Կիլյունենը ողջունել է ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու ՀՀ իշխանությունների որոշումը
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ:
«Հայաստանի իշխանությունները որոշել են Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի իրավաբանական փորձագետների մարմնի կարծիքը ստանալ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, և սա շատ լավ նորություն է», – ասել է Կիլյունենը։
Նա նշել է՝ կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի դադարեցումը և կառավարության՝ կարծիք հայցելու և հարցը խորհրդարան վերադարձնելու վերաբերյալ արված ընտրությունն առավել կարևոր է ` հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն այժմ ժամանակ կունենան արտացոլելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ մինչ հետագա գործողություններ ձեռնարկելը և հասարակությանը տեղեկացնելը:
«Ես անհամբերությամբ սպասում եմ կարդալու կարծիքը և տեսնելու, թե ինչպես է այն հաշվի առնվում: Այս որոշումը Եվրախորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ է», – ավելացրել է նա: