TRIPP-ն իրականում միտված է Միջին Ասիայից 2-րդ Ուկրաինա դարձնելուն․ Հրանտ Միքայելյան

TRIPP նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար. այս մասին ԱՊՀ խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն այս առնչությամբ հստակ դիտարկում ունի՝ TRIPP-ի մասին փաստաթղթերի նախաստորագրումից հետո մենք առաջնահերթորեն կարող ենք խոսել ոչ թե ԱՊՀ-ի կամ ԱՄՆ-ի օգուտների մասին, այլ «Զանգեզուրի միջանցք»-ի ռիսկային հեռանկարը մեզ ավելի մոտեցնելու մասին։

«Գործընթացը հետևյալն է՝ Ադրբեջանը պահանջում է 1,2,3,4․․․, իսկ Փաշինյանը  երբեմն՝ իր ցանկությամբ, երբեմն՝ ճնշումներից հետո, կատարում է նրա պահանջները,- 168am-ի հետ զրույցում մանրամասնեց Հրանտ Միքայելյանը՝ նկատելով, որ այս անգամ ևս Ալիևը միակողմանիորեն բավարարում է սեփական պահանջները,- Ստանում է միակողմանի ճանապարհներ, որևէ բան չի վճարելու, որպեսզի ապրանքներ տեղափոխի։ Աշխարհաքաղաքական կոնտեքստում՝ TRIPP-ն իրականում միտված է Միջին Ասիայից 2-րդ Ուկրաինա դարձնելուն։ Սա է այս նախագծերի իրական նպատակը, հակամարտությունն այդտեղ տեղափոխել, ինչը կարծեք հետևողականորեն իրականացվում է»։

Այսինքն՝ ԱՊՀ երկրները չե՞ն շահի՝ հստակեցմանն ի պատասխան՝ քաղաքագետը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի՝ «TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ» ձևակերպումը։

«Կշահի, Ադրբեջանը,- հավելեց նա, ապա անդրադառնալով դիտարկմանը, թե մյուս պետությունները հատման կետ չունե՞ն, հավելեց,- ԱՊՀ երկրների շարքում են Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Ղազախստանը։ Նրանց Թուրքիան փորձում է ներքաշել պանթյուրքիստական նախագծերի մեջ։ Եթե այդ երկրները Թուրքիայի հետ հարաբերությունները դիտարկում են որպես հնարավոր տնտեսական և տեխնոլոգիական զարգացման աղբյուր, ապա Թուրքիայի համար նրանք ուղղակի իր ցանցի շարունակությունն են և դառնալու են իր աշխարհաքաղաքական տարածության մաս։

Իրական շահերի տեսանկյունից այս երկրները հաստատ չեն շահելու, բայց ամեն դեպքում, դա իրենց մատուցվում է այնպես, թե իրենց շահերից է բխում»։

Նկատառմանը, որ վաշինգտոնյան փաստաթուղթը նաև Գաբալայում համաթյուրքական համատեքստի մաս ներկայացվեց, Հրանտ Միքայելյանն արձագանքեց, որ Հայաստանի իշխանություններն աջակցում են հենց այդ մոտեցմանը։

«Ժամանակին ՀՀ գործող իշխանությունները մոտավորապես ասացին՝ ինչո՞ւ են թուրքերը փորձում կառուցել միջանցք իրենց համար՝ միավորվելով մեր դեմ․ մենք կմասնակցենք և իրենց կօգնենք։

Մեկ այլ նմանատիպ հայտարարություն էլ արեց Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր Սյունիքով անցնող ճանապարհով զենք-զինամթերքի տեղափոխության հնարավորության մասին։

Սա է իրականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս