հասարակայնության հետ կապի քարտուղարության կողմից մշակվեց «Seguimos Educando»(«շարունակելով կրթել») ծրագիրը, որը կրթական բովանդակություն հեռարձակեց 2020թ.-ի ապրիլի 1-ից: Պլատֆորմը ներառում էր ինքնուսուցման ռեսուրսներ, առաջարկություններ ընտանիքների և ուսուցիչների համար, ֆիլմեր, հարցազրույցներ, առցանց միջոցառումների օրակարգեր, ինչպես նաև առաջարկներ ուսանողների ազատ ժամանակի կազմակերպման համար: Այն ուներ նաև /վիրտուալ իրականության/ բաժին, որն ապահովում էր տեսանյութերի հավաքածու՝ 360° ձևաչափով: հատուկ փակված ուսանողների համար դպրոցական փակման արդյունքում: Ուսումնական ռեսուրսների հասանելիությունը ապահովելու և անհավասարությունը մեղմելու նպատակով` տպագրվեցին «կրթական ձեռնարկներ»` փաթեթավորված ուսուցման անհրաժեշտ միջոցներով և առաքվեցին տեխնոլոգիաներ կամ կապի հասանելիություն չունեցող սովորողների տներ: Արդյունքում մշակվեցին 9 ձեռնարկներ բարձրագույն կրթության ոլորտի, 2-ը` նախակրթարանների, 4-ը` ավագ, 2-ը` հիմնական դպրոցի և 1-ը` ընտանիքի համար:

Բրազիլիա

Բրազիլակամ «Futura Chanel» հեռուստաընկերությունը յութուբյան իրենց ալիքում տեղադրեցին կրթական բովանդակություն ապահովող նյութեր: Բրազիլիայի «Amazonas» և «Pará» նահանգները գործարկեցին իրավիճակի հաղթահարման ռազմավարություն, որը մեծապես ապավինում էր հեռուստատեսության օգտագործմանը: Amazonas նահանգը ուղեցույցներ մշակեց ծնողների, ուսուցիչների և կրթության կազմակերպիչների համար:

Կոլումբիա

Կոլումբիայում կանխարգելիչ կարանտինը սկսվեց 2020 թվականի մարտի 16-ից, որի արդյունքում վերանայվեց ուսումնական օրացույցը: Առաջին երկու շաբաթվա ընթացքում ուսուցիչներին տրվեց պատրաստվելու ժամանակ` մշակվեցին նոր ուսումնական օրացույցից բխող թեմատիկ պլանավորում, առաջադրանքներ, գնահատման ձևեր: Առցանց ուսուցումը կատարվեց տարբերակված: Ինտերնետային հասանելիություն և տեխնոլոգիական ռեսուրսներ ունեցող ընտանիքները մուտք ունեցան /aprender digital/ թվային պլատֆորմ՝ հագեցած ավելի քան 80,000 թվային կրթական ռեսուրսներով` խաղեր, տեսանյութեր և այլն: Տեխնիկական հնարավորություններ չունեցող ընտանիքների համար կառավարությունը մշակեց տնային ուսուցման կազմակերպման համակարգ` համատեղելով տարբեր տեսակի ռեսուրսներ` խաղեր, ինքնուրույն ուսուցման ձևեր, ընտանեկան ուսուցման իրադրություններ, արվեստ և այլն: Այս ծրագրի նպատակը 2020 թվականի ապրիլի 20-ն է: Կոլումբիան այս ընտանիքների համար ռազմավարություն կմշակի այն վայրերում, որտեղ կապ չկա, և որտեղ երկար հեռավորությունները թույլ չեն տալիս ուրիշներին օգտագործել ուսուցման ձևերը: Կոլումբիան սկսեց հեռարձակել կրթական ծրագրեր պետական ​​ռադիոյով և հեռուստատեսությամբ` հանրապետության միջնակարգ դպրոցների աշակերտների համար` աջակցելով ուսուցիչներին և ուսումնական հաստատություններին: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՏՀՏ նախարարությունից /ICT Ministry/:

Չիլի

Չիլիում «Aptus» թվային առցանց կրթական պլատֆորմը պարունակում է հարուստ բովանդակություն: Չիլիի կրթության նախարարությունը այդ պլատֆորմի բովանդակությունը դարձրեց հասանելի տարածաշրջանի մյուս երկրների համար ևս: Հարթակը ներառում է անվճար տեսանյութեր, որոնք արտադրվել են Չիլիում 4-13 տարեկան երեխաների համար և հատկապես օգտակար են գրագիտության ապահովման համար:

Ջամայկա

Ջամայկայի կրթության, երիտասարդության եւ տեղեկատվության նախարարությունը/Ministry of Education, Youth and Information/ շրջանառության մեջ դրեց կրթության բոլոր մակարդակներին ուղղված աջակցության նախաձեռնություններ` մինչեւ 2020թ.-ի ապրիլի 30-ը, հետագա երկարացման հնարավորությամբ: Այս աջակցությունը ներառում էր մի շարք ծառայություններ ինտերնետային հասանելիություն չունեցող ուսանողների համար և դասընթացների հեռարձակումներ, որոնք հասանելի էին 25 կաբելային ալիքներով: Ապահովվեց սովորողների մուտքը «MoEYI» կայք, որտեղ առկա է անհրաժեշտ ուսումնական բովանդակություն, ստեղծվեց առցանց քննության «PEP» համակարգը: Ծնողների աջակցության ազգային հանձնաժողովը /NPSC/ համագործակցելով «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի և «Պայքար հանուն խաղաղության» կազմակերպության հետ հանդես եկավ ծնողներին սատարելու մի շարք նախաձեռնություններով: Նախ՝ ծնողներին տրվեցին խորհուրդներ դպրոցի հետ հետադարձ կապի պահպանման ուղղությամբ և երկրորդը` ստեղծվեցին հոգեբանասոցիալական աջակցության թեժ գծեր: Հիմնվելով հետազոտության արդյունքների վրա «NPSC»-ը անվանի հոգեբանների հետ համագործակցության արդյունքում մշակեց հոգեբանական աջակցության սցենարներ: Հեռարձակվեցին հինգ կարճ տեսանյութեր, տնային կրթության պայմաններում երեխաների առաջադիմությունը խթանելիս, ծնողներին աջակցելու համար: Նախարարությունը ակտիվորեն ապահովեց հետադարձ կապ արագորեն բարելավելու համար առցանց դասավանդումը: Օրինակ՝ մարզերից ստացված կարծիքների հիման վրա՝ տարրական դպրոցի ուսուցիչները վերապատրաստվեցին՝ զարգացնելով առցանց ուսուցման իրենց կարողությունները: Օժանդակության շրջանակներում դպրոցների ղեկավարներին և տրամադրվել են «COVID-19» համավարակի պայմաններում կրթության կազմակերպման առցանց վերապատրաստման դասընթացներ/training courses/: Դրանք ներառում են ուսումնական պլանների վերակազման, վերջնարդյունքային տեսլականի ձևավորման, ուսուցիչների կառավարման, առաջնորդության, հուզական հետախուզյան, գործընկերության և շահագրգիռ կողմերի ներգրավման հարցեր:

Եգիպտոս

Եգիպտոսում 2020թ.-ի մարտի 15-ից հեռավար ուսուցման և գնահատման իրականացման ուղղությամբ կրթության և տեխնիկական կրթության նախարարությունը/MOETE/ երկարաձգեց սովորողների համար /Egyptian Knowledge Bank/ հարթակի հասանելիությունը՝ ապահովելով կրթության անհրաժեշտ բովանդակությունը ըստ դասարանների մակարդակի և առարկաների: Նյութերը հասանելի էին ինչպես արաբերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով բոլոր աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար: Թվային հարթակն առաջարկում է հաղորդակցման կապուղի ուսանողների և ուսուցիչների միջև` հնարավորություն տալով բացատրել դասերը և առցանց քննություններ հանձնել: Հետզհետե մշակվեցին առցանց հարթակներում աշխատանքի ցուցումներ: Ստեղծվեցին վիրտուալ դասարաններ՝ էլեկտրոնային եղանակով կրթությունը շարունակելու համար: Մարտի 19-ին պայմանագիր կնքվեց առցանց ուսուցման /Edmodo/ օպերատորի հետ: Կապի և ՏՏ նախարարության ու բջջային կապի օպերատորների հետ պայմանավորվածություն ստեղծվեց սովորողների հեռախոսային կապը դարձնել անվճար: /MOETE/-ը ծնողներից պահանջեց հետևել էլեկտրոնային գրադարանում և հարթակներում սովորողների ակտիվությանը: 3-7-րդ դասարանների համար քննությունները չեղարկվեցին, փոխարենը` էլեկտրոնային հարթակում նրանք յուրաքանչյուր առարկայի համար ներկայացրեցին հետազոտական ​​նախագիծ: 10-11-րդ դասարանների սովորողները հանձնեցին փորձնական թեստեր: 10-րդ և 11-րդ դասարանների ավարտական ​​քննությունը կազմակերպվեց առցանց:

Էկվադոր

Էկվադորում գործընթացը զարգացավ երկու ճանապարհով, մեկը հեռահաղորդակցություն ունեցող սովորողների, մյուսը այն չունեցողների համար: Էկվադորը ուսուցիչների համար մշակեց ուղեցույց` մատնանշող և խթանող մասնագիտական շարունակական ​​զարգացմանն ուղղված գործողությունները, օրինակ՝ «Moodle» համակարգի կիրառումը: Ավելի քան 800 թվային կրթական ռեսուրսներ բաժանվեցին սոցիալական մեդիայի միջոցով, կիրառվեցին նաև ռադիոն ու հեռուստատեսությունը: Ռեսուրսները մատչելի դարձվեցին նաև աուդիո տարբերակով` հեռավոր շրջաններ հասցնելու համար: Ստեղծվեց նպատակային տեսադասընթաց, որում բացատրվում էր, թե ինչպես օգտագործել կրթական առցանց ռեսուրսները և ինչպես դրանք արդյունավետ դարձնել կրտսեր դպրոցականների համար: Բազմապիսի հարցերի պատասխանելու համար տրվեց էլ. փոստի հատուկ հասցե և հեռախոսահամար: Բարձրագույն կրթության մակարդակում ստեղծվեցին վիրտուալ դասասենյակներ:

Քենիա

Քենիայում հեռավար ուսուցումը սկսվեց 2020 թվականի մարտի 23-ից: Կրթության նախարարությունը տրամադրեց համապատասխան ուղեցույցներ /guidelines/ հեռավար ուսուցման բարելավման վերաբերյալ: Սովորողների համար կրթական ծրագրեր և ռեսուրսներ տրամադրելու համար օգտագործվեցին չորս հիմնական ձևեր: Նախ՝ Քենիայի հեռարձակող կորպորացիայի/KBC/ հետ համագործակցության արդյունքում, կրթական ռադիոհաղորդումները հեռարձակվեցին բոլոր աշխատանքային օրերին մի քանի ռադիոալիքներով: Երկրորդ, Քենիայի կրթական ծրագրերի մշակման ինստիտուտը/KICD/ իրեն պատկանող «Edu Channel TV» հեռուստալիքով հեռարձակեց կրթական բովանդակությամբ հաղորդումներ: Երրորդ, բոլոր հեռուստածրագրերը հասանելի էին ինչպես ուղիղ եթերով, այնպես էլ Քենիայում պահանջարկված /EduTV Kenya/ պորտալի YouTube-յան ալիքով: Չորրորդ, սովորողները մուտք ունեին KICD-ի կողմից ղեկավարվող /Kenya Education Cloud/-ի միջոցով տրամադրված տարատեսակ ուսուցման թվային ռեսուրսներ: Բոլոր սովորողների և ընտանիքների համար ինտերնետի առավել լայն ընդգրկում ապահովելու համար Քենիայի քաղաքացիական ավիացիայի մարմինը /KCAA/ «Alphabet Inc.» և «Telkom Kenya» ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ստեղծեց Քենիայի օդային տարածքում լողացող օդապարիկներ, որոնք 4G կապ ապահովող կայաններ էին /Google’s Loon Balloons floating over Kenyan airspace/: Այդ օդապարիկները կոչվում էին «Google’s Loon», որոնք լողալով ստրատոսֆերայում` ստեղծում էին օդային անլար հաղորդակցական ցանց, որն ապահովում էր ինտերնետ կապը գյուղական և հեռավոր համայնքներում: Օգտագործողները միացված էին օդային ցանցին՝ շենքին ամրացված հատուկ ինտերնետային ալեհավաքով: Մեկ օդապարիկը կարող էր ապահովել ինտերնետ կապ մինչև 80 կմ տրամագծով: «Safaricom» մասնավոր բջջային օպերատորը համագործակցել է «Eneza Education», «Longhorn Publishers» և «Viusasa» ընկերությունների հետ՝ դպրոցի աշակերտներին կրթական էլեկտրոնային բովանդակության անվճար հասանելիություն ապահովելու համար: «Eneza Education»-ին պատկանող «Shupavu291» պլատֆորմի ամենօրյա բաժանորդային վճարը չեղարկվեց 60 օր ժամկետով: Սովորողները 60 օրվա ընթացքում կարող էին նաև 250 MB ծավալով կրթական անվճար բովանդակություն ստանալ մի քանի առցանց պորտալներից:

Լևոն Նազարյան
Մանկավարժական գիտությունների թեկմածու, դոցենտ

[1] UNESCO: COVID-19 educational disruption and response, 13 Apr. 2020, https://en.unesco.org/covid19/educationresponse (այցելվել է 21.06.2020թ.):

[2] Learning Poverty, October, 2019, https://www.worldbank.org/en/topic/education/brief/learning-poverty (այցելվել է 21.06.2020թ.):

[3] JAIME SAAVEDRA, «Educational challenges and opportunities of the Coronavirus (COVID-19) pandemic», MARCH 30, 2020, https://blogs.worldbank.org/education/educational-challenges-and-opportunities2A (այցելվել է 21.06.2020թ.):

[4] Business Insider, 2019 Global Edtech Investments Reach a Staggering $18.66 Billion, Jan.7,2020,01:00PM,https://markets.businessinsider.com/news/stocks/2019-global-edtech-investments-reach-a-staggering-18-66-billion-1028800669 (այցելվել է 21.06.2020թ.):

[5] “Online Education Market & Global Forecast, by End User, Learning Mode (Self-Paced, Instructor Led), Technology, Country, Company”, (GLOBE NEWSWIRE), Dublin, Dec.17, 2019, 12:13, https://www.globenewswire.com/news-release/2019/12/17/1961785/0/en/Online-Education-Market-Study-2019-World-Market-Projected-to-Reach-350-Billion-by-2025-Dominated-by-the-United-States-and-China.html (այցելվել է 21.06.2020թ.):

[6] Business Insider, 2019 Global Edtech Investments Reach a Staggering $18.66 Billion, Jan.7,2020,01:00PM,https://markets.businessinsider.com/news/stocks/2019-global-edtech-investments-reach-a-staggering-18-66-billion-1028800669 (այցելվել է 21.06.2020թ.):

[7] Նույն տեղում:

[8] Նույն տեղում:

[9] METAARI, Advanced Learning Technology Research, http://www.metaari.com/whitepapers.html

[10] Poornima Luthra, Sandy Mackenzie, 4 ways COVID-19 could change how we educate future generations, World Economic Forum, 30 Mar 2020, https://www.weforum.org/agenda/2020/03/4-ways-covid-19-education-future-generations/ (այցելվել է 21.06.2020թ.):

[11] Poornima Luthra, Is poor generational intelligence holding you back at work? World Economic Forum, 25 Feb 2019, https://www.weforum.org/agenda/2019/02/generational-intelligence-in-the-workplace/ (այցելվել է 21.06.2020թ.):

[12] Institute for the Future for Dell Technologies, EMERGING TECHNOLOGIES’ IMPACT ON SOCIETY & WORK IN 2030, The Next Era of Human-Machine Partnerships,

[13] Poornima Luthra, Sandy Mackenzie, 4 ways COVID-19 could change how we educate future generations, World Economic Forum, 30 Mar 2020, https://www.weforum.org/agenda/2020/03/4-ways-covid-19-education-future-generations/ (այցելվել է 21.06.2020թ.):

[14] https://byjus.com/

[15] https://timesofindia.indiatimes.com/gadgets-news/byjus-adds-free-live-classes-for-students-amidst-covid-19-lockdown/articleshow/74971274.cms (այցելվել է 21.06.2020թ.):

[16] https://www.tencent.com/ (այցելվել է 21.06.2020թ.):

[17] https://www.bytedance.com/en (այցելվել է 21.06.2020թ.):

[18] https://www.larksuite.com/ (այցելվել է 21.06.2020թ.):

[19] https://www.alizila.com/dingtalk-included-in-unesco-list-of-distance-learning-platforms/(այցելվել է 21.06.2020թ.):

[20] https://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2020/education-teachers (այցելվել է 21.06.2020թ.):

[21] The World Bank, How countries are using edtech (including online learning, radio, television, texting) to support access to remote learning during the COVID-19 pandemic,

https://www.worldbank.org/en/topic/edutech/brief/how-countries-are-using-edtech-to-support-remote-learning-during the-covid-19-pandemic?fbclid=IwAR0MdHyZq2C6_Ay9CGiYFXm74AxTx5GQrrmhwumXoKihsBN_vLBSlXndx5I (այցելվել է 21.06.2020թ.):

[22] https://docs.edu.gov.ru/document/26aa857e0152bd199507ffaa15f77c58/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս