Քաղաքացիները Կառավարության թույլտվության դեպքում կկարողանան փոստային առաքման միջոցով ստանալ Հայաստանում չգրանցված դեղեր
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նշենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ապրիլի 4-ին խորհրդարանն արդեն ընդունել է:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է թույլատրել անձին փոստային առաքման միջոցով ևս ստանալ դեղեր, քանի որ նախկինում նման կարգավորում չկար, և անձը սահմանը հատելիս միայն կարող էր իր հետ տեղափոխել դեղ:
Ըստ Սիսակ Գաբրիելյանի, միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով կարող է ներմուծվել դեղ՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:
«Այսինքն՝ այն կարգը, որով որոշում կսահմանեք, քաղաքացին կգա թույլտվություն կստանա այն դեղերի համար, որոնք Հայաստանում գրանցված չեն, կամ գրանցված են, բայց այդ պահին բազայում չկա: Միայն այդ թույլտվությունը ստանալուց հետո կգնան և Մաքսային ծառայությունից կստանան դեղը: Առաջարկվում էր տարին մեկ անգամ էլ թույլատրել առանց այդ փաստաթղթի, սակայն հետո եկանք այն եզրակացության, որ, եթե մեր թիրախային խումբը կոնկրետ այն շահառուներն են, որոնք իսկապես ունեն այն դեղորայքի կարիքը, որոնք չկան Հայաստանում, գոնե այս փուլում նպատակահարմար ենք համարում թողնել այս տարբերակը: Նաև որոշակիորեն զեղծարարությունից խուսափելու նպատակով: Առաջարկում եմ դրական եզրակացություն տալ այս նախագծին»,- հանձնաժողովի նիստում ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ օրենքի ընդունումն օգտակար կլինի, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ են արդեն դիմել իրեն և հետաքրքրվել, թե այդ օրենքը ե՞րբ է ընդունվելու:
«Մարդկանց համար կարևոր է օրենքի ընդունումը, հատկապես այս պահին, քանի որ սահմանները փակ են»,- հավելեց պատգամավորը:
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն էլ պարզաբանեց, թե քաղաքացին ինչպես կարող է ստանալ Կառավարության թույլտվությունն այս կամ այն դեղը փոստային առաքման միջոցով ստանալու համար:
Նրա խոսքով՝ այդ գործընթացն իրականացվում է բավականին պարզ ընթացակարգով՝ քաղաքացին կարող է էլեկտրոնային տարբերակով դիմել Առողջապահության նախարարությանը, և եռօրյա ժամկետում նրան կտրվի պատասխան, որից հետո կարող է մաքսազերծել ներմուծված դեղորայքը:
Հանձնաժողովը նախագծին կողմ քվեարկեց: