Ինչ է տեղի ունեցել բնակարանների գների հետ. մինչև ո՞ւր կհասնի անշարժ գույքի շուկայի փլուզումը

Անշարժ գույքի շուկային ծանր օրեր են սպասվում։ Համավարակը և դրան հետևած տնտեսական ու սոցիալական դժվարությունները չեն կարող շրջանցել այս ոլորտը։ Այլ հարց է, թե մինչև ո՞ւր կհասնի շուկայի փլուզումը։

Առաջին արձագանքները մտահոգիչ են, բայց այսօր դեռ շուտ է այդ հարցին միանշանակ պատասխանել. անորոշությունները չափազանց շատ են, այդ թվում՝ ինչպես համավարակի, այնպես էլ՝ տնտեսության ու սոցիալական իրավիճակի հետ կապված։

Ճիշտ է, կան կանխատեսումներ սպասվող տնտեսական անկման վերաբերյալ, բայց դրանք շարունակում են արագորեն փոխվել։ Եթե ոչ վաղ անցյալում ակնկալվում էր, որ համավարակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի չափավոր և ոչ անկումային, ապա հիմա արդեն գնահատականներն առավել քան հոռետեսական են։ Նույնիսկ կառավարությունն է դադարել հավատալ, որ կհաջողվի խուսափել անկումից։

Անշարժ գույքի շուկան չի կարող չարձագանքել տնտեսության նման զարգացումներին։ Հատկապես որ, դա ուղեկցվում է մի շարք ուղղություններով արտահայտվող սոցիալական լարվածությամբ։ Սպասվում է աշխատատեղերի կրճատում, գործազրկության աճ, մարդկանց եկամուտների նվազում, ընդ որում, նաև այնպիսի կարևոր աղբյուրներից, ինչպիսին են արտաքին ֆինանսական փոխանցումները։ Նվազում է հասարակության վճարունակությունը, ինչն այլ ոլորտներից զատ՝ արտահայտվելու է նաև անշարժ գույքի շուկայի վրա։

Այս ամենին ավելանում է նաև դրսից անշարժ գույքի նկատմամբ ներկայացվող պահանջարկի անկումը։ Շատ քիչ է հավանականությունը, որ կհաջողվի արագ դուրս գալ այս իրավիճակից։

Կառավարությունը փորձում է նոր խթաններ ստեղծել անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանային շուկայի համար՝ առաջարկելով ծրագիր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրների լուծմանը։ Ծրագիրը ինչքանո՞վ կաշխատի, դեռ առիթ կունենանք անդրադառնալու, բայց այս փուլում այն չափազանց ոգևորել է բազմաթիվ քաղաքացիների։ Շատերի մոտ նույնիսկ տպավորություն է ստեղծվել, թե կառավարությունը պատրաստվում է իրենց փոխարեն վճարել իրենց բնակարանի գնման համար։

Իրականում, սակայն, առաջարկվող օժանդակության չափն այնպիսին չէ, ինչպիսին թվում է առաջին հայացքից։ Պատկերացնելու համար ասենք, որ կառավարությունն այս տարի ծրագրի իրականացմանը հատկացրել է 526 մլն դրամ։ Դրա շրջանակներում նախատեսվում է օժանդակություն տրամադրել 1085 շահառուի։

Եթե այդ գումարը բաժանում ենք շահառուների թվի վրա, ապա ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրին կարող է բաժին ընկնել միջինն ընդամենը 485 հազար դրամ։ Դա այն գումարը չէ, որ կարող է շատ բան փոխել։

Ամեն դեպքում, օժանդակության ցանկացած ծրագիր կարևոր է անշարժ գույքի շուկայի համար։ Թեև շուկայի կայուն զարգացումը կախված է հասարակության եկամուտների բնականոն ավելացումից։ Ցավոք, այսօր բախվել ենք հակառակ երևույթի հետ, որը, հայտնի չէ, թե ինչքան կտևի։

Անշարժ գույքի շուկայում պասիվացում արձանագրվեց մարտից սկսած։ Կրճատվեցին գործարքները։ Սակայն այդ ժամանակ անկումը դեռևս շատ մեծ չէր՝ տատանվում էր հիմնականում 10-15 տոկոսի սահմաններում։

Արդեն կան նաև ապրիլի տվյալները, և կարելի է ասել, որ այդ ամսին շուկան գտնվել է խորը թմբիրի մեջ։ Գրեթե բոլոր հատվածներում, այդ թվում՝ առք ու վաճառքի պարագայում, գործարքները կրճատվել են 75-80 տոկոսով։

Պարզ է, որ դա ոչ միայն տնտեսական կամ սոցիալական գործոնների, այլև հայտարարված արտակարգ դրության հետևանք է։ Կնքված գործարքների մի մասն էլ հավանաբար նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն են, որոնք փաստաթղթային ձևակերպում են ստացել ավելի ուշ։

Ընդհանուր առմամբ՝ ապրիլին Հայաստանում վաճառվել է բազմաբնակելի շենքի 322 բնակարան։ Այն 1150-ով պակաս է՝ նախորդ տարվա, 970-ով՝ այս տարվա մարտի ցուցանիշից։ Նույն ժամանակահատվածում Երևանում վաճառվել է 187 բնակարան՝ նախորդ տարվա 978-ի փոխարեն։ Այս տարվա մարտի համեմատ՝ տարբերությունը 4,4 անգամ է։

Անշարժ գույքի շուկայի ապրիլ ամսվա հաշվետվության մեջ Կադաստրի կոմիտեն բնակարանային շուկայում տեղի ունեցած գների փոփոխությունները չի արձանագրել։ Ընդ որում՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում։ Բայց դա չի նշանակում, թե նման բան տեղի չի ունեցել։ Պարզապես Կադաստրի կոմիտեն նպատակահարմար չի համարել նման վերլուծություն իրականացնել։ Գերադասել են ընդամենը արձանագրել՝ «2020թ. ապրիլին անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների նվազ քանակի հետևանքով չի իրականացվել անշարժ գուքի գների վերլուծություն, այդ իսկ պատճառով ապրիլ ամսվա բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայական միջին գները մնացել են անփոփոխ»։

Իհարկե, դժվար է այս մոտեցման մեջ տրամաբանություն գտնել։ Ի՞նչ տարբերություն, թե քանի բնակարան է վաճառվել։ Եթե բնակարանային շուկայում այս պասիվացումը շարունակվի նաև հետագայում, ի՞նչ է, Կադաստրի կոմիտեն պետք է դադարեցնի՞ տվյալներ հրապարակել շուկայի գնային փոփոխությունների վերաբերյալ։

Իհարկե, չի կարող նման բան լինել։ Ուստի պետք է ենթադրել, որ այդ տվյալներն այնքան էլ իշխանությունների սրտով չեն եղել։

Որ անշարժ գույքի շուկայի պասիվացումն առաջիկայում կշարունակի պահպանվել, այդպես էլ կլինի։ Իհարկե, ոչ այն չափով, ինչպիսին եղել է ապրիլին։ Տնտեսության մեջ ու հասարակական կյանքում սահմանափակումների թուլացումը որոշակի ազդեցություն կունենա։ Սակայն նախորդ շրջանին վերադառնալու մասին առայժմ խոսք լինել չի կարող։

Վճարունակ պահանջարկի անկումը, եթե դա ձգվում է մի քանի ամիս, ապա ինչ-որ պահից բերելու է նաև անշարժ գույքի գների նվազման։ Իսկ դա, թերևս, ամենացավոտ խնդիրն է այս ոլորտում։ Այն ուղղակիորեն փոխկապակցված է բնակարանային շինարարության հետ։ Անշարժ գույքի գների նվազումը թուլացնում է ներդրողների հետաքրքրությունները բնակարանային շինարարության իրականացման նկատմամբ։ Ավելին, դրա հետևանքով նման ծրագրերում ընդգրկված ընկերությունները կարող են կանգնել ֆինանսական դժվարությունների առաջ։

Համավարակի շրջանում տնտեսության մեջ ու սոցիալական հատվածում սկսված պրոցեսների հետևանքով ահա այսպիսի մարտահրավերների առաջ է հայտնվել անշարժ գույքի շուկան։ Այն սպառնում է հերթական անգամ իր հետևից անդունդը քաշել նաև բնակարանային շինարարությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս