Բաժիններ՝

«Իրեն հարգող որևէ տուրիստ չի գալու լոուքոսթերով և քո երկրում ներդրումներ անի». Նավիկ Խաչատրյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն օրերս անդրադառնալով տեղական ավիափոխադրող ունենալու խնդրին՝ նշեց, որ չենք կարող մրցակցել այլ ընկերությունների հետ, որովհետև կան հսկայական ընկերություններ, որոնց հետ դժվար թե հնարավոր լինի մրցել: Հակոբյանը բարձր է գնահատել  Քաղավիացիայի կոմիտեի գործելաոճը՝ նշելով, որ քաղաքացիները կարող են 60 եվրոյով թռչել Եվրոպա:

168.am-ի հետ զրույցում ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանն արձագանքելով նախ տեղական ավիափոխադրող ունենալ-չունենալու պնդմանը՝ ասաց, որ ազգային կամ տեղական փոխադրող ստեղծելու համար երկու պայման է պետք. առաջին՝ ստեղծման գործին լծվողը պիտի լինի հայրենասեր, իսկ հայրենասիրությունը չպետք է սահմանափակվի հայտարարությամբ, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», կամ՝ պրոռուսական չենք, պրոարևմտյան չենք, այլ պրոհայկական, ինչն իրականում ուղղակի դեմագոգիկ խոսքեր են:

«Անկախության այն ատրիբուտը, որը հանդիսանում է ազգային ավիափոխադրողը կամ դրոշակակիրը, դրանք նույն բաներն են, քանի որ ազգային մենք ենք ասում, բայց բոլոր երկրներն ունեն դրոշակակիր ավիաընկերություն, հիմա դա ունենալու համար  պետք է նախ՝ քաղաքական կամք: Այսինքն՝ գնահատել ազգային ավիափոխադրող ունենալը՝ ինչպես զարգացած և զարգացող շատ երկրներ, ունենալ հայրենիքին նվիրված և այն սիրող մարդիկ:  Ինչ վերաբերում է պատգամավորի խոսքին, թե մենք այդքան ուժ չունենք, դա բացարձակ այդպես չէ: Նույնն ասում է նաև Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը: Այո, տեղական փոխադրող ստեղծելը հեշտ բան չէ, ինչպես նաև՝ ամեն մարդու բան չէ:  Դա կապված է մասնագետ կադրեր ունենալու, դրանց մեջ գեներացիա անելու և լավագույններին ընտրելու, պետության կողմից անվերապահ աջակցություն ցուցաբերելու, հմուտ ավիացիոն կադրերի փոքր խմբի կողմից համակարգելու, ընդհանուր ղեկավար կազմով ճիշտ բիզնես պլան մշակելու հետ: Եվ պետք չէ խորշել դժվարություններից, մեծածավալ աշխատանքներից, պետք է հայրենասիրություն դրսևորել,  երկրի համար առավելագույնն անել, ոչ թե ասել՝ չէ, մենք թույլ ենք, ունակ չենք աշխատելու, մրցակցելու, մեզ պետք չի ավիափոխադրող, հանկարծ կսնանկանանք, մեր վարկանիշը կընկնի ավիացիայում: Տարիներ շարունակ նման անհիմն պատճառաբանություններով այս թեման փակվում և դրվում է դարակի մեջ։  Իհարկե, կարելի է ստեղծել և շահագործել տեղական ավիափոխադրող, իհարկե, անհրաժեշտ է ժամանակ, աշխատուժ և էներգիա ներդնել։ Եթե իշխանությունը փոքրիշատե ցանկություն հանդես բերի նման բան կազմակերպելու մեջ, անմիջապես իմ ասած կադրային բազան կհայտնվի իշխանության կողքին, որովհետև դեռ կան ավիացիա ստեղծող պետքական ուժեր, որոնք կմիավորվեն այդ գաղափարի շուրջ»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Ավիացիոն փորձագետի խոսքով՝ ավիացիայի կամ քաղավիացիայի ոլորտում հարկավոր են համակարգային փոփոխություններ, այն է՝ ավիացիայի մասին օրենքի փոփոխություն, «բաց երկնքի» քաղաքականության վերանայում, կոնցեսիոն պայմանագրի ուսումնասիրություն և վերաիմաստավորում, այլ երկրների (ես կասեի՝ բոլոր իրենց հարգող և անկախ երկրների) ավիացիոն փորձի ուսումնասիրություն, համաշխարհային ավիացիոն ներկա տենդենցների ուսումնասիրություն։

«Այս ամենն առանց տրտնջալու և բարձր մակարդակով կանեն իմ նշած հայ ավիացիոն կադրերը, կշտկեն բոլոր առկա թերությունները, երբ իրենց վերևից իջեցվի հրահանգ-խնդրանք նման ծրագիր մշակելու մասին»,- պնդեց Խաչատրյանը:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ 60 եվրոյով Եվրոպա թռչելու հնարավորությունը մեծ հաջողություն համարելուն, ավիացիոն փորձագետը նշեց, որ այդ մարդկանց քանակը խիստ սահմանափակ է, ինչը ռեալ օգուտ բյուջեին չի տալու:

«Իրեն հարգող որևէ տուրիստ չի գալու լոուքոսթերով և քո երկրում ներդրումներ անի: Այսինքն՝ ներդրում անողը երբեք չի նստի լոուքոսթեր: Պետք է սովորական քաղաքացիները վերջապես տեղեկանան, որ Ryanair-ը, Wizz Air-ը գործում են ՀՀ ամբողջ ուղևորափոխադրումների միայն 20%-ի մեջ, գումարած` լոուքոսթերով Հայաստան եկած տուրիստը, որն ամեն ինչի մեջ խնայում է, չի գալու 5-աստղանի հյուրանոցում մնա և թանկանոց ռեստորաններում ճաշի, նա մեր բյուջեի համար շատ աննշան գումարներ կծախսի, դրանով երբեմնի՝ փառահեղ,  իսկ հիմա՝ հիմնահատակ ավերված հայկական ավիացիան չի զարգանա»,- ընդգծեց փորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս