Ինքնահաստատման փորձ Արցախում

Արցախի Սահմանադրության համաձայն մայիսի 21-ին Շուշիում տեղի ունեցավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա էր նաև Հայաստանից ժամանած պետական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Շուշիում Փաշինյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որտեղ բացի իր շնորհավորական ուղերձը, մի քանի քաղաքական հայտարարություններ հնչեցրեց։

Նախօրեին հերթական անգամ ականատես դարձանք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հարմար առիթն ու լսարանն օգտագործում և հերթական անգամ քննարկման հարթակ բերում ՀՀ-ում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա իրադարձությունները։

Նա փորձեց զուգահեռներ անցկացնել արցախյան հերոսամարտի ու ՀՀ-ում իշխանության բռնազավթման գործընթացների միջև։ Փաշինյանն անընդհատ խոսում էր արցախյան ազատամարտի ու այդ պայքարի կարևորության ու աննախադեպության մասին, սակայն իշխանության գալուց հետո տոտալ գրոհներ է իրականցվում արցախյան հերոսամարտի գեներալների և Ղարաբաղյան շարժման գրեթե բոլոր գործիչների նկատմամբ։ Ավելին, հանուն իր քաղաքական ամբիցիաների, Փաշինյանի թիմը մի քանի անգամ հրապարակավ հայտարարեց, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ու բացահայտ սահմանադրական կարգի տապալման գործընթացը, որը նա բնորոշում է որպես «թավշյա հեղափոխություն», հայ ժողովրդի կարևոր ձեռքբերումն է և այն Արցախի գոյամարտին հավասար է, անգամ՝ առավել։

Այստեղ պետք է մի պահ կանգ առնել և փորձել գնահատականներ տալ ու հասկանալ, թե արդյո՞ք Փաշինյանն անկեղծ է իր արտահայտած գաղափարներով, և հղած ուղերձներով, թե՞ հերթական անգամ, իրեն բնորոշ մանիպուլյացիա է անում՝ տեղի ունեցածը սեփական քաղաքական կուրսին համապատասխան դասավորելու նպատակով։ Ասվածին ամբողջական պատկեր տալու համար տեղին է հիշել Նիկոլի այն պնդումը, թե «Արցախում որոշ ուժեր դավադիր պատերազմ են հրահրում և փորձում են սադրանքի միջոցով ապակայունացնել իրավիճակը»։ Մեկ տարուց ավել հնչած այս մտքի հետ կապված բազմաթիվ հարցադրումներ ու մեկնաբանություններ եղան, սակայն Փաշինյանը «կռուտիտի» շնորհիվ փորձեց խուսափել թեմայի հետ կապված որոշակիացում մտցնելուց և հարցը թողեց օդում կախված։ Հայտնի է այն փաստը, որ Փաշինյանը դավադրությունների տեսության և տարբեր կոնսպիրոլոգիաների սիրահար է, և հենց այդ շարքից էր նրա այն պնդումը, թե «ոմանք Արցախը փորձում են դարձնել հակահեղափոխության օջախ»։ Սա բավականին նաիվ պատկերացում է այն առումով, որ նա բոլորին չափում է իր արշինով և յուրաքանչյուր հանդիպման և այցի տակ ինչ-որ անհասկանալի ու խորքային ենթատեքստեր է փնտրում։

Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դիմացինին, այլև սեփական թիմակիցներին վստահելու լուրջ խնդիր ունի, և այս փաստի հրապարակավ ականտես ենք եղել շատ անգամներ։ Իր տեսակով լինելով՝ «միայնակ խաղացող» Նիկոլի համար գրեթե անհնար է իշխանություն պահելը, քանի որ աստիճանաբար առաջանում են կազուսներ ու փակուղիներ։

Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ նոր ըկալումների ու նոր ուղերձների: Թե հատկապես ի՞նչ նոր ընկալումներ նկատի ուներ նա՝ դժվար է ասել, սակայն այն, ինչ նա կատարում է Արցախի բանակցային գործընթացի հետ, վկայում է, որ նոր մոտեցումների ու պատկերացումների, սեփական ձեռքբերումների վերանայման տակ Փաշինյանը հասկանում է նախորդ 30 տարիներին բանակցային գործընթացում ձեռքբերած ողջ զինանոցը քամուն տալը, ֆեյք պնդումների առաջ քաշումը, Ադրբեջանի պարտվողական նախկին դիրքին շոշափելի բարելավում տալը, ամեն ինչում նախկին իշխանություններին մեղադրելը, Սերժ Սարգսյանին պարտվողական կեցվածք ունենալու ու «վիզծուռ քաղաքականություն վարելու մեջ» մեղադրելը և շատ այլ նմանօրինակ մերկապարանոց պոպուլիստական պնդումներ։
Ըստ էության՝ Փաշինյանը չունի Արցախի հարցում հստակ մոտեցում և ոչ մի գաղափարական կոնցեպտ, ինչի մասին են վկայում նրա կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցրած իրարամերժ պնդումները։

Նա խոսում է ազգային մտածելակերպի փոփոխության մասին։ Այս մասին լսելով՝ զարմանալիորեն հիշեցի Ջոն Բոլթոնի այն միտքը, թե «հայ ժողովուրդը պետք է մոռանա և այլևս չառաջնորդվի դարեր շարունակ գոյություն ունեցող կարծրատիպերով»։

Արդյո՞ք Փաշինյանն իր այս ուղերձով բացահայտ ակնարկներ չի անում Արցախի հարցի, և ոչ միայն, առաջիկայում սպասվող նոր զարգացումների ու գործընթացների հետ կապված։ Արցախի հարցի կարևորության մասին անընդհատ խոսացող Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության ներկայացուցիչների կողմից ոչ մի հոդաբաշխ մեկնաբանություն չեղավ վերջերս Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության վերաբերյալ՝ բացի մերկարպարանոց ու ջղաձիգ այն պնդումներից, թե չկա բանակցվող փաստաթուղթ և ժողովրդին ուղղված հորդորից, թե հավատան բացառապես ՀՀ ԱԳՆ կողմից տարածվող ռելիզներին, այլ բանի ականատես չեղանք (ի դեպ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որևէ մեկը չհերքեց Լավրովին, չհայտարարեց, թե նա կեղծ տեղեկատվություն է տարածել)։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս